«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2001-09-01 | #157, 2001-09-04 | #158, 2001-09-05


ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՈՒՄՆ ԱՄՐԱԳՐԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Ասված է «Վոստոչնի Էքսպրես»-ում հրապարակված բաց նամակում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական առաքելության անհաջողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա լուծման ճանապարհին հիմնական խոչընդոտներից մեկը տարածաշրջանում հակամարտային իրադրության բուն էության, ակունքների եւ իսկական պատճառների աղճատումն է: Այս մասին ասված է Համառուսական հայկական կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ Վտարանդության մեջ գտնվող արեւմտահայության ներկայացուցչական մարմինների կազմավորման Հիմնադիր համագումարի կազմկոմիտեի բաց նամակում, որ հասցեագրված է Հայաստանի նախագահին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին:

«Վոստոչնի էքսպրես» թերթում («Ռոսսիյսկիե վեստի» թերթի հավելված) հրապարակված նամակի հեղինակների կարծիքով, չկա հակամարտություն «Ղարաբաղի շուրջ», քանի որ Արցախը գրեթե ամբողջությամբ ազատագրված է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմագրավման ընթացքում, այլ «կա չլուծված հակամարտություն մի կողմիցՙ Արեւմտյան Հայաստանի վտարանդի ժողովրդի, 1918-1921 թթ. մասնատված Հայաստանի Հանրապետության մասերիՙ ի դեմս այսօրվա Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի, եւ մյուս կողմիցՙ Թուրքիայի եւ իր դաշնակիցների, Ադրբեջանի միջեւ»: Հեղինակներն ընդգծում են. «Հակամարտության բուն էությունն այն է, որ մինչդեռ Արեւմտյան Հայաստանը, Կարսն ու Նախիջեւանը դեռ տակավին բռնազավթված են մնում, Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն կերպ ձգտում են վերականգնել եւ տարածել օկուպացիան Արցախի, Զանգեզուրի նկատմամբ եւս եւ այլն»:

Հեղինակները նշում են, որ Առաջին համաշխարհային պատերազմում Համաձայնության երկրների հաղթանակից հետո մեծ տերությունները Փարիզի խաղաղության համաժողովում Հայկական հարցը դիտարկում էին որպես Հայաստանի վերածնություն եւ հայերի իրավունքների պաշտպանություն, որոնք իրենց ավանդն են ներդրել ագրեսորների նկատմամբ հաղթանակի մեջ: Արդյունքում, Հայաստանի սահմանները որոշվեցին Սեւրի 1920 թ. օգոստոսի 10-ի պայմանագրով, համաձայն որի Հայաստանի հետ, որն այն ժամանակ վերահսկում էր Նախիջեւանը, Կարսը, Ղարաբաղը եւ Երեւանը, պետք է վերամիավորվեին Արեւմտյան Հայաստանի վեց նահանգները»:

Սակայն, օգտվելով ռուսական պետականության փլուզումից, «իրենց հռչակած սկզբունքներից եւ հայերի նկատմամբ պարտավորություններից մեծ տերությունների նահանջի եւ բոլշեւիկների ուխտադրժության հետեւանքով, որոնք 1918 թվականին ստորագրեցին Բրեստ-Լիտովսկի սեպարատ պայմանագիրը, իսկ ավելի ուշ նաեւ մեկ այլ հանցավորՙ Մոսկվայի պայմանագիրը 1921 թվականին, թուրքերը ոչ միայն կրկին զավթեցին մինչ այդ Ռուսաստանի ազատագրած գրեթե ամբողջ Արեւմտյան Հայաստանը, այլ նաեւ ներխուժեցին Անդրկովկաս եւ շարունակեցին հայկական ջարդերը այժմ Արեւելյան Հայաստանում, Բաքվում եւ այլն, իսկ ավելի ուշ Հայկական Հանրապետությունը բռնի խորհրդայնացվեց եւ անդամահատվեց»:

Հեղինակները նշում են, որ դա 1915 թվականի հայոց եղեռնի շարունակությունն էր եւ այդ ժամանակից էլ սկիզբ է առնում այժմյան հայ-ադրբեջանական հակամարտության հաշվարկը, «որի իսկական հեղինակները մեծ տերություններն են, որոնք տրամաբանական ավարտի չհասցրին Հայկական հարցի լուծումը եւ հայերին թողեցին բախտի քմահաճույքին»:

Հրապարակման հեղինակներն անհրաժեշտ են համարում «վճռականորեն եւ անդառնալիորեն ճանաչել հայոց իրավունքըՙ ստեղծել գոյատեւման, անվտանգ եւ հեռանկարային զարգացման համար տարրական բավարար պայմաններ իրենց սեփական ազգային տարածքներում», հիմնել Միջազգային ատյան մարդկության հանդեպ հանցագործություններիՙ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության, Ադրբեջանում ջարդերի եւ էթնիկական զտումների դատապարտման նպատակով, չեղյալ հայտարարել հանցավոր պայմանագրերն ու անօրինական որոշումները, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության (1918-1921 թթ.) օկուպացման եւ նրա մասնատման արդյունքները:

«Թուրքական կառավարությունը պետք է պարտավորություն ստանձնի պայմաններ ստեղծելու հայ ազգային հողերի վրա ցեղասպանության ենթարկված հայոց սերունդների վերադարձի եւ անվտանգ կյանքի համար»,- նշվում է հրապարակման մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4