Արդեն 7-8 տարի է, որ Հայաստանում իրենց գործունեությունն են ծավալել շուրջ 3 տասնյակ միջազգային կազմակերպություններՙ դոնոր, մարդասիրական, ընկերային, առողջապահական եւ այլն: Հայաստանում նրանցից շատերն օգտակար աշխատանք են տանում տարբեր բնագավառներում, սակայն, ինչպես նշեցին սեպտեմբերի 1-2-ը Ծաղկաձորի գրողների տանը կայացած սեմինարի ընթացքում նրանց ներկայացուցիչներից շատերը, մամուլն անհրաժեշտ չափով ու խորությամբ չի լուսաբանում նրանց գործունեությունը, այնինչ հատկապես զարգացման ծրագրերի իրականացման լայն լուսաբանումն անհրաժեշտ է հասարակությանն իրազեկ դարձնելու եւ ուսուցանելու տեսակետից: Այս տեսակետներին առարկելու որոշ կռվաններ ունեին անշուշտ մամուլի ներկայացուցիչները, ինչը քննարկման ու բանավեճերի առիթ տվեց երկու կողմի ներկայացուցիչներինՙ երկուստեք օգտակար եզրահանգումներով:
Սեմինարը կազմակերպվել էր Երեւանի մամուլի ակումբի, ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժնի Հայաստանի գրասենյակի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի կողմից: Հաջորդական 3 նիստերի ընթացքում, որոնց բացումը կատարեցին վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներ Բորիս Նավասարդյանը, Վալերի Տկաչուկը եւ Նաիրա Գեւորգյանը, սեմինարի մասնակիցներն ու հյուրերը լսեցին 6 զեկուցում, որոնց հաջորդեցին ծավալուն քննարկումներ ու բանավեճ: Ուշագրավ զեկուցումներով հանդես եկան Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի պատասխանատու Ջոն Բալյանը, ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժնի ընթերակա Արմինե Հալաջյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տեղեկատվական գծով պատասխանատու Գոհար Ավագյանը եւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց միջազգային կազմակերպությունների գործունեության մասին հայաստանյան լրագրողների շրջանակում անցկացրած հարցման արդյունքները: Քննարկումներում առավել աշխույժ էին հայտնի հրապարակախոս Վալերի Այդինյանը, «Գոլոս Արմենիի» թերթի աշխատակից Մարինա Գրիգորյանը, Բաց հասարակության ինստիտուտից Լարիսա Մինասյանը, «Նոյյան տապան» գործակալությունից Սամվել Խաչատրյանը, ԵՄԱ-ից Էլինա Պողոսբեկյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ անշուշտՙ զեկուցողները: Երկուստեք հնչեցին գործելաձեւի, մոտեցումների, պրոֆեսիոնալիզմի եւ այլ կարգի թերություններ: Արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների դժգոհությունը հիմնականում վերաբերում էր հայաստանյան մամուլի հարցերին մակերեսայնորեն մոտենալու փաստին, մինչդեռ մամուլի ներկայացուցիչներն ընդդիմախոսներին ցույց էին տալիս հասարակական կարծիքի տեսակետից նրանց գործունեության անհետաքրքրականությունը:
Եզրակացությունը մեկն էրՙ շուկան է որոշում մեր մամուլի, հետաքրքրությունների սահմանները, իսկ հայաստանյան մամուլն իր ֆինանսական սուղ միջոցներով գրեթե ամբողջովին ենթակա է շուկայի թելադրանքին: Հետեւաբար անհրաժեշտ է երկուստեք աշխատել հասարակության համար ավելի ընկալի դարձնելու իրենց գործունեությունը:
Ս. Դ.