Տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը
Մեր պատմության 1700-ամյա վայրիվերումների մեջ քրիստոնեությունը եղավ մեր ազգային ինքնությունը պահպանելու ամենազորեղ կռվաններից մեկը, իսկ Հայ առաքելական եկեղեցին դարձավ հայոց ոչ միայն հոգեւոր, այլ երբեմնՙ պետական կյանքի կենտրոն մեր կաթողիկոսների ջանքերի շնորհիվ: Մեր անհաստատ պետականության հոգսերը եւս շատ հաճախ են դրվել հայ եկեղեցու առաջնորդի վրա, եւ դրանով իսկ կաթողիկոսը հայկական կյանքում միշտ գրավել է իր յուրահատուկ ու անփոխարինելի տեղը:
Այդ խորհուրդն էր ներկայացված «Գիր» մատենաշարով հրատարակված «Ամենայն հայոց կաթողիկոսներ» պատկերագրքում, որի շնորհանդեսը կայացավ Սբ. Էջմիածնի Վեհարանում: Պատկերագիրն իր մեջ ամփոփում է 1700-ամյա Հայ եկեղեցու 132 հայրապետների (Գրիգոր Լուսավորչից մինչեւ Գարեգին Բ) դիմապատկերները եւ համառոտ կենսագրականները: Ամիսներ առաջ այս գրքի հրատարակումը մտահղացել եւ իրենց միջոցներով իրականացրել են «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը եւ «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը, պատասխանատու խմբագիրն է Պետրոս Հովհաննիսյանը, բառահոդվածները գրել են Պողոս Խաչատրյանը, Մաքսիմ Կատվալյանը, նկարիչն է Խորեն Հակոբյանը, որոնք էլ բոլոր հանրագիտարաններից, արխիվներից եւ անձնական հավաքածուներից կարողացել են քրտնաջան աշխատանքով վերծանել մեր հայրապետների կենսագրականները եւ անգամ հագուստներն ու դիմանկարները: Հայ եկեղեցու բազմադարյա պատմության ընթացքում «Ամենայն հայոց կաթողիկոսներ» համառոտ տեղեկատու պատկերագիրք լույս է տեսնում առաջին անգամ: Գրքի տպաքանակի մի մասը լույս է տեսել վանակատ քարե կազմով, ընկուզենու պատյանով (արժեքըՙ 30 ԱՄՆ դոլար), մնացյալը կաշվե կազմով (20 ԱՄՆ դոլար) եւ շուտով կհանվի վաճառքի: Սրանք, իհարկե, շատ բարձր գներ են, եւ անշուշտ անհասանելի կլինեն շատերի համար: Գիրքը լույս է տեսել, ի դեպ, առանց առաջաբանի:
Գիրքն իր կենդանությունն է ստացել օրհնությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, եւ շնորհանդեսի ընթացքում տեղեկացվեց, որ այդ արժեքավոր, հանրագիտարանային միակ հրատարակությունը նվիրված էր Վեհափառ հայրապետի ծննդյան 50-ամյակին, եւ գրքի առաջին օրինակը, նաեւ Հովհ. Թումանյան հատընտիրըՙ ոսկե հարթաքանդակով նվիրվեց նրան: Վեհափառ հայրապետն էլ շնորհավորելով գիրքը ստեղծողներին, շնորհակալություն հայտնեց թանկարժեք նվերների համար եւ չթաքցրեց, որ սկզբնական շրջանում կասկածել է, թե հնարավոր կլինի արդյոք նման ծանր ու դժվարին գործը հաջողեցնել, իսկ երբ արդեն մի քանի շաբաթից մանրամասն ուսումնասիրել է ներկայացված էսքիզները, ոգեւորություն է ապրել եւ աջակցել է գրքի ստեղծմանը:
Շնորհավորելով ներկաներին Վեհափառ հայրապետը նշեց, որ կատարվածը յուրահատուկ, եզակի գործ է. «Մեր ժողովրդի զավակները, շնորհիվ այս աշխատանքի, հնարավորություն ունեն հաղորդ դառնալու 132 մեր հայրապետների կյանքին ու գործին»: Վեհափառի տերունական աղոթքից հետո ներկաները տեսան գրքի հայերեն տարբերակը, որը շատ շուտով կհայտնվի գրատներում: Ասեմ նաեւ, որ արդեն պատրաստ են գրքի ռուսերեն ու անգլերեն հատորները, եւ երկու տարվա ընթացքում «Տիգրան Մեծ» հրատարակչությունն ընթերցողի ուշադրությանը կներկայացնի «Ամենայն հայոց կաթողիկոսներ» գրքի մեծադիր հատորը, ուր ամբողջովին զետեղված կլինեն այն բոլոր արժեքավոր փաստաթղթերն ու հոդվածները, որոնք վերաբերում են մեր 132 հայրապետների կյանքին ու գործունեությանը:
Իհարկե, արժեքավոր է նման հավաքական գրքի հրատարակումը, սակայն անհրաժեշտ էր դարձնել մատչելի ընթերցող լայն շրջանակների համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ