«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2001-09-05 | #159, 2001-09-06 | #160, 2001-09-07


ԽՆԿԱՐԿՈՒՄՆ ՀԻՇԱՏԱԿԻ

Երաժշտական բազմակողմանի բացառիկ տաղանդ, որ հորդում էր շռայլ ու ինքնաբուխ: Մարդկային էության խիստ յուրատիպ տեսակ, որն իր խորքերում ամբարած Աստծուց տված ոգեղենությունը մշտապես պատրաստ էր բաժին հանելու իր ընկերներին, մտերիմներին, համախոհներին. Կենսախինդ ծիծաղի ու առկայծող սրամտության շտեմարան. Ինքնատիպ կոմպոզիտոր, որը վերաիմաստավորեց հայ պրոֆեսիոնալ երաժշտության գործիքային մի շարք ժանրեր. Անզուգական երգահան, որի մեղեդիների քնարական-լուսավոր արահետներով քայլեցին-թեւածեցին համայն խորհրդային երկրի եւ հայոց սփյուռքի մի քանի երիտասարդ սերունդներ. Փայլուն դաշնակահար, որի պիրկ, բայց այնքա՜ն նուրբ մատների ներքո ամեն անգամ նորովի արարվող Հերոսական բալլադը նույնքան հերոսական էր, որքան իր ապրած, մաքառած կյանքը.

Այն, որն արտաքին հայացքից գուցե եւ անհոգս ու թեթեւ էր թվում. Իսկ իրականո՜ւմ. Իրականում հագեցված էր զտարյուն արվեստագետին եւ հայոց հող ու ջրի ծնունդ զավակին հարիր ներքին դրամաներով, վայրիվերումներով, ըմբոստացոլք պոռթկումներով, երջանկալից թռիչքներով.

Առնո Բաբաջանյանը. Նրա հեռանալը նույնքան անպարագիծ էր, ոչ մի «կանոնների» մեջ չպարփակվող, որքան եւ նրա բարդ ու գեղեցիկ, լիարժեքորեն ապրած կյանքը: Հեռացավՙ թողնելով ճանաչողների եւ սիրողների հոգիներում անդառնալի կորստյան ցավ եւ հավերժականորեն ծխացող խնկարկումն հիշատակի.

Եվ երեկ ներկա եղանք մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գիտաժողովին: Նախաձեռնողներն ու կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը, «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը:

ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում կայացած սույն գիտաժողովն իր օրակարգում ամփոփեց Առնո Բաբաջանյան կոմպոզիտորի եւ դաշնակահարի ստեղծագործական մեկնակետային եւ կարեւորագույն միտումները, այդ թվում ժառանգության, ժամանակակից ընկալումների, նոր ոճի ակունքների, ջութակի սոնատի, երգերի մեղեդային ոլորտի (եւ այլ) վերաբերյալ, որոնք ներկայացվեցին երաժշտագետներ, պրոֆեսորներ Գ. Գյոդակյանի, Ա. Սարյանի, Շ. Ափոյանի, Ժ. Զուրաբյանի, Ս. Սարգսյանի, Ա. Բուդաղյանի, Ի. Զոլոտովայի, Ս. Ամատունու կողմից:

Իսկ այսօրՙ սեպտեմբերի 7-ին, գիտաժողովը տեղի է տալու «Արամ Խաչատրյան» համերգասրահում սկսվող երաժշտական փառատոնին:

Երեւանյան զմայլելի աշնան մթնոլորտում օրեր շարունակ հնչելու է Առնո Բաբաջանյանի զմայլելի երաժշտությունը: Օրեր շարունակ մեզ հետ է լինելու Առնոյի հոգին եւ ականջներիս է լսելի է լինելու նրա փոքր-ինչ խռպոտ, թավ ու ոգեղեն ձայնը. «Տղերք, կյանքն այնքա՜ն հրաշալի է, որ չգիտեսՙ ստեղծագործես, թե պարզապես ապրես»:

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4