«Գրանդ սան» ընկերության պաշտոնական բացման ժամանակ հայտարարեց երկրի նախագահը
Հայաստանում լամպագործությունը 50 տարեկան է: Այս հոբելյանական տարեթվին եւ «Գրանդ սան» ընկերության պաշտոնական բացմանն էր նվիրված նախկին «Լույս» արտադրական միավորումում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը: Հրավիրվածների թվում էին բազմաթիվ պատգամավորներ, գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների պատասխանատուներ: Մինչ միջոցառման սկիզբը հյուրերը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ շրջեցին վերագործարկված եւ արդեն 8-9 ամիս գործող ձեռնարկության արտադրամասերում: Այստեղ աշխատանքային մթնոլորտ էր տիրում, եւ նկատելի էր ձեռնարկության աշխատակիցների լավատեսական տրամադրությունը:
Ճիշտ է, արտադրության ներկայիս ծավալները մի քանի անգամ զիջում են խորհրդային տարիների ծավալներին եւ հզորություններին, սակայն պետք է նկատի ունենալ, որ նոր սեփականատերը «Լույս» միավորումը ձեռք է բերել քարուքանդ եւ անմխիթար վիճակում: Այդ հանգամանքին անդրադարձավ նաեւ երկրի նախագահը ձեռնարկության դահլիճում ունեցած ելույթի ժամանակ: Նա համեմատեց գործարանի ներկայիս վիճակը 1997 թ.-ին եղած կացության հետ, ասելով, որ այն ժամանակ գործարանը ռմբակոծված շենքերի տպավորություն էր թողնում: Մինչ «Գրանդ» ընկերությունների նախագահ Հրանտ Վարդանյանի կողմից այն գնելը բազմաթիվ փորձեր են եղել ռազմավարական ներդնող գտնելու, բայց ապարդյուն: Իսկ երբ Հրանտ Վարդանյանը 1,5 տարի առաջ «Լույսի» վերաբերյալ հայտնել էր իր նպատակները, Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է ձախողման վտանգի մասին եւ առաջարկել գործարանը ձեռք բերել սիմվոլիկ գնով: Միայն թե հստակ պարտավորվածություն լինի աշխատատեղեր բացելու եւ արտադրություն զարգացնելու: Սակայն Հրանտ Վարդանյանը ցանկություն է հայտնել գնել գործարանըՙ տարբեր շահարկումներից զերծ մնալու համար: Այսօր, ինչպես նշեց նախագահը, արդյունքը տեսանելի է, այստեղ աշխատում են 1000-ից ավելի մարդիկ: «Գրանդ սանի» գործունեությունը, Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ, նաեւ համագործակցության հետաքրքիր օրինակ է մեր հարեւան եւ բարեկամ երկրիՙ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ լուրջ հնարավորություն Ռուսաստանի հետ ավանդական կապերը վերականգնելու համար:
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ արդյունաբերության ընդհանուր վիճակինՙ թվարկելով վերջին 1-2 տարվա ընթացքում վերագործարկված ձեռնարկությունները: Դրանք ենՙ «Կանազը», Վանաձորի քիմիական համալիրը, «Գրանդ քենդին», «Շողակնը», Հրազդանի ցեմենտի գործարանը, Ախթալայի լեռնա-հարստացուցիչ ֆաբրիկան, մաքուր երկաթի գործարանը, Մեղրաձորի հանքերը, Մարալիկի մանվածքային գործարանը, Երեւանի ոսկերչական գործարանը, Ագարակի եւ Կապանի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, «Մասիս տոբակոն» եւ այլն: Սա, ըստ նախագահի, հույս է ներշնչում, որ Հայաստանը կվերականգնի արդյունաբերական երկրի իր համբավը: Այնուհետեւ արձանագրելով, որ իր պաշտոնավարման ընթացքում որեւէ միջին եւ խոշոր ձեռնարկություն չի փակվել, այլ միայն վերագործարկվել է, Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց լրագրողներին «ուսումնասիրել այդ դաշտը»: Նա բացեց եւս «մի փոքրիկ գաղտնիք», հայտնելով, որ առաջիկա մի քանի ամիսներին վերագործարկված ձեռնարկությունների թվում կլինեն «Ալմաստը», «Դողագործը», «Տրանզիստորը», «Սապֆիրը», «Գյումրիապակին»:
Անդրադառնալով նախկին «Լույսի», ներկայիս «Գրանդ սանի» գործունեությանը, ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը լրագրողների հետ իր զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ գործարանի արտադրանքն այժմ հիմնականում առաքվում է Իրան: Որոշ կիսաֆաբրիկատների պատվերներ կան Ռուսաստանից եւ Իրաքից: Հատուկ լամպերի պատվերների ակնկալիքներ կան Եվրոպայից եւ Ամերիկայից: Ներկայումս ընկերությունն աշխատում է տարեկան 15 մլն լամպ հզորությամբ, նոր վառարանի գործարկմամբ այդ թիվը մոտ ապագայում նախատեսվում է հասցնել 40 մլն-ի: Այս ընթացքում 3,5 մլն դոլարի ներդրում է արվել: «Իսկ որքա՞ն է կազմում արտադրվող լամպի ինքնարժեքը եւ արտադրվող լամպերի քանակը բերո՞ւմ է դրա իջեցմանը» հարցին «Գրանդ սանի» նախագահը պատասխանեց, որ ոչ միայն ծավալների մեծացումից է կախված ինքնարժեքի ձեւավորումը: Կարեւոր է նաեւ ավելորդ գումարներ եւ ռեսուրսներ չծախսելը: Իսկ գործարանն այժմ աշխատում է «թեկուզ փոքր, բայց շահույթով»:
Զրույցի վերջում Հրանտ Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ 1-2 ամիս հետո ձեռնամուխ կլինի նոր ծրագրի իրականացմանը: Սակայն առայժմ հրաժարվեց ասել, թե ինչ ծրագրի մասին է խոսքը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ