Ինչը չի կարելի ասել հայ հասարակության մասին, որը, որոշ տեսաբանների կարծիքով, վերջին տարիներին սովորել է արյունահեղությունների
«Ազգն» իր երեկվա համարում, հղում կատարելով «Կալիֆոռնիա կուրիեր» թերթին, տպագրել էր տեղեկատվություն, որ գերմանական հակացլամարտական շարժումը, որն իրեն կոչում է «Նախաձեռնություն կորիդայի դեմ», հանդես է եկել ահազանգով ու կոչովՙ կասեցնելու Հայաստանում սեպտեմբերի սկզբին անցկացվելիք ցլամարտը: Տեղեկատվությունն ուղեկցվել էր դաժան ու արյունալի տեսարանների նկարագրությամբ: Նատուրալիստական այդ նկարագրությունից հետո կոչի հեղինակներն աշխարհի կենդանասերներին կոչ էին արել բողոքի նամակներ հղել Հայաստանի խորհրդարանին, Եվրոպայում հայկական դեսպանատներին եւ նույնիսկ Վատիկանՙ Հռոմի պապին:
Ինչպես եւ սպասում էինք, արձագանքները չուշացան: Նախ, երեկ առավոտյան, զարմանալի զուգադիպությամբ, CNN հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց մի ընդարձակ ռեպորտաժ Մոսկվայում օրերս անցկացվելիք ցլամարտի շուրջ հասարակական բողոքի մասին: CNN-ի տեղեկատվությամբ, մոսկվացի երիտասարդ կենդանասերները երեկ ցույցի էին դուրս եկել ընդդեմ այդ միջոցառման, քաղաքապետ Լուժկովի, որը թույլատրել էր միջոցառումը: Տեղեկացվեց նաեւ, որ հասարակական կարծիքի ճնշման տակ Մոսկվայում տեղի ունենալիք ցլամարտը տապալվել է: Նաեւ հաղորդագրություն եղավ, որ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի 2-րդը հանդես է եկել ցլամարտի վերաբերյալ իր բացասական կոչով:
Ինչ վերաբերում է հայաստանյան արձագանքներին, երեկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը եւս տարածեց մամլո հաղորդագրություն, որտեղ անուղղակիորեն նույնպես արտահայտված է Հայաստանյայց եկեղեցու բացասական վերաբերմունքը Երեւանում անցկացվելիք ցլամարտի առնչությամբ: Մայր Աթոռը պաշտոնապես հերքում է նաեւ լուրերը, թե իբր ցլամարտի անցկացումը որեւէ կապ ունի 1700-ամյակի սեպտեմբերյան տոնակատարությունների հետ (ինչը եղել է միջոցառման որոշ գովազդներում):
Համակարգը երեկ տարածեց նաեւ Էջմիածնի պաշտոնական կարծիքը ցլամարտի վերաբերյալ: «Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում եւ չի սատարում զվարճանքային այնպիսի միջոցառումները, որպիսիք արյունալի տեսարաններ են մատուցում զանգվածներինՙ հիմնովին խաթարելով հատկապես մանուկների, պատանիների եւ երիտասարդների հոգեւոր կերտվածքը, ձեւախեղելով քրիստոնեական բարոյականության եւ քրիստոնեական կենսակերպի չափանիշները», նշված է հաղորդագրության մեջ:
Մեր կողմից տեղեկացնենք. երեւանյան ցլամարտն անցկացվելու է սեպտեմբերի 7-ին, 8-ին եւ 9-ին, եւ դժվար է ասել, թե Հայաստանում, Մոսկվայի օրինակով, առաջիկա 10 օրում ծնունդ կառնի՞ կենդանասերների շարժում:
Հասարակական կարծիքը ճշտելու նպատակով դիմեցինք տարբեր լրատվամիջոցների 5 լրագրողների, որոնցից երեքի պատասխանները բացասական էին, երկուսինըՙ դրական, գրեթե նույն համամասնությունը նկատվեց նաեւ փողոցներում մեր պատահական հարցումների արդյունքում: Այսպես, օրինակ, Ազգային ռադիոյի մեկնաբան Արմեն Վարդանյանի կարծիքով ցլամարտը, գոնե այս տարի, երբ տոնվում է 1700-ամյակը, չպիտի անցկացվեր: Իսկ «Հայլուրի» թղթակից Տաթեւիկ Բաղդասարյանը պատրաստ է դիտել ցլամարտՙ հասկանալու համար, թե «ի՞նչն էր ցլամարտում այդպես գրավել Հեմինգուեյին»: «Ինտերֆաքսի» հայաստանյան թղթակից Տիգրան Հովհաննիսյանը համարում է, որ ցլամարտը մեր ազգային հատկանիշներից է բխում. «Մեր խառնվածքը համապատասխանում է իսպանական խառնվածքին»: «Հայկական ժամանակից» Հայկ Գեւորգյանն էլ, որը պատրաստվում է սեփական աչքերով հիանալ «այդ օրիգինալ սպորտաձեւով», ավելի հեռուն գնաց. «Ինչո՞ւ հոլիվուդյան դաժան ֆիլմերի դեմ նման շարժում չկա»: Ամենատիպիկ կարծիքը, թերեւս, «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Ատոմ Մարգարյանինն էր. «Ցլամարտը մեր իրականությանը հարիր երեւույթ է, եւ մեր հասարակությունը հաճախ ապրում է ցլամարտի կանոններով: Հոկտեմբերի 27-ը մի՞թե ցլամարտ չէր: Մնում է Նաիրի Հունանյանին ու նրա խմբին բաց թողնեն հրապարակ, ինչպես գլադիատորների խմբի, որպեսզի ցուցադրեն մարդկային դաժանություններ: Այնպես որ, Հայաստանի հասարակական կարծիքը նախապատրաստված է ցլամարտի արյունահեղությանը: Վ. Սարգսյանի անվան մարզադաշտն էլ պատահական չէր ընտրված»: Դիմեցինք նաեւ վերանորոգված մարզադաշտի «կնքահորը»ՙ Սուրեն Աբրահամյանին: Վերջինիս կարծիքով, եթե տեղի ունեցող ամեն մի երեւույթի նկատմամբ մամուլն այդքան ոգեւորված արձագանքեր, «էս երկիրը շատ այլանդակություններից զերծ կմնար»: Ինչ վերաբերում է ցլամարտինՙ «ոչ մի լավ բան այդտեղ չեմ տեսնում»: Պրն Աբրահամյանը չի անհանգստանում մարզադաշտի կանաչ հողածածկույթով, քանի որ, ըստ նրա, ցլամարտի կազմակերպիչների առջեւ նախապես որոշակի պայմաններ դրվել են, փոխարենը հուսով է, որ միջոցառումից ստացված հասույթներով հնարավոր կլինի լուծել ստադիոնի առջեւ ծառացած որոշ ֆինանսական խնդիրներ:
Ցուլերը չե՞ն սպանվելու
Դիմեցինք նաեւ «Ցլամարտի» կազմակերպիչներին. «X գրուպ» կոնցեռնի նախագահ Խաչիկ Խաչատրյանն իր հերթին մեզ հետ հեռախոսազրույցում առաջարկեց, որ եթե այդպես է, աղմուկ բարձրացնենք ու արգելենք նապաստակների, շների, աղվեսների, գայլերի եւ կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների մորթիներով մուշտակների վաճառքը: Իսկ կոնցեռնի մեջ մտնող «Վալենսիա» ՀՁ-ի գրասենյակում հիշեցրին մատաղը, որի ժամանակ ոչխարը երեխաների աչքի առջեւ մորթում են, արյունը քսում նրա ճակատին, բայց չգիտես ինչու եկեղեցին ու հասարակությունը դրանից վատ չեն զգում, իսկ հայտարարված ցլամարտը, որը «մշակույթ է եւ արվեստ» եւ վերջապեսՙ համարվում է կաթոլիկ Իսպանիայի սիմվոլներից մեկը, այդքան աղմուկ կարող էր հանել:
Տեղեկացվեց, որ 12 ցուլերը գնվել, իսկ 4 մատադորները վարձվել են Մադրիդից: Բուն ցլամարտը տեւելու է 80 րոպեՙ յուրաքանչյուր շոուի ժամանակ, յուրաքանչյուր մենամարտՙ 20 րոպե: Գրասենյակում հավաստիացրին, որ ցուլերը չեն սպանվելու, թեեւ ցլամարտը լինելու է իսպանական, որտեղ, ի տարբերություն պորտուգալականիՙ ցուլերը սպանվում են հենց մարտադաշտում: Չեն լինելու դաժան տեսարաններ, իսկ արյուն, ինչպես ամեն մենամարտում, իհարկե, կթափվի: Մորթվելուց առաջ ցուլերը, ենթադրաբար, սրսկվելու են ու քնեցվելու: Սուր զգացողությունների սիրահարները չեն տեսնելու նաեւ ձիերի վայրագ սպանություններ, ինչպես նկարագրված է եղել գերմանական կազմակերպության կոչի մեջ, քանի որ, եթե ցուլերը պատվելու են կաշվով, ապա ձիերըՙ 50 կգ-անոց երկաթե զրահներով: Մատադորների կյանքին սպառնացող վտանգը եւս քիչ հավանական է, քանի որ վերջիններիս օգնության են հասնելու նրանց օգնականներըՙ մոսոները: Ցուլերի առողջությունը եւս, ըստ գրասենյակի, երաշխավորված է, քանի որ տարեսկզբից դեռ «Վալենսիան» զբաղվել է ցուլերի առողջական սերտիֆիկատների հաստատմամբ: Ցուլերը պահվելու են ապահով տեղերում, այնպես որ չի կրկնվի Մոսկվայի նախադեպը, երբ մի հիվանդ ցուլ փախել եւ մտել էր մի գյուղՙ ահաբեկելով բնակիչներին: Ստադիոնի ցուլերի անակնկալ թռիչքներից հանդիսատեսը եւս վախենալու հիմքեր չի ունենա, քանի որ դաշտը եզրափակվելու է բարձր պարիսպներով:
Մի խոսքով, ցլամարտի կազմակերպիչները շարունակում են ջանադրաբար նախապատրաստվել «այդ աննախադեպ միջոցառմանը»: Մեր ունեցած տեղեկություններով, երեկ երեկոյան «Իլ-76» ինքնաթիռով ցուլերն արդեն բերվել են Հայաստան: Շուտով վաճառքի կհանվեն շոուի տոմսերը, որոնց արժեքը 2 հազար դրամից հասնում է 15 հազարի: Լա՜վ բիզնես է:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ