Հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարը
Կառավարության երեկվա նիստի ընդմիջմանը շարունակվեցին Արմենտելի հետ կապված քննարկումները: Նախ լրագրողների հարցերն ուղղվեցին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին, որը վերստին կրկնեց նախարարության եւ կառավարության մոտեցումը րոպեավճարի ներդրման առնչությամբ: Նախարարը նշեց, որ այդ քայլով Արմենտելը խախտել է 60 լիցենզիայի կետերը, եւ իր հրամանով րոպեավճարը չի գործելու: Խնդրի իրավական կողմին լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Արդարադատության նախարարը հաստատեց, որ իր գործընկերոջ (կապի եւ տրանսպորտի նախարարի) տված պաշտոնական հանձնարարականը լիովին համապատասխանում է լիցենզիայի պահանջներին: Այսինքնՙ պետական մարմինն իրականացրել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Եթե որեւէ մեկը (նկատի ուներ Արմենտելին) բողոքարկի այդ գործողությունը, ապա նախարարը վստահ է, որ կառավարությանը կհաջողվի ապացուցել իր իրավացիությունը: Այս դեպքում կառավարությունը կկիրառի լիցենզիայով նախատեսված պատժամիջոցները, որոնցից ամենատարածվածը լիցենզիայի փոփոխություններն են: Մի խոսքով, «այսօր րոպեավճարը, ավելի ճիշտՙ սակագինն օրինական ուժ չունի», պաշտոնապես ազդարարեց Դավիթ Հարությունյանը: Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը դեմ չէ րոպեավճարին, այլ դեմ է ներդնելու ներկայիս ձեւին եւ մեխանիզմներին: «Ազգի» հարցին, թե արդյոք OTE-ի եւ Արմենտելի համար լուրջ կռվան չէ՞ պայմանագրի այն կետը, համաձայն որի րոպեավճարը պետք է ներդրվեր 1999 թ. հունվարի 1-ից, արդարադատության նախարարը պատասխանեց. «Լուրջ կռվան է»: Ապա ավելացրեց. «Մենք ունենք ոչ պակաս լուրջ կռվաններ: Կրկնում եմՙ մեր փաստարկները ֆորմալ են, ամեն ինչ պետք է անել Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: Մենք դա ենք պահանջում»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ