Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հոբելյանական տարվան երկար էինք սպասելՙ մտովի պատկերացնելով, թե ինչպես պիտի տոնենք մեր հավատքի, ինքնագիտակցման, ազգային հպարտության համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ իրադարձությունը: 1700-ամյակի հոբելյանական տարվա եւ 21-րդ դարասկզբի խորհրդանշական համընկնումը, դեռեւս մի քանի տարի առաջ հղացված ու գովազդվող ծրագրերըՙ 2001-ի տոնակատարությանն առնչվող, աշխարհի ուշադրությունը մի ամբողջ տարի մեզ վրա սեւեռված տեսնելու գայթակղիչ, զբոսաշրջության առումով շահութաբեր հեռանկարը, ինչպես նաեւՙ բազմաթիվ այլ նախապայմաններ ու նախահաշվարկներ հիմք էին տալիս ենթադրելու, հույս էին ներշնչում, թե տարին իրոք արտասովոր է լինելու...
2001-ն, իհարկե, աշխույժ ընթացք ունեցավ, եւ այդ ընթացքը դեռ շարունակվում է: Մշակութային, մարզական, գիտական եւ այլ բնույթի միջոցառումները, որ կազմակերպվում են 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում, անընդհատ մի նոր էջ են բացում Երեւանի (ցավոք, հիմնականում միայն Երեւանի) բնակիչների համար: Աշխույժ մշակութային կյանքը, որով այս տարի ապրում է քաղաքը, ցանկացած այլ մայրաքաղաքի համար սովորական, բնականոն կհամարվեր, սակայն մենք վաղուց հետ էինք վարժվել նման «ծանրաբեռնվածությունից»: Մնում է հուսալ, որ 2002-ին եւ հաջորդող տարիներին չենք վերադառնա նույն «մեռյալ» վիճակին, որ առկա էր մինչ այս տարի: Սակայն մեզ հետաքրքրող խնդիրն այլ է. որքանո՞վ են արդյունավետ օգտագործվել ու օգտագործվում եղած հնարավորություններըՙ միջոցառումները լավագույնս կազմակերպելու առումով: Այստեղ թերեւս անդրադառնանք կազմակերպիչներիՙ հարցին մոտեցմանը եւ այն մեխանիզմին, որը հիմք դարձավ միջոցառումների անցկացմանը: 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում անցկացվող միջոցառումների մի մասն առնչություն չուներ Հայաստանում քրիստոնեության ընդունման տարելիցին: Բնականաբար, վերն ասվածը չի նշանակում, թե կազմակերպվելիք բոլոր միջոցառումները պիտի հոգեւոր կամ կրոնական բնույթի լինեին, սակայն մեկ ընդհանուր գաղափարական գիծ եւ այդ միջոցառումները միավորող տրամաբանություն պիտի անպայման լինեին: Այնինչ այս տոնակատարության դեպքում տրամաբանությունը սկսվում եւ ավարտվում էր մեկ կետով. պարզապես արձանագրվում էր, թե այս ամենի «առիթն» ու պատճառը 1700-ամյակի տոնակատարությունն է: Ընդ որում, յուրաքանչյուր միջոցառման բացմանը կազմակերպիչներն իրենց «հոգու պարտքն» են համարում ինչ-որ, թեկուզ արհեստական, պատճառաբանությամբ կապակցել տվյալ միջոցառումը 1700-ամյակին կամ առհասարակ քրիստոնեությանը: Դժվար է ասելՙ իրե՞նց են համոզում, թե՞ ուրիշներին: Պա՚րզ է սակայնՙ 1700-ամյակը, որպես իրադարձություն, պատճառ դարձավ, որ հոբելյանական տարվա տեղի-անտեղի շահարկումների «շնորհիվ»ՙ հաջողված ծրագրերի հետ խոտանն էլ նկատելի չափով թափանցի «տոնակատարության շրջանակներ»: Իրոք, շատերի համար տոնակատարությունը պարզապես հանդիսացավ հարմար առիթՙ հնչեղ խորագրի ներքո հրամցնելու որեւէ միջակ ծրագիր, տոնակատարության անվան տակ հանդիսատես հավաքելու եւ դահլիճ զբաղեցնելու: Նաեւ այսպիսի օրինակներից խուսափելու համար պիտի մշակվեր միջոցառումների շարքը գաղափարապես ամբողջացնող ընդհանուր հիմք, տրամաբանություն:
Մինչդեռ արժե մտորելՙ միջոցառումների առկա խայտաբղետությունը պատահակա՞ն բնույթ ունի, թե՞ միտումնավոր. այսինքն սա ա՞յն դեպքն է, երբ քանակով փորձում են փոխարինել որակը, ձեւովՙ բովանդակությունը, տպավորություն ստեղծել, թե մեծ աշխատանք է արվում, նախապես տրված խոստումներն իրականանում են, այնինչ... Միանշանակ պնդել վերը նշված կասկածների իրեղենությունըՙ առնվազն սխալ կլիներ: Անշուշտ, այժմյան անբարենպաստ պայմաններումՙ հովանավորչության դժվար լուծելի խնդրի, հասարակության անտարբեր կեցվածքի եւ մի շարք այլ առումներով, կազմակերպական իմաստով ծանր աշխատանք արվեց, քանի որ, ի վերջո, հեշտ չէր, Հայաստանի մշակութային կյանքի «սայլը» տեղից շարժելը: Տարվա ընթացքում եղան մշակութային մի քանի բավականին հետաքրքիր միջոցառումներ (աշխարհի ժողովուրդների ու հոգեւոր երաժշտության փառատոները եւ այլն, սրանց առանձին կանդրադառնանք մեկ ուրիշ տեսանկյունից): Կազմակերպված միջոցառումների գագաթնակետն ու «պսակն» աներկբայորեն «Լա Սկալայի» երեւանյան համերգն էր: Սակայն, մյուս կողմից, միջոցառումների մի ստվար մասը, որի ականատեսը դարձանք այս տարի, մինչ 2001-ն էլ կազմակերպվել էր եւ հետագայում էլ կկազմակերպվի, եւ 1700-ամյակի տոնակատարության կազմակերպիչներն այդ հարցում որեւէ մեծ արժանիք կամ մենաշնորհ չունեն. ցուցահանդեսներ միշտ էլ բացվել են ու էլի կբացվեն, համահայկական օլիմպիական խաղերն այս տարի երկրորդ անգամ էին կազմակերպվում, ինչպես եւ աշխարհի ժողովուրդների երաժշտության փառատոնը, կրկնված օպերային բեմադրություններին ավելի քան ծանոթ էինք, համերգներ էլ այսպես թե այնպես լինելու էին: Ուրեմն ո՞րն է առանձնահատկությունը, դրանք 1700-ամյակի շրջանակներին կցելու տրամաբանությունը: Եթե տոնակատարության մեկամյա ծրագիրը հագեցնելն ինքնանպատակ չէր, թերեւս նախընտրելի էր (առաջին հերթինՙ որակական առումով) ավելորդ չծանրաբեռնել 1700-ամյա իրադարձությանը նվիրված միջոցառումների շարքըՙ պահպանելով նախ եւ առաջ առանձնահատկության դրոշմը: Սա պիտի արվերՙ թեկուզեւ միայն հոգեւոր (եւ ո՚չ թեՙ բիզնեսի) սկզբունքներից ելնելով: Ի դեպ, օրերս ավարտված համահայկական խաղերի պարագայում գոնեՙ այդ բիզնեսի մղումներն ակնհայտ էին, հապճեպ կազմակերպված, քրիստոնեության ընդունման հոբելյանին որեւէ առնչություն չունեցող մարզական այս միջոցառումը, որ, ըստ օլիմպիական կարգի, կազմակերպվում է 4 տարին մեկ, այս անգամ արտահերթ էրՙ երեւի սփյուռքահայերի զբոսաշրջությունը խթանելու նպատակով:
Այսօրինակ «մանեւրներն» էլ, որ այս տարի սակավ չէին, իրենց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառաբանությամբ հանդերձ, հասկանալի են: Ի վերջո, հանրապետությունը զբոսաշրջիկների «կարիք» ունի: Այս արձանագրումը զերծ է չարախնդությունից. ցավալի է միայն, որ արհեստական ճանապարհներով ենք «բերում» այն, ինչն «ինքն իրեն» չի գալիս: Զբոսաշրջիկների մեծ հոսք տարվա ընթացքում եղավ ու դեռ կլինի, սակայն զբոսաշրջիկների թվիՙ իրականության մատուցած պատկերը, մեղմ ասած, այդպես էլ չհամապատասխանեց այն թվերին, որ նախապես ներկայացնում էին մեզ: Ինչ վերաբերում է սփյուռքահայ զբոսաշրջիկներին, ապա այս տարի բազմիցս առիթ ունեցանք լսելու նրանց դժգոհություններըՙ հյուրանոցային չափազանց թանկ գների (զբոսաշրջիկներին ինքնըստինքյան «խրտնեցնող»), հյուրընկալող կողմի կազմակերպական բացթողումների եւ այլնի վերաբերյալ: Իսկ յուրաքանչյուր այսպիսի դժգոհություն նշանակում է, որ հաջորդող տարիներին մեկ կամ մի քանի զբոսաշրջիկ պակաս կայցելի Հայաստան: Միայն գեղեցիկ ու քաղցրաբառ գովազդները բավարար չեն (քանի որ դրանցով երկար չես խաբի), անհրաժեշտ է իրական հարմարավետություն եւ գրավիչ պայմաններ ապահովել զբոսաշրջիկների համար: Նույն տեսանկյունից դիտարկենք նաեւ տեղացիներիս պարագան: Անգամ այն միջոցառումները, որ ընդգրկված են 1700-ամյակի տոնակատարության ծրագրի շրջանակներում, չեն կարող «պատճառ» դառնալ մարդկանց պատրաստակամությանըՙ տոմսի համար վճարելու սահմանված բարձր գինը: Լիովին պարզ է, որ կազմակերպիչները փորձում են փոխհատուցել բեմականացումների, հանդիսությունների եւ այլ միջոցառումների իրականացման համար արված պետական ծախսը, սակայն պարզ է նաեւ, որ այդ մոտեցումը ոչնչի չի հանգեցնի, ավելինՙ հանդիսատեսին էլ կկորցնեն: Սրա ապացույցն, օրինակ, հոգեւոր երաժշտության փառատոնն էր. օտարազգի երաժիշտների մասնակցությամբ հետաքրքրական այդ միջոցառումն անցավ կիսադատարկ դահլիճներում, այնինչ կարելի էր ինչ-որ ձեւեր գտնելՙ ունկնդրին այդ համերգներով գրավելու: Ի դեպ, նման դեպքերում սովորաբար պատճառաբանում են, թե տոմսի արժեքով ոչինչ չի որոշվումՙ վկայակոչելով, ասենք, «Լա Սկալայի» կամ «Մոսկվայի վիրտուոզների» համերգները, որոնց նախօրեին չվաճառված տոմս չէր մնացել: Այս պատճառաբանությունը հակափաստարկ չունի. իրոք ցավալի է, որ շարքային ունկնդիրը, կատարողների հանրահայտությունից շլացած, մի համերգի տոմսը գնում է, մյուսՙ ոչ պակաս հետաքրքիր համերգն աչքաթող անելով, սակայն ոչինչ պարտադրել չես կարող, ուրեմնՙ մատուցման նոր ձեւեր պիտի որոնես:
Ինչեւէ, 1700-ամյակի հոբելյանական տարվա ավարտին մնացել է մեկ եռամսյակ: Տոնակատարության մեկամյա ծրագրի արժանիքների ու թերությունների ամբողջական գնահատականը, թեպետ արդեն ուրվագծվում է, կկարողանանք ամփոփել տարեվերջին: Սակայն 1700-ամյա հնություն ունեցող այդ իրադարձության, մեր այսօրվա իրականությունն անցյալին կամրջող պատմության, այժմյան տոնակատարության մասին մտորելիս ակամա պատկերացնում ես, թե ինչպես է քրիստոնյա հայի 1700 տարեկան ուրվականը թափառում մի երկրում, որ իր տունն է, սակայն ինքն այնտեղ ոչ մեկին պետք չէ: Հուսանք սխալվում ենք...
ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ