Ուկրաինա-Հայաստանՙ 3-0 (1-0)
Լվով, «Ուկրաինա» մարզադաշտ, 5-ը սեպտեմբերի, 27 հազար հանդիսական:
Մրցավարՙ Լ. Լոիզով (Կիպրոս):
Ուկրաինա-Յուրի Վիրտ, Օլեգ Լուժնի, Անդրեյ Նեսմաչնի, Ալեքսանդր Գոլովկո, Վլադիսլավ Վաշչուկ, Սերգեյ Սերեբրեննիկով (Սերգեյ Շիշչենկո, 65), Անդրեյ Շեւչենկո, Դմիտրի Պարֆյոնով, Գենադի Զուբով (Սերգեյ Պոպով, 46), Ալեքսանդր Մելաշչենկո (Անդրեյ Վորոբեյ, 74), Սերգեյ Ռեբրով:
Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Երվանդ Սուքիասյան, Կարեն Դոխոյան (Արարատ Հարությունյան, 82), Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Ռոմիկ Խաչատրյան, Արթուր Պետրոսյան, Արկադի Դոխոյան, Ալբերտ Սարգսյան, Արմեն Շահգելդյան (Հայկ Հակոբյան, 70), Անդրեյ Մովսիսյան:
Գոլերըՙ Շեւչենկո (13), Վորոբեյ (86, 90):
Զգուշացվեց Ռեբրովը:
Հանդիպման արդյունքը հսկայական նշանակություն ուներ ուկրաինացիների համար, որոնք բավական ակտիվ սկսեցին հանդիպումը: 10-րդ րոպեին Բերեզովսկին դժվարությամբ կասեցրեց Շեւչենկոյի հեռահար հարվածը, սակայն 3 րոպե անց նա արդեն անկարող էր փրկել դրությունը: Շեւչենկոն տուգանային հարվածով, մրցակցի կենդանի պատի վրայով, ինչպես նա դա արել էր թիմերի երեւանյան խաղում, վարպետորեն գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:
Բաց թողած գոլից հետո հյուրերը զգալիորեն ակտիվացան: Չգիտես ինչու, այդ օրը մեր հավաքականը բաց ֆուտբոլ էր խաղումՙ մեծ ուժերով նետվելով հարձակման: Իսկ ընդմիջումից հետո բավական ժամանակ հյուրերը տիրում էին նախաձեռնությանը, որն ինքնակամ մրցակցին էին զիճել ուկրաինացիներըՙ մեծ ուժերով նահանջելով սեփական կիսադաշտը: Ցավոք, այս էլ որերորդ անգամ հայ ֆուտբոլիստներն անկարող են լինում օգտա- գործել գոլային նպաստավոր պահերը: Իսկ այդպիսիք ներկայացան, սակայն վրիպեցին Սարգսյանը, Մովսիսյանը, Պետրոսյանը: Իսկ ահա դաշտի տերերը տակտիկապես ճիշտ կառուցելով խաղը, խաղավերջում հիանալի օգտագործեցին այն սակավաթիվ գոլային պահերից երկուսը, որ նրանք ստեղծեցին ողջ հանդիպման ժամանակ: Աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Վորոբեյը: Ճիշտ է, հանուն արդարության պետք է նշել, որ հաշիվը բնավ էլ ռեալ չի արտացոլում ուժերի հարաբերությունը խաղադաշտում, սակայն պարտությունն իրոք որ ուսանելի է մեր ընտրանու համար, որը կրկին հանգրվանեց աղյուսակի վերջին հորիզոնականում: