Յորգուլասը երեկոյան վերադարձավ Հունաստանից
Կառավարության մի քանի զգուշացումներից, հորդորներից, պահանջներից հետո Արմենտելն, այնուամենայնիվ, թվայնացված հեռախոսակայաններում ներդրեց րոպեավճարի կիրառումը: Ինչպես հայտնել էինք «Ազգի» սեպտեմբերի 1-ի համարում, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը հատուկ հանձնարարականով դիմել էր Արմենտելի ղեկավարությանըՙ արգելելով րոպեավճարի կիրառումը: Այն եւս, փաստորեն, անտեսվեց:
Երեկ տեղի ունեցավ կապի համակարգն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային հերթական նիստը: Ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ հանրապետության ազգաբնակչության համար կապի եւ տրանսպորտի նախարարի հանձնարարական-պահանջն ավելի կարեւոր պետք է լինի, քան Արմենտելի կողմից րոպեավճարի կիրառումը: Թե կոնկրետ ինչ էր դա նշանակում, դեռեւս պարզ չէ: Սակայն ԱԺ համապատասխան հանձնաժողովը կառավարության հետ արդեն առիթ են ունեցել հայտարարելու, որ իրենք կպայքարեն ընկերության այդ նախաձեռնությունը կասեցնելու համար, որի իրավունքն, ի դեպ, կառավարությունը 60 լիցենզիայի հետ փաստորեն վաճառել էր հունական OTE ընկերությանը:
Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ հանձնաժողովի առաջիկա նիստին որոշվել է հրավիրել Արմենտելի գործադիր տնօրեն պրն Յորգուլասինՙ հարցերը համատեղ քննարկելու նպատակով: Ի դեպ, Արմենտելի հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանատուից տեղեկացանք, որ երեկ, երեկոյան ընկերության գործադիր տնօրենը Հունաստանից վերադարձել է եւ այսօր կներկայանա աշխատանքի: Նույն աղբյուրից մեր ստացած տվյալներովՙ թվայնացված հեռախոսակայաններում անխափան գործում է րոպեավճարի համակարգը: Բջջային հեռախոսների, ինտերնետ ծառայությունների եւ միջազգային հեռախոսակապի սակագների փոփոխության հարց դեռեւս չի դրվել:
Իսկ րոպեավճարի ներդրումը կանխելու նպատակով մոտակա ժամանակահատվածում կառավարության եւ ԱԺ-ի ձեռնարկելիք կոնկրետ քայլերի մասին ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ոչինչ չասաց:
Գ. Ա.