Սեպտեմբերի 1-ին Արցախի 162 հանրակրթական ուսումնական հաստատություններում կրկին հնչեց դպրոցական զանգը: Այս տարի նոր կրթօջախներ են բացվել միայն Ասկերանի շրջանումՙ ութամյա դպրոց Դաշաշենում, տարրականՙ Ռեւում եւ մեկ մասնաճյուղՙ Խրամորթի միջնակարգ դպրոցին կից: Նոր ուսումնականում նախատեսվում է ընդլայնել կրթական հաստատությունների ցանցը. կբացվեն 9 նոր դպրոցներ, որոնցից 3-ըՙ վերաբնակեցվող գյուղերում (Նոր Գետաշեն, Նոր Վերինշեն եւ Կարաչինար): Կվերակազմավորվի 5 դպրոց: Այս տարի Արցախում առաջին դասարան են մտել 2725 երեխա, նախորդ տարվա համեմատությամբՙ 1175-ով ավելի: Կոնկրետ քայլեր են արվում պետական նախադպրոցական կրթական համակարգի վերականգնման ուղղությամբ: Շուտով Ստեփանակերտում կբացվի հատուկ նախադպրոցական հիմնարկ 50 երեխայի համար:
Սեպտեմբերի 1-ից Արցախի դպրոցները ստացան «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության չափորոշիչը»ՙ ընդհանուր կրթվածության պետական նորմերի համակարգը, որը կփոխարինվի առ այսօր գործող նորմատիվային փաստաթղթերին: Իսկ 2-3 ամիս հետո կընդունվի «Կրթության զարգացման պետական ծրագիրը» 2001-2005 թթ. համար:
Այդուհանդերձ, ուսուցիչների աշխատավարձերի ավելացում 2001-2002 ուստարում չի նախատեսվում: Այդ մասին խոսվել էր դեռեւս ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ: «Պետական կրթական ծրագրի» մեջ կարտացոլվի այս հանգամանքը, բայց թե ինչ գործնական արդյունքներ կարձանագրվեն իրականում, դա մնում է իբրեւ ապագայի խնդիր: Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2005 թվականին անցկացնել մանկավարժական համագումար եւ միջազգային գիտաժողովՙ նվիրված Արցախում առաջին դպրոցի հիմնադրման 1600-ամյակին:
Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունում մտահոգություն արտահայտվեց դպրոցներիՙ նոր ուսումնական տարվան ոչ պատշաճ կերպով պատրաստ լինելու մասին: Խոսքը դպրոցական շենքերի վերանորոգման, նոր գույքի ու դասագրքերի ձեռքբերման մասին է: Առաջիկա երկու-երեք տարում շենքերի վերանորոգման ու գույքի ձեռքբերման գործում հազիվ թե դրական տեղաշարժեր լինեն, որովհետեւ ԼՂՀ կրթության ու գիտության նախարարության բյուջեում դրա համար գումար չկա հատկացված:
Այսօրվա դրությամբ դպրոցները դեռեւս առաջին անհրաժեշտության պիտույքներով չեն ապահովված: Իսկ ՀՀ-ից 25 մլն դրամ արժողությամբ դասագրքերի ստացումը շարունակում է ուշանալ: Դա այն դեպքում, երբ վերոհիշյալ թիվը մասամբ է արտացոլում բուն պահանջարկի պատկերը:
Համաձայն ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանի, այս տարի ԼՂՀ-ում ոչ պետական բուհերը կրճատվել են: ԱրՊՀ-ից հետո, թերեւս, ոչ պետական ստվարաքանակ համալսարանների մեջ ամենաշատ ուսանողներ է ընդունել «Գրիգոր Նարեկացի» պետարտոնագրված համալսարանը: Այդ գործընթացը շարունակվում է, ու եթե միտումը առաջընթաց ունենա, ապա մոտակա տարիներին այս բուհը լուրջ մրցակից կարող է դառնալ մայր բուհի համարՙ վարկանիշի առումով:
Նոր ուսումնական տարում Արցախում գործող ուսումնարանների թիվն ավելացավ եւս մեկով: Սեպտեմբերի 1-ին հանդիսավոր կերպով բացվեց Արցախի հերոս, գեներալ Իվանյանի անվան ռազմամարզական ուսումնարանը: Ուսումնարանի բակում տեղի ունեցավ նաեւ Արցախի նվիրյալ զավակի հուշարձանի հանդիսավոր բացումը: Արարողությանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, պետական այրեր: Հեռավոր Սանկտ Պետերբուրգից հրավիրվել էր նաեւ Ք. Իվանյանի այրինՙ Լիդիա Իվանյանը:
Ծաղկեպսակներ դրվեցին գեներալի հուշարձանին, հնչեցին երախտիքի խոսքեր: Այնուհետեւ հյուրերը ծանոթացան ռազմամարզական ուսումնարանի շենքային պայմաններին:
... Իսկ սեպտեմբերի 1-ի առաջին դասը մայրաքաղաքի դպրոցներում վարում էին ԼՂՀ կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան այրեր: Եվ առաջին դասը անկախության դասն էր:
ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ