ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցեղասպանության հետեւանքով Հայաստանում 1914-1919 թվականների ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական վնասների հաշվեկշիռը կազմում է 19 միլիարդ 130 միլիոն 930 հազար ֆրանկ (1919 թ. Ֆրանսիայում գործող գներին համապատասխան)», ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը:
Դարասկզբին Թուրքիայի իրագործած ոճիրի հետեւանքով հայ ժողովրդի կրած կորուստների մասին ճիշտ տեղեկատվություն տալու նպատակով թանգարան-ինստիտուտը հրատարակել է մի գրքույկՙ «Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կրած կորուստները» վերնագրով: Այստեղ հեղինակը (Լավրենտի Բարսեղյան) ճշգրտված թվային տվյալներով ներկայացնում է ոչ միայն նյութական կորուստները, այլեւ Արեւմտյան Հայաստանի բոլոր նահանգների հայ ազգաբնակչության թիվըՙ մինչեւ եղեռնը ու դրանից հետո: Օրինակ, նշվում է, որ Վանում բնակվող հայերի թիվը 1914 թվականին եղել է 197 հազ., իսկ 1922 թ.-ին այդ թիվը հասել է 500-ի: Ասել է, թե միայն Վանի նահանգում տեղահանվել կամ ոչնչացվել է 196 հազ. 500 հայ:
Հայերի կրած նյութական վնասների մոտավոր հաշվեկշիռը առաջին անգամ կազմվել է դեռեւս 1919 թվականինՙ Հայ Ազգային պատվիրակության (նախագահՙ Պողոս Նուբար) եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակության (նախագահՙ Ավետիս Ահարոնյան) կողմից եւ որպես հուշագիր ներկայացվել է Փարիզի Խաղաղության վեհաժողովին:
Լ. Բարսեղյանը նշեց, որ գրքույկում հրատարակված թվային տվյալները կազմվել են յուրաքանչյուր հայ ընտանիքին հասցված վնասի հաշվարկով, մինչպատերազմյան կամ հին գների միջին արժեքի եւ 1919 թվականին գործող գների միջին արժեքի չափով, ֆրանսիական դրամանիշիՙ ֆրանկի արտահայտությամբ:
Միայն Արեւմտյան Հայաստանում նյութական վնասի չափը մոտավոր հաշվարկներով կազմում է 14 միլիարդ 598 միլիոն 460 հազ. ֆրանսիական ֆրանկ: Իսկ Հայաստանի Հանրապետության եւ Կովկասի հայաբնակ գավառներումՙ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազ. ֆրանկ: