Հանդիպելով Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանի հետՙ փորձեցի պարզել մարզի խմելու եւ ոռոգման ջրի վիճակը: «Եթե խոսքը սոցիալական խնդիրների մասին է, ապա պետք է ասեմ, որ շատ հարցեր կառավարությանը ի վերջո հաջողվեց լուծել տարածաշրջանում: Եթե երկու տարի առաջ գյումրեցին 5-6 ամիս թոշակ, նպաստ չէր ստանում, այսօր ժամանակացույցով ստանում է, որը մեծ հաջողություն է: Մեզ հաջողվեց լուծել նաեւ հասարակական աշխատանքների խնդիրը: Ծրագիրը, որը կոչվում է «Նպաստՙ աշխատանքի դիմաց», մարզին հատկացրեց 85 միլիոն, որից միայն Գյումրի քաղաքին բաժին հասավ 60 միլիոնը, որն էլ հնարավորություն է տալիս 600-700 ընտանիքի աշխատելու եւ քիչ թե շատ լուծելու իրենց սոցիալական հարցերը:
Խմելու ջրի խնդիրը մեր մարզում բարդ էր: 1,5 տարվա ընթացքում աշխատանքներ են տարվում մշակված ծրագրով: Հատկացված 1 միլիոնից մի քիչ ավելի ծախսվել է նոր ջրագիծ կառուցելու համար, որով հնարավոր եղավ խմելու ջուր մատակարարել Գյումրու այն թաղամասերին, որոնք զրկված էին ջրիցՙ մինչդեռ տարածաշրջանն ունի ջրի մեծ պաշարներ: Երկրորդ խնդիրը Մարալիկի տարածաշրջանի ջրամատակարարումն էր, որը նախկինում իրականացվում էր Արեւիկի պոմպակայաններով: Այսօր արդեն գործում է նոր ջրագիծ (ինքնահոս տարբերակով), որը ջուր է մատակարարում Մարալիկին եւ տարածքին: Երրորդՙ ջրամատակարարման ծրագիրը սահմանամերձ համայնքների գործն էր, որը լուծում է կարեւորագույն խնդիր Անիի տարածաշրջանում: Անիպեմզա բնակավայրը ստեղծման պահից ջուր չի ունեցել, ջուրը նրանց հասել է երկաթուղով, այնուհետեւ տակառներով: Այսօր այդ ջրագիծը մոտենում է ավարտին եւ արդեն հոկտեմբեր ամսին կաշխատի: Ներկա դրությամբ Գյումրի քաղաքը ստանում է երեք անգամ ավելի խմելու ջուր, քան պահանջվում է, սակայն հաշվի առնելով, որ խողովակաշարերը շատ հին, քայքայված եւ վթարային վիճակում են, ջրի կորուստների կասեցումը դժվարանում է: Այդ հարցում մեզ մեծ օգնություն եղավ Գերմանիայի կառավարության տրամադրած վարկը պետական ջրային ռեսուրսների կոմիտեին: 2002 թ. կսկսվի ծրագրի իրագործումը 16 մլն գերմանական մարկ արժողությամբ, եւ վերջնականապես կլուծվի այդ խնդիրը: Այս տարի շատ համայնքներ հրաժարվեցին ոռոգման ջրից: Այս տարին ջրառատ էր, բնությունը նույնպես մեզ օգնեց: Նշեմ, որ Կապսի ջրամբարն, ըստ էության, իր վրա պետք է վերցներ մարզի հիմնական ծանրությունը, սակայն դրա շինարարությունն անորոշ է, որն էլ առաջացրել է կարեւորագույն մեկ խնդիրՙ ստեղծել ոռոգման սխեմա, որի միջոցով պետք է լիարժեք ապահովել տարածաշրջանը: Մարզում ունենք 6 ջրամբար: Արթիկի ջրամբարի վերականգնման աշխատանքներն սկսվել են, որի համար պետբյուջեով նախատեսվել է 150 մլն դրամ: Գործող ջրամբարների նորոգումից հետո դա առավելագույն օգնություն կլինի:
Մեր տարածաշրջանում ոռոգման հարցում մարդու միջամտությունն անփոխարինելի է ու կարեւորագույն խնդիր: Ցավով եմ նշում, որ այս տարի 22 համայնքների տարածքներ կարկտահարվեցին, որն էլ զգացնել տվեց, թե որքան կարեւոր է մարդու միջամտությունը հակակարկտային միջոցառումներ իրականացնելու հարցում: Այդ խնդիրները բարձրացվել են թե գյուղնախարարությունում եւ թե կառավարությունում, եւ հույս ունենք, որ այդ հարցերը կլուծվեն: Արդյունաբերության համախառն արտադրանքը մարզում կազմում է 3,5 տոկոս: Տխուր է, որ մարզը լինելով Հայաստանի 1/10 մասը, շատ տխուր իրավիճակում է հայտնվել. պատճառն այն է, որ հիմնական գործող կառույցները մնացել են պետական: Այս հարցում է, որ սփյուռքի աջակցությունը կամ որեւէ սեփականատիրոջ հետաքրքրությունները պետք է թեքվեն դեպի Շիրակի մարզ, գնեն չգործող գործարանները եւ աշխատեցնելով տարածաշրջանի բնակչությանն ապահովեն աշխատատեղով: Պետության պարտավորությունները մարզի նկատմամբ իրականացվում են օր առ օր, որն էլ մեզ օգնում է լիարժեք համակարգելու մեր աշխատանքները», պարզաբանեց պրն Ֆելիքս Փիրումյանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ