«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2001-09-05 | #159, 2001-09-06 | #160, 2001-09-07


ՀԱՅԵՐԻ ՊԱՌԱԿՏՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՌՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգը» նախորդ համարում հայտնի թուրք մտավորական Թաներ Աքչամի հոդվածն ընթերցողի ուշադրությանն էր ներկայացրել «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ձախողումն անխուսափելի է» խորագրով: Ձախողման գաղափարն Աքչամի պարագայում ընդամենը ցանկություն էր, իսկ «Ազգի»ՙ լուրջ հիմքեր ունեցող ենթադրություն: Դրանում համոզվելու համար կարելի է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանի օգոստոսի 4-ին «Կռունկին» տված հարցազրույցը համադրել Օզդեմ Սանբերքի օգոստոսի 16-ի հայտարարության հետ եւ համադրելիս նկատի ունենալ սփյուռքում հանձնաժողովի շուրջ կրքերի շարունակ բորբոքումը:

Սանբերքն իր հայտարարության մեջ կարեւոր է համարում այն, որ Ցեղասպանության հարցն այլեւս չքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում, ապա եւ ավելացնում է. «Քանի դեռ մենք շարունակում ենք երկխոսությունը, վստահ եմ, հարցը չի դրվելու Կոնգրեսի օրակարգում, եւ մենքՙ թուրքերս, շահելու ենք դրանից»: Սանբերքը փորձառու դիվանագետ է: Դեռ ավելինՙ բացի փորձից, ինչպես այդ մասին վկայում է Անդրանիկ Միհրանյանը, գոյություն ունի նաեւ ընթացիկ հարցերը հրապարակայնորեն քննարկելուց ձեռնպահ մնալու հանձնաժողովի անդամների համաձայնությունը: Եթե տարիների փորձառությունը Սանբերքին չի զսպում, եւ նա, խախտելով համաձայնությունը, հանկարծ բացահայտում է հանձնաժողովի առնչությամբ Թուրքիայի բուն նպատակները, դրա համար պետք է լուրջ պատճառներ ունենա:

Ակամա հարց է ծագումՙ որո՞նք են դրանք: Ըստ երեւույթինՙ սփյուռքում հանձնաժողովի շուրջ առանց այդ էլ բորբոքված կրքերն էլ ավելի բորբոքելու միտումները: Ինչո՞ւ: Թերեւս այդ հարցին իր ագրեսիվ կեցվածքով, կռվարար տոնով եւ հանձնաժողովի հակառակորդների հասցեին արհամարհական արտահայտություններով «Կռունկին» տված հարցազրույցում պատասխանում է Վան Գրիգորյանը: Նա, ի պատասխան «ինչո՞ւ հանձնաժողովում չկան հայեր Արեւմտյան Եվրոպայից, Հարավային Ամերիկայից կամ Մերձավոր Արեւելքից» հարցին պատասխանում է. «Մենք պատրաստ ենք ընդունել այն մարդկանց, ովքեր կհամապատասխանեն վերոհիշյալ չափանիշներին»: Քանի որ, ըստ նրա, հանձնաժողովի անդամը պետք է ունենա միջազգային եւ ազգային քաղաքական գործունեության նշանակալի փորձ, ազատորեն տիրապետի անգլերենին, պատրաստ լինի համատեղ թիմային աշխատանքի, ուստի ողջ հայության մեջ այս չափանիշներին համապատասխանում են միայն ինքն ու իր թիմի մյուս երեք անդամները: Այլ կերպՙ նա հանձնաժողովի 4 անդամին հակադրում է հայությանըՙ վեր դասելով նրանց բոլոր մնացածներից:

Սա կատարյալ ամբարտավանություն է: Հարկ է, սակայն, նշել, որ հանձնաժողովի ձախողման ենթադրությունների համար կարեւորը Վան Գրիգորյանի ամբարտավանությունը չէ (նա դրանով, ինչպես Սանբերքը, հավելյալ կրքեր բորբոքելու լուրջ հայտ է ներկայացնում սփյուռքում), այլ նրա մտքերի հակասականությունը: Վան Գրիգորյանն ընդգծելով հանդերձ, թե «աշխարհի չորս կողմից հայերի մեծամասնությունը պաշտպանում է հանձնաժողովի ստեղծումը», ինքն իրեն հակասում է եւ ավելացնում. «Մենք բոլորս գիտակցում ենք, որ հաշտեցման գործընթացը ձախողման ավելի շատ պատճառներ ունի, քան հաջողության»:

Իրարամերժ մտքերի արտահայտությունը պատահական չէ, թերեւս պայմանավորված է սփյուռքում առանց այդ էլ բորբոքված կրքերն էլ ավելի բորբոքելու Օզդեմ Սանբերքի միտումների զարգացումն ապահովելու Վան Գրիգորյանի անզուսպ մղումով: Ուրեմն, ամենեւին չի կարող պատահական լինել հարցազրույցում վերջինի «ամերիկահայերն արդեն պառակտված են» արտահայտությունը:

Իրականում հայության միջեւ պառակտում, որպես այդպիսին, գոյություն չունի: Բայց որ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծումը բուռն հակազդեցություն է առաջ բերել ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում, անժխտելի փաստ է: Հանձնաժողովի անդամների բախումը հակազդեցության այս փաստին ծանր կացության մեջ է դնում նրանց: Ստեղծված պայմաններում նրանք հետզհետե հանգում են այն եզրակացության, որ Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումներին համակերպվելու մեջ հայ ժողովրդին համոզելն անհեռանկարային է: Դա իր հերթին նրանց հանգեցնում է առաջադրանքի ձախողման եզրակացության: Այսպիսով կասկածի տակ է դրվում հանձնաժողովի հետագա գործունեության նպատակահարմարությունը:

Այլապես ո՚չ Օզդեմ Սանբերքն ի լուր աշխարհի կբացահայտեր հայ-թուրքական հաշտեցման հարցում Թուրքիայի բուն նպատակները, ո՚չ էլ Վան Գրիգորյանն իր պարտքը կհամարեր արտահայտվել «հաշտեցման գործընթացի ձախողման» պատճառների մասին: Ինչ վերաբերում է «հայության պառակտմանը», ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանձնաժողովի դեմ առկա համատարած հակազդեցությունը քողարկելու միջոց: Ընդ որումՙ պառակտման արտահայտություններով ոչ միայն այս հակազդեցությունն է քողարկվում, այլեւ թուրք-ամերիկյան քաղաքական շրջանակների համար «հայերի պառակտումը» շեփորահարելու նախադրյալներ են ստեղծում: Սա հանձնաժողովի մեկ այլ առաջադրանքն էր: Թվում է, թե Վան Գրիգորյանի եւ նրա նմանների համար այս առաջադրանքը, անկախ հանձնաժողովի ճակատագրից, կմնա ուժի մեջ, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտն անվերապահորեն կաջակցի նրանց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4