«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2001-09-01 | #157, 2001-09-04 | #158, 2001-09-05


«ՓՇՈՏ» Է ԴԱՐՁԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանի անձնագրային բաժնի արտասահմանյան անձագրերի ձեւակերպման բաժանմունքի նեղ եւ կիսամութ միջանցքներում սպասող օտարականների բացարձակ մեծամասնությունը խոսում է հայերենՙ գրական, խոսակցական կամ տեղիՙ Նոր Նախիջեւանի բարբառով: Վերջին օրերի ընթացքում այս մարդիկ անձնագրային բաժին եկել են բազմիցսՙ ձգտելով ժամանակավոր գրանցում ստանալ: Բաժնի պետին հանդիպելը գրանցման երկարուձիգ գործընթացի վերջին հանգրվանն է, եւ հոգնած հերթը «ազատություն» է տենչում: Բայց մեզ «դեռ շատ փորձանք կսպասե»: Ռոստովում իմ ներկայությունն օրինականացնելու նպատակով գործունյա ռուս բարեկամիս հետ յոթանասունհինգամյա հորաքրոջս այսօր ՆԳ անձնագրային բաժին «բերման» ենք ենթարկում երկրորդ անգամ: Ուրբաթ է, այս շաբաթ հաշվառման կանգնելու վերջին օրը: Ընդմիջումից հետո հերթը վերակառուցվում է, շատ շոգ է: Օրվա եղանակի պաշտոնական տեսության համաձայն Ռոստովում 38 C էՙ ստվերում. բաժանմունքի ստվերումՙ թերեւս ավելի:

Հայերի գերակշռությունը ակնհայտ է, եւ ոչ միայն հայերեն խոսելուց: Ռուսերեն խոսող զրուցակիցներից մեկի ձեռքին հայկական կապույտ անձնագիր է: Անկյունում կանգնած երիտասարդը նույնպես հայ է: Դա արդեն իր կոշիկներից է երեւում: Դրվագՙ հերթին սպասող նորնախիջեւանցի հայ կանանց մոտեցել են երկու հայաստանցի տղամարդիկՙ բաժնի վարչի մոտ անփորձանք մտնելու «հեռատես» նկատառումով:

Բացվում է պետի դուռը. «Աշխատանքս այսօր շուտ եմ ավարտում, հայտարարում է վարիչը, պետք է շտապ մեկնեմ մի ծեր կնոջ մոտ, որը չի կարող անձամբ գալ, իր հյուրին գրանցել: Վաղը կգաք»: Սակայն մեզ բաժնի վարիչը բարեհամբույր ներս է հրավիրումՙ հավանաբար բարեկամիս նախնական պայմանավորվածության շնորհիվ: «Բարի, ամեն ինչ կարգին է, բոլոր փաստաթղթերը տեղում են». ՌԴ տարածք Ժամանելուց անմիջապես հետո ջանասիրաբար կատարել էիՙ ա) հատուկ բլանկի վրա դիմում շարադրելը, բ) հորաքրոջ տան վերաբերյալ փաստաթղթերի մի ամբողջ թղթապանակ կազմելը, գ) հարազատ զարմուհուն իր տանը տասն օրով գրանցելու համար գրավոր համաձայնություն հորաքրոջից խնդրելը, դ) սեւ-սպիտակ լուսանկար շտապ հայթայթելըՙ երկու օրինակից:

«Բայց, օրիորդ, ձեր անձնագիրը թարգմանված չէ: Ինձ մոտ եղած հայկական բոլոր անձնագրերը ռուսերեն թարգմանություն ունեն»: Բաժնի վարիչը իրեն թույլ տվեց շատ անտրամաբանական փաստարկով հիմնավորել ՀՀ անձնագրերի նոտարական թարգմանության անշրջանցելիությունը:

Բայց պաշտոնյայի խոսքը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ: Շաբաթ-կիրակի թարգմանիչները սովորաբար չեն աշխատում: Հետեւապես թարգմանությունը հնարավոր դարձավ պատվիրել միայն երկուշաբթի, իսկ հաջորդ օրըՙ գրանցումը: Հաշվառման ողջ գործընթացըՙ ՌԴ համապատասխան օրենքով սահմանված երեք օրվա փոխարեն տեւեց վեց օր: Այս լուրջ օրինազանցության համար «տուգանե՞լ, թե՞ ոչ» խնդիրը առաջացավ մեկնելիսՙ օդանավակայանում: «Հաշվառումը ինչո՞ւ եք ուշացրելՙ մա՞ն էիք գալիս», հարցրեց մաքսատան աշխատողը: Մեղավոր եմ, ազգականներիս այցելելու նպատակով ձեռնարկած ճանապարհորդությանս երկու շաբաթից մեկի ընթացքում իրոք ման էի գալիսՙ անձնագրային բաժնի միջանցքներում:

ՄԱՐԻԱՄ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ, Ռոստով-Երեւան

«Ազգի» առաջիկա համարներից մեկում կհրապարակենք ՀՀ-ում ՌԴ հյուպատոս Վլադիմիր Խրուլյովի պարզաբանումները Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների գրանցման նոր կարգի վերաբերյալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4