ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժանմունքը համալրվեց սիմուլյատոր կոչվող բժշկական նորագույն սարքավորմամբ: Այն հնարավորություն է տալիս հստակեցնել հիվանդության օջախի տեղակայումը եւ ապահովում է հիվանդի ճառագայթային բուժման նախապատրաստումը, մի բան, որը չունեն ներկայումս օգտագործվող ռենտգենյան ապարատները:
Մասնագետները նշում են, որ եթե հիվանդի նախաճառագայթային պատրաստումը ճիշտ է կատարվում, ինչը նոր բժշկական սարքավորման օգտագործման դեպքում հնարավոր է, բուժման արդյունավետությունը 30 տոկոսով բարձրանում է: Այն օրական կարող է սպասարկել 8-10 հիվանդի:
Նորագույն բուժսարքավորումը, որի արժեքը 800 հազար դոլար է, ձեռք է բերվել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ 1998 թվականից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ կենտրոնը ԱԷՄԳ-ի հետ իրականացնում է նաեւ 2 մլն 200 հազար դոլար արժողությամբ երկրորդ ծրագիրը, որով ձեռք կբերի էլեկտրոնային արագացուցիչ եւ համակարգչային տոնոգրաֆ: