Աղետի գոտում արձանագրվել են շիննորմերի խախտումներ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աղետի գոտում իրականացվող շինարարության որակի ստուգման ընթացքում ՀՀ Քաղաքաշինական պետական տեսչության կողմից արձանագրվել են շիննորմերի խախտման մի շարք դեպքեր: Ինչպես հայտնեց տեսչության մամլո քարտուղար Նվեր Նալբանդյանը, Գյումրու Երեւանյան փողոցի 159 եւ 105 բնակելի շենքերի ամրացման, թիվ 1 գիշերօթիկ դպրոցի եւ թիվ 6 դպրոցի մարզադահլիճի, Շիրակ եւ Սարագյուղ գյուղերի դպրոցների շինարարության ընթացքի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ գրեթե բոլոր դեպքերում կառուցապատելիս օգտագործվել են նախկինում օգտագործված շինանյութերՙ հեծաններ, սալեր, ամրաններ եւ այլն: Որոշ դեպքերում հայտնաբերվել են նաեւ նախագծային խախտումներ. բացակայել են շինթույլտվությունը եւ փորձաքննության եզրակացությունը:
Ըստ Ն. Նալբանդյանի, շիննորմերի խախտում թույլ տված բոլոր տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են 300 հազարական դրամ տուգանքի: Կասեցվել է նաեւ վերջինների շինարարության իրականացման արտոնագրի գործողությունը: