«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2001-09-07 | #161, 2001-09-08 | #162, 2001-09-11


ՌԵՎԱՆՇԻԶՄ

Ընդդիմությունն իր նպատակին կարող է հասնել, ռեւանշիստներըՙ երբեք

ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

Անցյալը

XX դարը նշանավորվեց ոչ միայն դարեր ի վեր կորսված հայոց անկախ պետականության վերականգնմամբ, այլեւ մեր ժողովրդի համար կարեւոր իրողությամբՙ ապրելու միանգամայն իրարից տարբեր սոցիալ-քաղաքական եւ տնտեսական հասարակությունների մեջ: Իրողություն, որը տարբերվում էր թե տնտեսության կազմակերպման ձեւերով, թե մարդկային արժեքային համակարգի բովանդակությամբ, անգամ ազգային գաղափարախոսության եւ հիմնախնդիրների միանգամայն այլ պատկերացումներով:

Առաջին հանրապետության տարիներին, հատկապես 1919 թվականից երկրում փաստորեն առկա էր միակուսակցական քաղաքական համակարգը: Դաշնակցական էր ամբողջ կառավարությունը, նշանակված խորհրդարանը եւ դատական համակարգը: Բոլշեւիկները, որոնք հետագայում ձեւավորելու էին ապագա իշխանությունը, գործում էին ընդհատակյա պայմաններում եւ իրենց ողջ կարողությամբ պայքարում էին գործող իշխանության դեմ: 1920 թ. հայտնվելով իշխանության ղեկին, նրանք օրենքից դուրս հայտարարեցին Դաշնակցության գործունեությունը: Տասնամյակներ անց, առաջին հանրապետության քաղաքական ղեկավարությունն իրականացրած կուսակցության հետ որեւէ առնչություն դատապարտվում էր ամենայն խստությամբ: 1921 թ. փետրվարին բոլշեւիկյան իշխանության հաստատումից մի քանի ամիս անց Դաշնակցությունը փորձեց հետ նվաճել կորցրած իշխանությունը: Այդ փորձը ժամանակին խորհրդային պատմագրության կողմից եւ ներկայումսՙ արժանացել է բեւեռային գնահատականի: Խորհրդային շրջանում այն որակավորվում էր որպես ավանտյուրա, ներկայումս ազգային-ազատագրական ժողովրդական շարժումՙ ուղղված բոլշեւիկյան բռնապետության դեմ: Խնդիր չհետապնդելով գնահատել 1921 թ. ներքաղաքական զարգացումը Հայաստանում, արձանագրենք, որ այն առաջին լուրջ ռեւանշիստական փորձն էր վերականգնելու կորցրած իշխանությունը:

Ի դեպ, 1918-21 թթ. ընթացքում պայքարը քաղաքական իշխանության համար բոլշեւիկների եւ դաշնակցականների միջեւ ընթանում էր հակառակորդ կողմին ֆիզիկական ոչնչացման ենթարկելու ուղղվածությամբ: Գործելով սփյուռքում, Դաշնակցությունը անթաքույց հետապնդում էր իշխանությանը վերադառնալու նպատակ:

Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումը, որը նախ եւ առաջ արդյունք էր համաշխարհային նշանակություն ունեցող լուրջ փոփոխությունների, իշխանության բերեց Հայաստանի համար միանգամայն նոր քաղաքական որակ պայմանավորող կազմակերպությանՙ ՀՀՇ-ին, որը ձեւավորվել էր արցախյան հիմնահարցի արդարացի լուծման համաժողովրդական շարժման արդյունքում, սակայն հայտնվելով իշխանության գլուխ, դեռեւս գտնվում էր գաղափարախոսական որոնումների մեջ (սկզբում հարաբերությունների փորձ Սոցինտերնի հետ, ապա ազատականության սկզբունքներ դավանելու հռչակում): Ելնելով վերջին հանգամանքից, անցյալի բացարձակ մերժումը դառնում է իշխանության հասած ՀՀՇ-ականների հիմնական կարգախոսներից մեկը: Մյուս կողմից Հայաստանի Կոմկուսը, որը խորհրդային իշխանության տարիներին որպես քաղաքական միավորում ամբողջովին կորցրել էր ինքնուրույնությունը, ազգային զարթոնքի պայմաններում անընդունակ էր ռեւանշիստական ինքնուրույն գործողությունների: 1991 թվականի օգոստոսին Մոսկվայում իրականացվեց կորսվող իշխանությունը վերականգնելու փորձ: Հայաստանում (այդ թվում կոմունիստական նոմենկլատուրայի վերնախավը) լուռ հետեւում էին ռեւանշիստական այդ դրսեւորմանը, որի տապալումից հետո ՍՄԿԿ-ն հայտարարվեց օրենքից դուրս: Տարիներ անց Ռուսաստանում Կոմունիստական կուսակցության ակտիվացման եւ ՀՀՇ-ական իշխանությունների տնտեսական քաղաքականության հետեւանքով Հայաստանի Կոմկուսը ոչ միայն դառնում է խորհրդարանական կուսակցություն, այլեւ բացահայտորեն սկսում է հայտարարել իր ռեւանշիստական ձգտումների մասին, հանդես գալիս հայոց պետության անկախության դեմ, կոչ անում վերականգնել ՍՍՀՄ-ը:

Իշխանության անցումը Դաշնակցությունից բոլշեւիկներին, իսկ վերջիններից ՀՀՇ-ին, մեր ժողովրդի կյանքում կատարված փոփոխությունների արտաքին կողմն էր:

Իրականում տեղի էր ունենում հասարակական կյանքի բոլոր ոլորտների արմատական փոփոխություն, իսկ կորսված իշխանության վերականգնման ձգտումըՙ ռեւանշիզմը, որպես նշված ուժերի կարեւորագույն նպատակ:

Ներկան

1998 թ. իշխանափոխության արդյունքում քաղաքական համակարգի փոփոխություն տեղի չունեցավ: Թե իշխանափոխության եւ թե հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով առաջացած ներքաղաքական իրավիճակի սրումն իրավական առումով հաղթահարվել է 1995 թ.-ից գործող սահմանադրության հետեւանքով: Սակայն հասարակության մեջ կորցրած իշխանությունը վերադարձնելու ձգտումով որոշակի շրջանակների առկայությունը ակնհայտ է: Հայաստանի հասարակության մեջ ռեւանշիստական ձգտումները հատուկ են մի քանի խմբերի, որոնք փորձում են հասարակությանը ներկայանալ որպես քաղաքական ընդդիմություն: Իրականում նրանք քաղաքական ընդդիմության դասական բնորոշմանը չեն համապատասխանում: Գործող իշխանության հետ գաղափարախոսական տարաձայնություններ չեն արտահայտում, տարբեր ժամանակահատվածներում վերջիններիս հետ ոչ միայն համագործակցել են, այլեւ առանձին պարագաներում ձեւավորել երկրի կառավարման համակարգը եւ ներկա կեցվածքը որդեգրել են իշխանության լծակներից զրկվելուց հետո միայն:

Ներկայիս ռեւանշիստների առաջին խումբը նախկին նախագահի անմիջական շրջանակն է, որը 1990 թ. վերջավորությունից 1998 թ. սկիզբն իրականացրել է պետական ղեկավարումը երկրում: Տիրապետելով որոշակի նյութական, լրատվական միջոցների, շարունակելով կապերը սփյուռքահայ առանձին մեծահարուստների հետ, այդ խմբի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, գիտակցում են, որ ընդունելի չեն հայաստանյան հասարակության ճնշող մեծամասնության կողմից: Առկա ռեւանշիստական այլ խմբերը խուսափում են բացահայտորեն եւ հրապարակավ համագործակցելու տերպետրոսյանականների հետ: Նշված մարդկանց առաջնային նպատակը գործող նախագահի պաշտոնանկությունն է, որից հետո ռեւանշիստական որեւէ խմբին իշխանության բերելը, ժամանակի մեջ ինտեգրացվելով նրա հետ, ապա կիրականանա կորսված իշխանության վերականգնումը:

Նպատակին հասնելու համար այս խումբը պատրաստ է համագործակցել որեւէ մեկի հետ: Իշխանություն իրականացնելու տարիներին, նամանավանդ վերջին շրջանում, հանդիսանալով գաղափարազուրկ խմբավորում, երբեւէ չընդունելով ազգային գաղափարախոսությունը որպես հասկացողություն, պատահական չէ, որ հենց այդ խմբի ներկայացուցիչներն են մաս կազմել այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին, որի գլխավոր նպատակն է, ըստ Թուրքիայի նախկին փոխարտգործնախարար, այդ հանձնաժողովի անդամ Օզդեմ Սանբերքի, «խոչընդոտել ամեն տարի Մ. Նահանգների Կոնգրեսի եւ արեւմտյան երկրների խորհրդարանների առաջ դրված ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններին, որոնք հետամուտ են թուլացնելու Թուրքիայի դիրքերը: Մեզ համար կարեւոր է, որ այդ հարցն այլեւս չքննարկվի Կոնգրեսում: Քանի դեռ մենք շարունակում ենք երկխոսությունը, վստահ եմՙ հարցը չի դրվելու Կոնգրեսի օրակարգում եւ մենքՙ թուրքերս, շահելու ենք դրանից»: Անհրաժեշտության դեպքում նրանք ռուսամետ են, այլ պարագայումՙ արեւմտամետ, հանդես են գալիս սոցիալ-դեմոկրատական կարգախոսներով, սակայն պնդում են, որ ազատական են:

1999 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի օրենսդիր իշխանությունը եւ կառավարությունը հիմնականում ձեւավորված էին Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կողմից: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով քաղաքական շրջանակի որոշակի մասը, որը անմիջականորեն կապված էր այդ գործիչների հետ, կորցրեց իշխանության լծակները: Տնտեսական արտոնություններից եւ ներքաղաքական զարգացման վրա ազդեցությունից զրկվեցին այդ գործիչների ընտանիքները: Ձեւավորվեց կորցրած իշխանությունը վերականգնելու նպատակ հետապնդող երկրորդ խումբը: Նրանց ներկայացուցիչների մի մասըՙ ժառանգելով բավականին լուրջ նյութական միջոցներ, ունենալով ուղղակի կապեր բանակի հրամանատարական կազմում եւ գործադիր իշխանության մարմիններում, որպես առաջնային նպատակ հետապնդում է ՀՀ նախագահի հեռացումն իշխանությունից:

Ռեւանշիստների երրորդ ուղղությունը ներկայացված է 80-ականի վերջում եւ 90-ականի սկզբում, Խորհրդային Հայաստանի վերջին տարիներին բավականին բարձր պաշտոններ զբաղեցրած եւ ՀՀՇ գործունեության առաջին շրջանում պետական լուրջ պատասխանատվություն ստանձնած անձնավորություններից, որոնք տարիներ շարունակ չեն համակերպվում իրական իշխանության ասպարեզից իրենց դուրս մնալու փաստի հետ: Այդ ուղղության ներկայացուցիչներն ուղղակիորեն իրար հետ կապված չեն: Նրանց հատուկ է ինքնահիացումը, անձնական մտավոր եւ կազմակերպական կարողությունների գերագնահատումը, որը հետեւանք է սեփական անձերի նկատմամբ ժողովրդականության պատրանքի: Նրանք վստահ են, որ անթաքույց հիացմունքը, որն արտահայտում են սոցիալական ծանր կացության մեջ գտնվող ժողովրդի որոշակի զանգվածները եւ նրանց հաջողությունը, անձնական առաջխաղացմամբ պայմանավորող, որոշ շրջանակների կողմից կարող է վճռորոշ գործոն հանդիսանալ ապագայի ներքաղաքական զարգացումների մեջ: Այդ խմբի ներկայացուցիչները հիմնականում դրական ընդունեցին 1998 թ. իշխանափոխությունը, բայց չստանալով բարձր պաշտոններ, այսինքնՙ չբավարարելով իրենց ռեւանշիստական նպատակները, դարձան առավել աղմկոտ «ընդդիմություն»:

Հնարավո՞ր է արդյոք ծագումնաբանությամբ, մտածելակերպով միանգամայն իրարից տարբեր, ժամանակին իրար անգամ թշնամի նշված խմբերի միավորումը: Այո, չէ՞ որ ակնհայտ է մի հարցում նրանց նպատակի նույնությունըՙ ՀՀ գործող նախագահի պաշտոնանկությունը: Կարո՞ղ են նրանք համատեղ հասնել իրենց նպատակին: Ոչ: Ժամանակակից քաղաքական պատմությունը սովորեցնում էՙ ընդդիմությունն իր նպատակին կարո՚ղ է հասնել, ռեւանշիստներըՙ երբեք:

Ապագան

Ընդդիմության առկայությունը զարգացած քաղաքական համակարգի անհրաժեշտ եւ պարտադիր մասն է: Քաղաքական ընդդիմությունը որոշակի գաղափարախոսության կրող է, եւ վերջինիս խնդիրն է իշխանության ստանձնման դեպքում կյանքի կոչել իր իսկ գաղափարախոսության վրա հիմնված նպատակները: Ռեւանշիզմին բնորոշ է միայն նպատակըՙ վերականգնել կորցրած իշխանությունը: Ռեւանշիզմը հիմնված է ատելության վրա, որը որպես օրինաչափություն կրում է անձնավորված բնույթ:

Ռեւանշիզմ հասկացողությունն առաջացել է ֆրանսերեն revanche (ռեւանշ) բառից, որը նշանակում է վրեժ լուծել, փոխվրեժ: Վրեժխնդրության վրա հիմնված քաղաքական շարժումը սնանկ է, անհեռանկար: Ռեւանշիստներին խորթ է նորի զգացումը, արարչական գործունեության որեւէ դրսեւորում: Նրանք կուրացած են իրենց իսկ նպատակովՙ վրեժ լուծել նրանցից, ովքեր գրավել են «իրենց» պատկանող տեղը: Ռեւանշիզմը վտանգավոր է: Նպատակին հասնելու համար մարդկանց այդ խումբն ընդունակ է ամեն ինչի: Նրանք պատրաստ են ոչ միայն անընդհատ խաբել սեփական ժողովրդին, այլեւ ծախել ցանկացածին, ով այս կամ այն չափով կնպաստի նրանց վրեժխնդրության բավարարմանը: Դա կարող է լինել օտարը, կարող է լինել անգամ թշնամին:

Ռեւանշիստական տրամադրություններով համակված քաղաքական միություններ առկա են նաեւ զարգացած քաղաքական համակարգ ունեցող երկրներում, սակայն նրանք երբեւէ որակ չեն կազմում: Այդ հանգամանքն արդյունք է քաղաքական ընդդիմության առկայության, որին, որպես կանոն, հատուկ է ձգտումը վերականգնելու իշխանությունը (եթե ժամանակին տիրապետել է), սակայն ռեւանշիստներից միանգամայն տարբեր ձեւով եւ որ ամենակարեւորն էՙ այլ նպատակներով: Քաղաքական ընդդիմությունը ձգտում է իշխանության, որպեսզի ավելի կատարյալ լինի կյանքը, չկրկնվեն անցյալի սխալները: Մինչդեռ ռեւանշիստներըՙ որպեսզի վրեժ լուծեն նախորդ իշխանություններից եւ վերականգնեն իրենց իշխանության օրոք առկա իրողությունները:

Հասարակական զարգացման ինչպիսի՞ իրավիճակը հնարավորություն կարող է ընձեռել, որ քաղաքական ընդդիմությունը հանդիսանա կարեւոր հանգամանք, նպաստի երկրի առաջընթացին, իսկ, ցավոք սրտի, մեզանում ավանդույթ դարձած ռեւանշիզմը դադարի գործոն լինելուց:

Նախ եւ առաջ երկրի քաղաքական համակարգի կայացումն է չորս, հինգ կուսակցությունների առկայությամբ, որոնք կրող են աշխարհում ընդունված առավել կարեւոր գաղափարախոսական ուսմունքների եւ ձեւավորված են ոչ թե արհեստագործական, համայնքապատկան եւ անձնապատկան սկզբունքով: Քաղաքական համակարգ, որը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում եւ ուր ուժային կառույցները չունեն արտոնյալ վիճակ եւ ապաքաղաքականացված են: Տնտեսական այնպիսի համակարգ, որը բացառում է մենաշնորհների հաստատումը եւ գործում է ազատ մրցակցության սկզբունքով:

Ակնհայտ է, որ նշված խնդիրների իրականացումը կարճ ժամանակահատվածում, հետխորհրդային երկրում, որն անցել է անկախության առաջին տարիներին բնորոշ տնտեսական եւ քաղաքական արհավիրքները, դժվար է, սակայն անհրաժեշտ է թեկուզ արձանագրել առաջընթացի միտումները:

Կարծում ենք, 2002 թ. տեղական ինքնակառավարման եւ այնուհետեւ երկրի օրենսդրական մարմնի ձեւավորման գործընթացը լուրջ հնարավորություն կհանդիսանա կարեւոր քայլ կատարելու դեպի իշխանության եւ քաղաքակիրթ ընդդիմության կայացման գործընթացը: Հնարավորություն, ոչ ավելին.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4