Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանը, Մեխակ Գեւորգյանը եւ ՀՎ գրասենյակի աշխատակից Կարեն Կակոյանն այցելեցին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Վահան Թեքեյանի անունը կրող թիվ 6 միջնակարգ դպրոց, որտեղ, մասնակցելով կրթօջախի սաների կազմակերպած նոր ուսումնական տարվա առաջին օրվան նվիրված միջոցառմանը, ՀՌԱԿ ՀՎ-ի կողմից առաջին դասարանցիներին նվիրեցին դպրոցական պայուսակներՙ իրենց անհրաժեշտ գրենական պիտույքներով: Շնորհավորելով դպրոցի աշակերտներին եւ ուսուցչական անձնակազմին նոր հազարամյակի առաջին ուսումնական տարվա կապակցությամբ, ՀՎ անդամ Գառնիկ Հովակիմյանը նշեց, որ ՀՌԱԿ-ը կարեւոր արժեքներից է համարում հասարակության կրթությունը եւ նրա կենսամակարդակի բարձրացումը:
Դպրոցականներին լավատեսություն հորդորելովՙ Մեխակ Գեւորգյանը ցանկացավ նրանց ուսման մեջ հասնել մեծ հաջողությունների, խորը գիտելիքների ձեռքբերումների եւ համոզմունք հայտնեց, որ նրանք իրենց ավանդն ու ներդրումը կունենան բարգավաճ հայրենիք կառուցելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ՀՌԱԿ անդամներին նվիրատվության համարՙ դպրոցի տնօրեն Վոլոդյա Մարտիրոսյանն ասաց, որ դպրոցում սովորում է 203 աշակերտ, եւ այն համալրված է բարձրակարգ մանկավարժներով: Դպրոցում միակ դժվարությունը տարածքային չափերի անբավարարությունն է: Վոլոդյա Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ առաջիկայում սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ դպրոցի համար կկառուցվի նոր շենք, որը հնարավորություն կընձեռի ավելի շատ աշակերտներ ընդունել: Միջոցառման ավարտից հետո, արդեն ըստ ավանդույթի, տնօրենի նախաձեռնությամբ բոլոր առաջին դասարանցիները մկրտվեցին քաղաքի Սբ. Սարգիս եկեղեցում: