20 մլն մարկով կվերականգնվի Արմավիրի մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը
Երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեց ԳԴՀ-ից ստացվելիք 20 մլն մարկի մասին համաձայնագիր: Այդ գումարով կիրագործվի Արմավիրի մարզի, ավելի կոնկրետՙ Արմավիր, Մեծամոր քաղաքների ու եւս 6 համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի իրականացման առաջին հատկացումըՙ 5 մլն մարկը, եղել է 1997-98 թթ.ՙ հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքում:
Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրած ֆինէկոնոմնախարար Վարդան Խաչատրյանը նշեց, որ այդ ծրագիրը կենսականորեն անհրաժեշտ է վերը նշված բնակավայրերի համար. ամեն ամառ խորանում է մարզի բնակավայրերի ջրի խնդիրը, որի հետեւանքով երբեմն առաջանում են լուրջ առողջապահական խնդիրներ (հիշենք մոտ 4 տարի առաջ մարզի Զարթոնք գյուղում բռնկված խոլերայի համաճարակը- Գ. Մ.): Ծրագրով հինգ տարվա ընթացքում կապահովվի 24-ժամյա անխափան աշխատող եւ որակյալ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգ: Տեղեկացվեց, որ 20 միլիոնը գերմանական կառավարությունը տրամադրում է «լավագույն պայմաններով», 40 տարով, 0,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով, առաջին 10 տարինՙ վճարումից ազատ: 20 մլն մարկը, փաստորեն, ԳԴՀ կառավարության կողմից տրամադրված երկրորդ խոշոր վարկն է. առաջինը ստացվել է տարեսկզբինՙ 25 մլն մարկ, Քանաքեռ ՀԷԿ-ի վերանորոգման համար:
Վերոհիշյալ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Ազգային ժողովի վավերացումից հետո: Դրանից հետո ՀՀ կառավարությունը շարունակելու է բանակցությունները գերմանական կողմի հետՙ եւս 25 մլն վարկ ստանալու Շիրակի եւ Լոռվա մարզերի բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով. առաջին փուլումՙ Գյումրու եւ Վանաձորի, երկրորդ փուլումՙ մնացած բնակավայրերի:
Գերմանական կողմից համաձայնագիրը վավերացրած ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության անդրկովկասյան տարածաշրջանի համակարգող Թոմաս Հելֆենը տեղեկացրեց, որ օգոստոսի 28-31-ը Հայաստանում գտնվելու օրերին ՀՀ կառավարության հետ քննարկում են տարածաշրջանային համագործակցության խնդիրներՙ բնապահպանական, առողջապահական եւ այլն: Թե ինչպիսի՞ համագործակցության ծրագրերի, ասենքՙ հայ-ադրբեջանական, կարող է օժանդակել Գերմանիայի կառավարությունը, պրն Հելֆենը չկարողացավ պատասխանել. միայն նշեց, որ դրանց գոյության դեպքում գերմանական կողմն ի վիճակի է արագ արձագանքել ու ընթացք տալ:
Գ. ՄՈՒՔՈՅԱՆ