Նոր Հաճընում գտնվող ադամանդագործական այս խոշոր ձեռնարկության համար տհաճ իրավիճակ է ստեղծվել: Վտանգված են ներդրումային ծրագրի իրականացումը եւ Ռուսաստանից ստացվող ալմաստի հումքի քվոտաների մեծացման հնարավորությունը: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տագնապով հայտարարեցին «Շողակնի» գործադիր տնօրեն Սերգեյ Գասպարյանը, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ակնագործության եւ ոսկերչության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը, Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը:
Երբ գործարանի սեփականատեր դարձավ իսրայելական LLD ընկերությունը, դադարեցվեց մինչ այդ գոյություն ունեցող ձեռքի եւ սեղանի սրճեփի արտադրամասերի գործունեությունը, քանի որ դրանք որեւէ առնչություն չունեին հիմնականՙ ադամանդի արտադրության հետ: Բնականաբար, կրճատվեցին այդ արտադրամասերում աշխատողների հաստիքները, նրանց առաջարկվեց այլ աշխատանք: Կրճատվածների թվում էր նաեւ սրճեփի արտադրամասի հսկիչ Կարինե Հովհաննիսյանը, որը դիմել էր դատարան: Դատարանը որոշում է պարտավորեցնել «Շողակնի» տնօրինությանն ազատված աշխատակցին վերականգնել կամ տրամադրել այլ, համարժեք աշխատանք, վճարել հարկադիր պարապուրդի համար: Ձեռնարկության ղեկավարությունը կատարում է դատարանի որոշումը, վճարում հարկադիր պարապուրդի համար եւ առաջարկում այլ աշխատանք: Կարինե Հովհաննիսյանին առաջարկվում է հավաքարարի աշխատանք (հսկիչի եւ հավաքարարի աշխատանքը համարվում է նույնՙ բանվորական աշխատանքը): Սակայն Կարինե Հովհաննիսյանը հրաժարվում է այս աշխատանքից: Այս ամենի մասին, ըստ Սերգեյ Գասպարյանի, տեղյակ է պահվել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան, որտեղից մի քանի ամիս այլեւս ոչինչ չի ստացվում: Սակայն այս տարվա հունիսին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում «Շողակնի» գործադիր տնօրենի դեմ, որտեղ նա մեղադրվում է դատարանի վճիռը դիտավորյալ չկատարելու մեջ: Եվ վերջապես մի քանի օր առաջ Կոտայքի մարզի դատախազությունը Սերգեյ Գասպարյանին մեղադրանք է առաջադրում եւ որպես խափանման միջոց ընտրվում է ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Առաջին հայացքից անմեղ եւ ոչ այնքան կարեւոր այս որոշումը, սակայն, ամենեւին էլ այդպիսին չէ, չխոսելով այն մասին, որ նման խափանման միջոցի անհրաժեշտության կարիքը չկար:
Հայտնի է, որ Հայաստանն իր ադամանդագործական ձեռնարկությունների համար միջպետական պայմանագրով Ռուսաստանից պետք է ստանա 300 հազար կարատ ալմաստի հումք, որի մոտ 1/10-ըՙ 33 հազար կարատը «Շողակնին» տրամադրվելիք չափաբաժինն է: Մատակարար ընկերությանՙ ռուսական «Ալռուսայի» հետ «Շողակնը» բանակցություններ է վարել, եւ որեւէ փաստաթուղթ ստորագրելու իրավունք ունի միայն գործադիր տնօրենը: Սեպտեմբերի 6-ին նա պետք է հանդիպեր ռուսական ընկերության ներկայացուցչի հետՙ «Շողակնին» հասանելիք ամբողջ հումքը մինչեւ սեպտեմբերի 15-ը ստանալու համար վերջնական պայմանագիր ստորագրելու նպատակով: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման պատճառով այդ հանդիպումը, ըստ գործադիր տնօրենի, չի կայանա: Այսինքնՙ 6 մլն դոլարի ներդրումային ծրագիրը կհայտնվի տապալման եզրին: Այս փաստից խիստ անհանգստացած է նաեւ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, որի ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը նշեց, որ դա կարող է դժվարություններ առաջացնել Ռուսաստանից նոր ալմաստի հումքի ստացման միջպետական բանակցությունների ժամանակ: Ներկայիս քվոտան հաջողվել է ստանալ երկարատեւ բանակցություններից հետո: Եթե այժմ չկարողանանք այն ամբողջությամբ մշակել, ապա Ռուսաստանում մեզ որպես գործընկերոջ լուրջ չեն ընդունի:
Նոր Հաճընի քաղաքապետը եւս իր մտահոգությունը հայտնեց «Շողակնում» ստեղծված իրավիճակի առթիվ, տեղեկացնելով, որ այս ձեռնարկությունը, բացի պարտաճանաչ հարկատու լինելուց, բազմաթիվ սոցիալական ու բարեգործական ծրագրեր է իրականացնում քաղաքում եւ ամենակարեւորըՙ ապահովում աշխատատեղեր: «Եթե ձեռնարկության սեփականատերը որոշի դադարեցնել գործարանի աշխատանքը, ո՞վ է պատասխանելու այդ մարդկանց», հարցնում է քաղաքապետը:
Ինչ վերաբերում է LLD-ի ստանձնած պարտավորություններին, ըստ «Շողակնի» ներկայացուցիչների, դրանք կատարվում են առաջանցիկ տեմպերով: Անցած 1 տարվա ընթացքում ստեղծվել է 550 աշխատատեղ, կատարվել է 1 մլն դոլարից ավելի ներդրում: Նախատեսված 3 հազար կարատի փոխարեն մշակվել է 6 հազար կարատ, 150 դոլար միջին աշխատավարձի փոխարեն վճարվում է 160 դոլար: Գործարանն աշխատել է անգամ ադամանդի միջազգային գների անկման ամիսներին: Ի դեպ, այստեղ իրավիճակն արդեն կայունանում է: Դա, ի պատասխան մեր հարցի, հավաստեցին ինչպես գործարանի տնօրենը, այնպես էլ ակնագործության եւ ոսկերչության վարչության պետը: Այնպես որ, պահը շատ հարմար է մեր տնտեսության թերեւս ամենակայուն ճյուղի հետագա զարգացման համար: Սակայն դա կարծես թե այնքան էլ չի հետաքրքրում դատախազության եւ դատարանի աշխատակիցներին, ովքեր դժվար թե նմանատիպ վճիռներ կայացնեին, եթե Կարինե Հովհաննիսյանը լիներ ոչ թե գործող եւ շահույթ ստացող ձեռնարկության, այլ որեւէ բյուջետային կամ սնանկացած հաստատության աշխատակից.
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ