«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2001-08-29 | #154, 2001-08-30 | #155, 2001-08-31


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԳԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

ԲԱՔՈՒ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հոկտեմբերի առաջին կեսին հերթական այցը կատարել հայ-ադրբեջանական հակամարտության տարածաշրջան: Այս մասին CNA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի կենտրոնում:

Նախնական տվյալներով, սեպտեմբերի առաջին տասնօրյակին ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից միջնորդներ Ռուդոլֆ Պերինան, Ֆիլիպ դե Սյուրմենը եւ Նիկոլայ Գրիբկովը Վիեննայում համատեղ խորհրդակցություններ կվարեն ԵԱՀԿ գործող նախագահի հետ: Ֆրանսիացի եւ ռուս դիվանագետները մտադիր են մանրամասնաբար իրենց ամերիկացի գործընկերոջը ծանոթացնել հակամարտության կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակված ամերիկացի դիվանագետ Ռուդոլֆ Ուիլյամ Պերինան մինչեւ վերջին ժամանակներս ԱՄՆ դեսպանն էր Մոլդովայում: Բակալավրի աստիճան ստանալով Միչիգանի նահանգի համալսարանում եւ մագիստրոսի ու Եվրոպայի պատմության դոկտորի աստիճան Կոլումբիայի համալսարանումՙ Պերինան 1974 թվականից աշխատել է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում Կանադայում, Ռուսաստանում, ԳՖՀ-ում, Բելգիայում եւ Հարավսլավիայում: 1987-1989 թթ. զբաղեցրել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ սոցիալիստական ճամբարի երկրների գործերի գծով տնօրենի պաշտոնը: 1996-1997 թթ.ՙ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Կանադայի հարցերի գծով գլխավոր օգնական: Գիտի ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռումիներեն եւ չեխերեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4