Երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին հարց ուղղվեց բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ: Նա պատասխանեց, որ թերակատարման հնարավորությունը նախատեսվել էր, եւ մուտքերի որոշ մասը տեղափոխվել է 4-րդ եռամսյակ: Նախարարը թերակատարման պատճառները վերագրեց «աշխատանքային մոտեցումներին», նշելով, որ ներկայումս պլաններ են մշակվում հարկերն ավելի «հստակ եւ հանգիստ հավաքվելու համար»: Նա հայտնեց նաեւ, որ օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, մուտքերն ավելացել են: Խնդիրը միայն էներգետիկայիՙ բյուջեին ունեցած պարտքերն են:
Այս առնչությամբ դիմեցինք նաեւ ՀՀ պետական եկամուտների նախարարություն, որտեղից էլ տեղեկացրին, որ օգոստոսին հավաքվել են 6 մլրդ 700 մլն դրամ հարկեր: Այդ գումարներից միայն 500 մլն են էներգետիկ ոլորտի վճարումները, այնինչ այդ թիվը մի քանի անգամ ավելին պետք է լիներ:
Այսպես թե այնպես, ՀՀ ֆինանսների նախարարը հույս հայտնեց, որ մուտքերը կհաջողվի «անպայման կատարել»: Հակառակ դեպքում պետք է բյուջետային ծախսերը կրճատել, ինչը Վարդան Խաչատրյանն անթույլատրելի համարեց:
Ա. Մ.