Հայաստանի Հանրապետության բարձրագույն դպրոցը, Երեւանի պետական համալսարանը մեծ կորուստ ունեցան: Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացավ ԵՊՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ռաֆայել Խաչատուրի Մաթեւոսյանը:
Ռ. Մաթեւոսյանը ծնվել է 1942 թ. հունիսի 22-ին Լենինականում (այժմՙ Գյումրի) քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1959 թ. ավարտելով ծննդավայրի թիվ 20 միջնակարգ դպրոցըՙ մինչեւ 1962 թ. կատարել է զանազան աշխատանքներ, եղել Լենինականի դարբնոցամամլիչային գործարանի կաղապարող, որից հետո մի կարճ ժամանակով տեղափոխվել է Կրասնոյարսկ, ուր աշխատել է որպես բանվոր, ապա վերադարձել եւ աշխատանքի է անցել Լենքաղսովետի գործկոմի ճարտարապետական բաժնում, այնուհետեւ «Հայպետնախագծի»ՙ Լենինականի ճարտարապետական արվեստանոցում:
Ռ. Մաթեւոսյանը 1962 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1967-ին, այնուհետեւ ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Լատինական Ամերիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ եւ 1973 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1984 թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
1968-70 թթ. Ռ. Մաթեւոսյանն անցել է ստաժավորում Հավանայի (Կուբա) համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Ուսանողական տարիներից սկսած գործուն մասնակցություն է ունեցել միջազգային համաժողովներին եւ հատկապես լայն աշխատանք է ծավալել Երեւանի պետական համալսարանի միջազգային կապերի զարգացման ուղղությամբ: Նա մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների եւ այլ միջոցառումներիՙ նվիրված Լատինական Ամերիկային:
Ռ. Մաթեւոսյանը ԵՊՀ-ում աշխատել է 1973-ից, սկզբում որպես ռեկտորի օգնական, միաժամանակՙ «Երիտասարդ գիտաշխատող» եւ «Երեւանի համալսարան» հանդեսների պատասխանատու քարտուղար եւ Հայաստանի բուհերի ռեկտորների խորհրդի գիտքարտուղար: Այնուհետեւ նա ղեկավարել է ԵՊՀ գիտատեխնիկական ինֆորմացիայի բաժինըՙ զբաղեցնելով նաեւ քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտի պաշտոն: Իսկ 1981-ից մինչեւ կյանքի վերջը ԵՊՀ միջազգային կապերի գծով պրոռեկտորն էր եւ միջազգային հարաբերությունների պատմության ու տեսության ամբիոնի դոցենտ:
Ռ. Մաթեւոսյանը բարձրագույն դպրոցի նվիրյալ աշխատող էր: Նա շատ բան է արել Երեւանի պետական համալսարանի միջազգային կապերի ընդլայնման եւ նրա հեղինակության բարձրացման համար: Հատկապես վերջին տասնամյակում մեծ է նրա ներդրումը մեր մայր կրթօջախի եւ աշխարհի շատ առաջատար համալսարանների միջեւ գիտամշակութային կապեր հաստատելու ուղղությամբ: Այդ ասպարեզում Ռ. Մաթեւոսյանի կատարած աշխատանքը եղել է բավական արդյունավետ, որի համար եւ արժանացել է մի շարք երկրների բարձրագույն պարգեւների ու շքանշանների:
Ռ. Մաթեւոսյանը կարողանում էր վարչական աշխատանքը զուգակցել գիտամանկավարժական գործունեության հետ: Նա համալսարանի տարբեր ֆակուլտետներում դասախոսում էր տնտեսագիտության դասընթացներ եւ միջազգային հարաբերությունների պատմություն ու տեսություն եւ խոր գիտելիքներ էր հաղորդում ուսանողությանը: Դրան զուգահեռ զբաղվում էր գիտահետազոտական աշխատանքով, որի արդյունքն են վեց տասնյակից ավելի գիտական հոդվածներն ու ուսումնասիրություններըՙ նվիրված Լատինական Ամերիկայի երկրների տնտեսության ու քաղաքականության հիմնախնդիրներին, ինչպես նաեւ բարձրագույն կրթության հրատապ խնդիրներին վերաբերող մի քանի տասնյակի հասնող հրապարակումները:
Հանրապետության բարձրագույն դպրոցի նվիրյալի, բանիմաց ղեկավարի, միջազգային կապերի հմուտ գիտակի, լուսավոր ու պայծառ մարդու, սիրված դասախոսի ու ազնիվ գործընկերոջՙ Ռաֆայել Մաթեւոսյանի անժամանակ մահը մեծ կորուստ էր եւ խոր վիշտ է պատճառում բոլորիս: Նա դեռ շատ անելիքներ ու ծրագրեր ուներ, որ մնացին կիսատ: Նա նաեւ նվիրված հայր էր, ամուսին ու սրտամոտ ընկեր, որի պայծառ կերպարը եւ հիշատակը երկար կմնան իր հարազատների, մտերիմների ու սաների հիշողության մեջ:
ՀՀ բարձրագույն դպրոցի աշխատողները, Երեւանի պետական համալսարանի ողջ կոլեկտիվը խորապես վշտացած են Ռ. Մաթեւոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ եւ խոր կսկիծով վշտակցում են նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Ռաֆայել Մաթեւոսյանի հոգեհանգիստըՙ սեպտեմբերի 4-ին, ժ. 18:00-ին, Երեւանի Այգեստան 9-րդ փողոցի 69 շենքի 18 բնակարանում:
Հուղարկավորությունըՙ սեպտեմբերի 5-ին, ժ. 15:00-ին, Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքից:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ