«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2001-09-01 | #157, 2001-09-04 | #158, 2001-09-05


ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Ջավախքը, որ Վրաստանի հայության ողնաշարն է այսօր, կենսունակ ու արթուն է նաեւ արվեստի ու գրականության հանդեպ ունեցած սիրո մեջ: Այստեղ ամեն տարի տեղի ունեցող տերյանական եւ Ջիվանու հանդիսություններին ավելացավ եւս մեկըՙ վաղամեռիկ բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը: Ջավախքի ժողովուրդն ընդունում եւ սիրում է նրան ոչ միայն նորաշունչ բանաստեղծությունների համար, այլեւ նկատի ունի այն հանգամանքը, որ Վիկտորը հնարավորություն ունենալով Թբիլիսիում եւ Երեւանում տեղավորվելու, աշխատելու, գերադասեց մնալ իր երկրացիների կողքին, իր ժողովրդի մեջ: Նրան չգայթակղեցին աշխարհի տաքուկ անկյունները, իր երկրին հարազատ մնաց ոչ միայն հոգով, այլեւ մարմնով: Սեպտեմբերի երկուսին նրա ծննդավայր Հեշտիա գյուղում կայացած հանդիսության ժամանակ ելույթ ունեցողներն ահա այս բաների մասին մի առանձին հիացմունքով էին խոսում: Մեկ անգամ եւս մարգարեանում է Ջիվանին, ասելով, որ ազգն իր զավակին փայփայում է մոր պես: Այդպես է, հիրավի, զավակներն էլ իրենց հերթին չեն մոռանում մայր ժողովրդին եւ անմնացորդ նվիրումով ծառայում են նրան:

Ինչպես Վահան Տերյանի, այնպես էլ Վիկտոր Հովսեփյանի հայրենական տունը, որ նրա թանգարանն է դարձել, եկեղեցու կողքին է: Այստեղ նույնպես հնչում է «բարակ զանգակի զարկը եւ լալիս է երկրի ցավերը»: Եվ պիտի ասել, որ ազգի ցավերն ամենուր գրեթե նույնն են: Գերխնդիրը մարդկանց իրենց տեղում պահելն է, արտագաղթը կանխելը: Ութ հարյուր տնտեսությամբ Հեշտիան իր հայկական միջնակարգ դպրոցի առաջին դասարանում ունի ընդամենը տասը աշակերտ: Գնալով երեխաները պակասում են, ասել է թեՙ ապագան անորոշ ու մշուշապատ է դառնում: Ինչպես բանաստեղծի այս գյուղը, այնպես էլ Ջավախքն ու ամբողջ վիրահայությունը կենսակերպի խնդիրներ ունեն: Առաջին հերթին պիտի սերտանան հոգեւոր, մշակութային, տնտեսական կապերը մայր հայրենիք Հայաստանի հետ: Աստվածաշնչից գիտենքՙ այն ճյուղերը, որոնք ծառի վրա չեն, ծառի հետ կապ չունեն, ի վերջո չորանում են: Ահա այս խնդրին նույնպես անդրադարձան հանդիսության ժամանակ ելույթ ունեցողները: Հանդիսականներին մի առանձին ոգեւորություն պատճառեց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին գեներալ-գնդապետ, Ջավախքի զավակ Գուրգեն Դալիբալթայանի ներկայությունը: Ի դեպ, նախորդ օրը նրա ծննդավայր Ագանայում այլ հանդիսավոր արարողություն էր տեղի ունեցելՙ գյուղի միջնակարգ դպրոցն անվանվել էր Դալիբալթայանի անունով: Այստեղ էլ, այնտեղ էլ գեներալ-գնդապետը հատուկ շեշտեց, որ ազգային նկարագիրն ամեն գնով պահելու հետ պիտի պահպանվի եւ առավել ամրապնդվի երկու քրիստոնյա ժողովուրդներիՙ հայերի եւ վրացիների բարեկամությունը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆ, Ջավախք-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4