Գերմանահայ համայնքը քաջալերում է SWR-ի լրագրողներին
Սեպտեմբերի 3-ի երեկոյան գերմանական ARD հեռուստաալիքն իր մեծ հեղինակություն վայելող Report հաղորդաշարի 10 րոպեն հատկացրել էր Էրիկ Ֆրիդլերի եւ Բարբարա Զիբերտի հեղինակած «Վախկոտ քաղաքական գործիչներ» տեսանյութին: SWR-ի լրագրողների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի ավերակված տան ճակատագիրը, որը քաղաքական շահարկումների պատճառ է դարձել: Տունը, ուր ժամանակի ամենամեծ հումանիստներից մեկն ապրել է մինչեւ 1926 թվականը, այսօր չի կարող նրա կենսագրությունն ու թողած գրավոր ժառանգությունը հանրությանը ճանաչ դարձնել, քանի որ սեփական երկրում զրկված է վերակառուցման խոստացված գումարներից ու իշխանությունների վաղօրոք հայտնած պատրաստակամությունիցՙ Թուրքիայի Հանրապետության սադրիչ քաղաքականության պատճառով: Մեծ Թուրքիան այս փոքր տան, հիշողության այս վայրի շուրջ մեծՙ միջպետական շահարկումներ է հարուցում, ասում է Բեռլին-Բրանդենբուրգի ավետարանչական եկեղեցու գլխավոր կառավարիչ Հանս-Ուլրիխ Շուլցը Լեփսիուսի ավերակված տան պատերը ցույց տալով: Այնուհետ հեռուստաէկրանին 1915-ի ծանոթ վավերագրությունն էՙ Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանություն, բնաջնջում, ցեղասպանություն: Երիտթուրքական պետությունը 1 միլիոն հայերի զանգվածային տեղահանման, բնաջնջման, համակենտրոնացման ճամբարներ քշելու անմիջական պատասխանատուն է, ասում է Ցյուրիխի համալսարանի դոկտոր Հանս-Լուկաս Քիիզերը: Լեփսիուսն այս ամենի ժամանակակիցն էր, նա ոչ միայն ականատեսների վկայություններ է թողել պատմությանը, այլեւ օգնություն կազմակերպել, որբանոցներ հիմնել հայ որբերի համար: Լեփսիուսի գրառածը ժամանակակից եզրաբանությամբ բնորոշվում է գենոցիդՙ ցեղասպանություն բառով, հստակեցնում են հաղորդման հեղինակները: Որ դա ցեղասպանություն է, հաստատում է Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր Մարտին Թամկեն: Այնուհետ հետեւում է լրագրողի «1915-16-ին Օսմանյան կայսրության ժամանակ Թուրքիան հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացրե՞լ է» հստակ հարցումը ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպան Օսման Քորություրքին: Ո՚չ, կտրուկ պատասխանում է դեսպանը: Կարո՞ղ եք կրկնել, որ նման բան երբեւէ չի եղել, շարունակում է լրագրողը: Ո՚չ, երբեւէ չի եղել, ասում է դեսպանը կիսաժպիտով: Էկրանին հայերեն գրքերով ծանրաբեռնված գրասեղան է, Հալլե-Վիթթենբերգի համալսարանի պրոֆեսոր Հերման Գոլցի աշխատասենյակը: Հույս ունեի, որ Լեփսիուսի հիշողության վայր դարձած տունը հայ-թուրքական երկխոսության հիմնավայր կարող էր դառնալ, ասում է պրն Գոլցը: Բայց... Նորից հարց թուրք դեսպանինՙ Ձեր կարծիքով, ստո՞ւմ են նրանք, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին: Պատասխանՙ Մի մասը ստում է, մյուս մասը հայկական սփյուռքի ապակողմնորոշող ազդեցությանն է ենթարկվում:
2001 թ., ապրիլ, Ֆրանսիայի Սենատը ճանաչում է Հայոց ցեղասպանությունըՙ համապատասխան բանաձեւ ստորագրելով: Գերմանիայի Բունդեսթագում էլ նման բանաձեւ կարող է ընդունվել: Իշխող սոցիալ-դեմոկրատները կուսակիցներին նման քվեարկությանը կողմ լինել չեն խրախուսումՙ «սա պատմաբանների խնդիրն է» ձեւակերպմամբ: «Սա քաղաքական օպորտունիզմ է», բնորոշում է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտը: Քրիստոնեա-դեմոկրատները նույնպես դեմ են այդ բանաձեւին. ՆԱՏՕ-ի դիրքորոշման, տնտեսության, Գերմանիայում ապրող 2,5 միլիոն թուրքերի հանդեպ հետաքրքրության շրջանակը դրա «իրավունքը» չեն տալիս: Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ արտաքին քաղաքական խոսնակ Կարլ Լամերսը մեկնաբանում էՙ սա գերմանական նախաձեռնություն չի կարող լինել:
1998-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն այցելում է Պոտսդամ, երկրամասի նախագահի հետ զրույցի հիմնական թեման Լեփսիուսի տան ճակատագիրն է: Այն, որ տունը նորոգվելուց հետո պիտի դառնար հայկական աղետի հիշողության կենտրոն, արժանացել էր երկրամասի իշխանությունների հավանությանը: Պոտսդամի ավագ քաղաքագլուխ Մաթիաս Պլատցեկն էլ այս իմաստով հստակ դիրքորոշում ուներ: Լեփսիուսին նվիրված 2000 թ.-ի հրատարակության ողջույնի տպագիր խոսքում նա Լեփսիուսին համեմատում է Օսկար Շինդլերի հետ, իսկ հիմա խուսափում է այդ թեմայով հարցազրույցից: Թուրքական իշխանությունների կողմից մեծ ճնշում կա: Տան հետագա վերակառուցումը երաշխավորված չէ անկանխատեսելի վատ հետեւանքներից: Համոզված եմ, ասում է Հերման Գոլցը, որ Պոտսդամի ավագ քաղաքագլուխը հսկայական ճնշման տակ է: Բեռլինում ապրող 200 հազար թուրքերը պատրաստ են զանգվածային բողոքի արշավ սկսել, եթե տունը վերանորոգվի: Ավելինՙ «Հյուրիեթն» իր ընթերցողներին հպարտությամբ տեղեկացնում է, թե իշխանությունները վստահեցրել են, որ տան վերակառուցման համար գումարներ չեն հատկացվելու: Ի՞նչ կարծիքի է Թուրքիայի դեսպանը: Լեփսիուսի տունը չպետք է շինծու նպատակների ծառայի, ասում է վերջինս: Այն չպետք է արխիվային կեղծ փաստաթղթերի գրապահոց դառնա: Հայկական սփյուռքը բավականաչափ խեղաթյուրել է փաստերը, պատմական դեպքերը:
ԳԴՀ արտաքին գերատեսչությունն էլ հարցի առնչությամբ հետաքրքրություն չի դրսեւորում, հայտնում է Հանս-Ուլրիխ Շուլցը: Այնուհետ ցուցադրվում են պրոֆեսոր Գոլցի կողմից գաղտնի պահվող Լեփսիուսի բնագրերը. թուրք ծայրահեղականները կարող են ոչնչացնել: Թեպետ տունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Բրանդենբուրգի երկրամասի նախագահի, Պոտսդամի ավագ քաղաքապետի հովանավորությունն ուներ, բայց մեր վերակառուցման նախագիծը փակուղի է մտել, դառը եզրակացնում է Հերման Գոլցը: Թուրքական դիվանագիտությունը Բրանդենբուրգում իր առաքելությունը կատարեց, փաստում են ֆիլմի հեղինակները, որոնց «Ազգի» միջոցով մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ, համարձակ աշխատանքի համար:
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, Գերմանիա