ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տավուշի մարզի ամենահեռավոր, Ադրբեջանի հետ սահմանամերձ Բարեկամավանից շարունակվում է արտագաղթը: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը Տավուշից, Բարեկամավանում խմելու ջրի սուր պակաս կա, բացակայում է ոռոգման ջուրը: Սակայն այստեղ արտագաղթի հիմնական պատճառը կյանքի եւ գույքի անապահովության զգացումն է, անասնագողությունները, որոնց հետքերը, իրավապահների վկայությամբ, տանում են դեպի Ադրբեջան: Գյուղի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանի վկայությամբ, այս տարի առաջին դասարան կհաճախեն 7 երեխաներ: Երիտասարդ ծնողներն իրենց երեխաների հետ լքում են գյուղը եւ, Աստղիկ Ազատյանի խոսքերով, սպասվում է, որ հաջորդ տարի ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող գյուղում առաջին դասարան չի լինի:
Օգոստոսի 28-ին Տավուշի մարզպետարանում ուսուցիչների օգոստոսյան համաժողովի ժամանակ այս մտահոգությունները, գյուղի սահմանների անապահովությունից ծնվող արտագաղթի հարցը Աստղիկ Աբազյանը բարձրացրել է, սակայն Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը սաստել է նրան: Մեր թղթակցի զրույցի ժամանակ այս միջադեպից հետո դպրոցի տնօրենը հայտնեց, որ սկսվող ուսումնական տարին իր համար Բարեկամավանում վերջինն է լինելու: Նշենք, որ դպրոցի նախորդ տնօրենը, թողնելով պաշտոնը, տեղափոխվել էր այլ բնակավայր: