ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 7-8-ը Երեւանում կանցկացվի տարածաշրջանային սեմինարՙ «Հարավկովկասյան համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով, որին կմասնակցեն «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի տարածքային մասնաճյուղերի ներկայացուցիչները: Ինչպես նշվեց սեպտեմբերի 6-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում կայացած հանդիպմանը, սեմինարի նպատակն է ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանի շահագրգիռ կողմերի միջեւՙ իրականացնելով համատեղ հակակոռուպցիոն ծրագրեր:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հյուրընկալել էր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի մասնաճյուղ «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» կազմակերպության ղեկավարությանը: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ոչ կառավարական կազմակերպությունը կոչված է ամրապնդել պետական կառավարման մարմինների պատասխանատվությունը եւ պայքարել ազգային եւ միջազգային մակարդակի կոռուպցիայի դեմ: Ներկայումս կազմակերպությունը գործում է ավելի քան 77 երկրներումՙ բացառապես կոռուպցիայի դեմ պայքարում շահագրգռված պրոֆեսիոնալ անհատ-կամավորների միջոցով:
Ինչպես նշեց Երեւանում գտնվող կազմակերպության գործադիր տնօրեն Միկլոշ Մարշալը, Հայաստանի, ինչպես նաեւ յուրաքանչյուր զարգացող պետության տնտեսական առաջընթացի գրավականներից մեկը հակակոռուպցիոն միջոցառումների կազմակերպումն ու իրականացումն է պետական մակարդակով: Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն առայժմ խրախուսում են նման կազմակերպությունների գործունեությունը եւ հույս հայտնեց, որ դա չի կրի ժամանակավոր բնույթ:
«Տարածաշրջանային զարգացման կենտրոնի» նպատակն է նպաստել տարածաշրջանի կայունությանը եւ տնտեսական զարգացմանը: Կազմակերպությունը պարբերաբար սեմինարներ է անցկացնում կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով: 2001 թ. 9 հասարակական կազմակերպություններ հիմնել են ազգային հակակոռուպցիոն կոալիցիա, որի առաջնային նպատակներից է ստեղծել հակակոռուպցիոն տեղեկատվական ցանցՙ տարածելու համար Հայաստանի եւ այլ երկրների փորձը հակակոռուպցիոն միջոցառումների ոլորտում: Ինչպես նշեց «Տարածաշրջանային զարգացման կենտրոնի» ղեկավար Ամալյա Կոստանյանը, իրենց կազմակերպությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի Հանրապետության ազգային հակակոռուպցիոն ծրագրի մշակմանը: