«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2001-08-28 | #153, 2001-08-29 | #154, 2001-08-30


«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԹԻԱՎԱՐԵՆՔ ՀՈՍԱՆՔՆ Ի ՎԵՐ»

Վարակիչ լավատեսության, առինքնող լեզվամտածողության եւ հետաքրքիր գաղափարների տեր Երան Գույումճյանը Կիպրոսում հրատարակվող «Փարոս» երկլեզվյան (հայերեն եւ հունարեն) ամսաթերթի գլխավոր խմբագիրն է, նաեւ հրապարակագիր, որը Երեւանում էր գտնվում Համահայկական երկրորդ խաղերի առնչությամբ: Օգտվելով խմբագրություն իր այցելությունից, նրան դիմեցինք մի քանի հարցով:

- Մի քանի խոսքով, խնդրում եմ, ներկայացրեք թերթը:

- «Փարոսն» ամբողջովին անկախ ամսաթերթ է, որը լույս է տեսնում 1997-ի հոկտեմբերից: Չի հովանավորվում ոչ մի կուսակցության կամ միության կողմից: Տպագրվում է 1000 օրինակ եւ բաժանվում է ձրի: Ծախսերը ծածկվում են նվիրատվությունների հաշվին, որոնք մենք տարբեր առիթներով ստանում ենք մեր ընթերցողներից: Ունի ազգային գաղափարախոսություն: Թերթի էջերում քննարկվում են Հայ դատի, Հայաստանի եւ հայության գերագույն շահերին վերաբերող հարցեր: Լայն տեղ է տրամադրվում նոր սերնդի դաստիարակությանն ու նոր գաղափարների ծնունդին: Ձգտում ենք մշակել համահայկական մի ոգի, որը վեր ենք դասում նեղ կուսակցական կամ միութենական շրջանակներից:

- Ե՞րբ եք ստանձնել գլխավոր խմբագրի պաշտոնը, եւ, ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի լրագրող-հրապարակագիրը:

- Այդ պաշտոնը ստանձնել եմ հրատարակման երկրորդ տարուց, եւ եթե այդ շրջանում ստիպված էինք լինում երբեմն երկու համար միացնել, այժմ արդեն մեկ տարի է, ամեն ամիս կանոնավոր հրատարակվում է թերթը: Իմ խորին համոզմամբ, լրագրող-հրապարակագիրը խղճմիտ քննադատը պետք է լինի իր միջավայրի, որպեսզի դրա առաքինություններն ու թերությունները տեսնելով եւ ճիշտ գնահատելով կարողանա անաչառ ներկայացնել դրանքՙ միշտ ձգտելով, անշուշտ, վերացնել թերությունները: Այլապես չենք կարող վերակառուցվել:

- Ինչպե՞ս է թերթը նպաստում հայ-կիպրական հարաբերությունների սերտացմանը:

- Ունենալով հունարեն էջեր, որոնց պատասխանատվությունը ստանձնել է Գեւորգ Զեյթունցյանը, թերթը հասնում է նաեւ Կիպրոսի եւ Հունաստանի ժողովուրդներինՙ նպաստելով այդ ժողովուրդների եւ Հայաստանի ու հայերի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների սերտացմանը: Համայնքում գործում է նաեւ «Կիպրոս-Հայաստան» բարեկամության միությունը, որի անդամների մեծ մասը հույն նշանավոր անձնավորություններ են: Դրա նախագահըՙ դոկտ. Էլենի Թեոխարուսը, Ղարաբաղի պատվավոր քաղաքացի է: Միության կազմակերպած կարեւոր միջոցառումներից կարելի է նշել Հայաստանի հրաշք երեխաների ելույթը Կիպրոսում, Կոմիտաս քառյակի այցելությունը, Հայաստանում կիպրական շաբաթի անցկացումը եւ այլն: Մեր թերթի եւ ընդհանրապես կիպրահայ համայնքի ջանքերի շնորհիվ է, որ կառավարությունը հոգատար եւ սիրալիր վերաբերմունք ունի հայերի հանդեպ: Ինչպես գիտեք, Կիպրոսը ընդունել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, համագործակցում է Հայաստանի հետ, իսկ կիպրական խորհրդարանում մեծ հարգանք է վայելում հայ պատգամավոր Պետրոս Գալայճյանը:

- Որո՞նք են կիպրահայ համայնքի ավանդական կառույցները եւ արդյոք դրանք մնո՞ւմ են իրենց բարձրության վրա:

- Ավանդական կառույցներից ՀԲԸՄ-ն ունի իր երեք մասնաճյուղերը Նիկոսիայում, Լիմասոլում եւ Լառնակայում, որոնք իրենց գործունեությամբ միշտ առաջին շարքերում են: Գործում են ՀՌԱԿ ակումբներ եւ ՀՅԴ կոմիտեություններ: Աշխույժ է Հայ երիտասարդաց ակումբը, որն իր մեջ ընդգրկում է նաեւ «Գոյամարտ», «Հայ դատի հանձնախումբ» եւ «Հայ օգնության միություն» կազմակերպությունները: Կան նաեւ այլ ակումբներՙ «Համազգայինը» եւ նորակազմ Ստեփան Շահումյանի անվան միությունը, բայց, իհարկե, ամենակարեւորը Մելգոնյան կրթական հաստատությունն է, որը հիմնվելով Եղեռնից մի փոքր հետո, անցած 75 տարիների ընթացքում եղել է մեր ազգային վերազարթոնքի գլխավոր կրթօջախըՙ ղեկավար կադրեր պատրաստելով սփյուռքի ամենատարբեր համայնքների համար:

- Ներկա դարաշրջանի շուկայական հարաբերություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել կրթօջախի վրա:

- Մելգոնյանի ուսումնական ծրագրերը միշտ էլ համապատասխանել են միջազգային չափանիշներին, բայց ոչ երբեք հայոց լեզվի եւ հայ մշակույթի հաշվին: Համաշխարհայնացումը կամ այսպես կոչված գլոբալիզացիան ավերիչ դեր է կատարում այսօր: Անմիջական օգուտ քաղելու մոլուցքից դրդված հայ պատանին խուսափում է հայերեն սովորելուց եւ երբեմն Մելգոնյան է գալիս առանց իմանալու մայրենին: Կրթօջախն էլ, փորձելով հարմարվել նոր պայմաններին, սահմանափակել է իր առաքելությունը եւ պատրաստում է ոչ թե ղեկավար կադրեր սփյուռքի համար, այլ պիտանի անձնավորություններ գլոբալ-դեմոկրատական հասարակության համար: Մինչդեռ լիարժեք անձ դառնալու համար, իմ կարծիքով, մարդն անպայման պետք է սերտ կապի մեջ լինի իր արմատների հետ: Առաջնահերթությունը պետք է տրվի հայաճանաչմանը, այլապես աշակերտն անարմատ բույսի նման կքշվի ցանկացած հողմից: Մանավանդ սփյուռքում աշակերտը պետք է լրիվ ըմբռնի իր ազգային էությունը: Համաշխարհայնացումն ու հայկական ինքնության պահպանումը չպետք է խանգարեն մեկը մյուսին, կամ ավելի ճիշտՙ մեկը չպետք է գոյատեւի ի հաշիվ մյուսի:

- Ի՞նչ առաջարկներ ունեք այդ առնչությամբ:

- Ժամանակն է, որ մշակենք համահայկական կրթական մի ծրագիր, որն իրականացվի բոլոր համայնքներումՙ հարկ եղած դեպքում պատշաճեցնելով, անշուշտ, տեղական պայմաններին: Համահայկական կրթական ծրագիր ասելով հասկանում եմ միասնական դասագրքեր, ուսուցման եղանակներ, որոնք ծառայեն մեկ ընդհանուր գաղափարախոսության: Դրանով հնարավոր կլինի մեր երեխաներին ներարկել համազգային արժեքներՙ Հայ դատ, Վարդանանց եւ Սարդարապատի հերոսամարտեր, Սեպտեմբերի 21 եւ այլն: Դրանով նաեւ պետք է նվիրյալ ուսուցիչներ պատրաստել, որոնք կարողանան ոչ միայն հայեցի ոգի ներշնչել աշակերտներին, այլեւ, ըստ ներկա պահանջների, բացահայտեն նրանց թաքնված ընդունակությունները: Մելգոնյանը պետք է առաջնորդող դեր կատարի այս բնագավառումՙ կամուրջ հանդիսանալով դպրոցների միջեւ: Նա պետք է բոլորին առաջնորդի դեպի մեր ակունքները:

- Հնարավո՞ր եք համարում նման ծրագրի իրագործումը:

- Այո, եթե Հայաստանը ստանձնի կազմակերպչական աշխատանքների մեծ մասը: Ֆինանսավորման հոգսերը կարող են ստանձնել սփյուռքի տարբեր կազմակերպություններըՙ անշուշտ իրենց մտահղացումներով նաեւ մասնակցելով կազմակերպչական աշխատանքներին: Մենք պետք է թիավարենք հոսանքն ի վեր, մեր մտքերը բաց պահենք նորամուծությունների առաջ, բայց երբեք չհեռանանք մեր ազգային ոգուց:

- Նման հսկայական մի գործի իրականացմանն առաջին հերթին, երեւի, պետք է մասնակցի մտավորականությունը: Ինչպե՞ս եք բնութագրում մտավորականին:

- Մտավորականն այն անձն է, որ մղում է ժողովրդին ճանաչելու ինքն իրեն: Աշխարհի քաղաքական ու տնտեսական թոհուբոհում հաճախ կարող ենք ուղեկորույս լինել, մեր ազգային գերագույն շահերը կարող են մշուշապատվել: Մտավորականն է, որ մեզ պիտի առաջ մղիՙ ճշմարտությունները տեսնելով, հայտնաբերելով եւ մատուցելով մեզ: Մտավորականը ոգու ասպետն է, որ պատրաստ է ժողովրդի շահերը վեր դասել անձնականից եւ հանուն դրանց պայքարել: Մտավորականության ակտիվ մասնակցությանն առավել եւս կարիք ունենք այսօր, որպեսզի չկորցնենք մեր ճամփան, մեր ազգային ինքնությունը: Իրավունք չունենք չհավատալու մեր ճանապարհի հավերժությանը, իսկ այդ ճանապարհը լուսավորող փարոսներ պետք է լինեն մեր մտավորականները:

Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4