«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2001-09-05 | #159, 2001-09-06 | #160, 2001-09-07


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԼՂՀ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԴԵ ՖԱԿՏՈ: ԼՂՀ ԿԸՀ-ն հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում 53% ձայներով հաղթել է Համիկ Ավանեսյանը, որը 1974-78 թթ. գլխավորել է ժողովրդական պատգամավորների Ստեփանակերտի քաղաքային խորհուրդը, այնուհետեւ աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի կոմունալ տնտեսության միավորման գլխավոր տնօրեն:

ԿԸՀ-ն հայտարարել է նաեւ, որ հանրապետության ընտրողների 67.2%-ը մասնակցել է քվեարկություններին: Ընտրություններն առավել ակտիվ են անցել Հադրութի (78.1%), Մարդակերտի (76.2%), Մարտունու (70.3%) շրջաններում: Հաղորդագրության ընդունման պահին ԿԸՀ-ում լուրջ բողոքներ չկային:

Սեպտեմբերի 5-ինՙ ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչպես նշել է նա, ընտրությունները հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղը, որպես պետություն, կայացել է: ԼՂՀ նախագահի խոսքերով, պաշտոնական Բաքվիՙ տվյալ ընտրությունների հանդեպ ագրեսիվ դիրքորոշումը զարմանալի չէ, քանզի Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացների խորացմանը համընթաց Ադրբեջանն իրեն ավելի վատ է զգում: «Ժողովրդավարությունը քայլ առ քայլ հաստատվում է Լեռնային Ղարաբաղում, եւ ԼՂՀ-ն այսօր ավելի ժողովրդավարական պետություն է, քան Ադրբեջանը», ընդգծեց նախագահը:

Խոսելով մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի լիազորությունների մասին, Արկադի Ղուկասյանը չի բացառել դրանց որոշակի ընդլայնման հնարավորությունը: Միաժամանակ նա ընդգծել է, որ Ստեփանակերտի համայնքի ղեկավարը ներկայումս էլ օժտված է բավարար հնարավորություններովՙ բնակչության կենսականորեն հրատապ հարցերի լուծման համար:

Նախագահը նշել է նաեւ, որ անհրաժեշտ է ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ շրջկենտրոնների եւ հանրապետության բոլոր բնակավայրերի հետեւողական զարգացման մոդել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4