Խորհրդարանական սվիններ ընդդեմ Ռասել Ջոնսթոնի
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ուղիղ երկու տարի առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը բացեց ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, որից երկու ամիս անցՙ հոկտեմբերի 27-ին, կատարվեց հայտնի ոճրագործությունը: Ինչպես ասում ենՙ ոտքը խերով չէր:
2001 թ. աշնանային նստաշրջանի բացման պատիվը դարձյալ Ջոնսթոնին էր տրված: Այս անգամ, սակայն, իրողություններն այլ էին, քանի որ Եվրախորհրդարանի նախագահն այցելել էր մի երկիր, որը ոչ վաղ անցյալում անդամագրվել էր միջազգային այդ կառույցին: Հենց դա էր պատճառը, որ լորդի ելույթը խորհրդարանում առանձնակի կարեւորություն ուներ, եթե նկատի առնենք մեր ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ Եվրախորհուրդ-Հայաստան նկատվող տարաձայնությունները: Այդ հարցերի բարձրացմամբ էլ Ռասել Ջոնսթոնն անուղղակիորեն հասկացրեց Հայաստանի օրենսդիր մարմնին, որ Եվրախորհուրդը սոսկ իրավախորհրդատու կառույց չէ, կարող է իր անդամ երկրներում ընթացող գործընթացների վրա նաեւ ազդել անմիջականորենՙ անկախ նրանից, թե նրա շուրջ ինչ դիրքորոշումներ ունեն տվյալ երկրի քաղաքական ուժերը:
Անդրադառնալով Հայաստանի ստանձնած պարտավորություններից հատկապես մահապատժի վերացման խնդրին, ԵԽ ԽՎ նախագահը հույս հայտնեց, որ եթե Հայաստանն ընդունել է եվրոպական ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ մնալու ուղղությունը, միանշանակորեն պետք է հրաժարվի մահապատժից: Անգամ այն դեպքում, երբ երկրում առկա է բացառիկ իրավիճակՙ կապված հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ ոճրագործների հանդեպ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի հետ: Ավելինՙ Ջոնսթոնը հորդորում էր հայ խորհրդարանականներին այդ հարցում անգամ անտեսել հասարակական պահանջը: Ըստ նրա, դրանք չընդունելու համար խիզախում է պետք, քանի որ ԵԽ-ն մահապատժի կիրառումը սկզբունքորեն է մերժում: Եվրոպական այդ կառույցի ղեկավարի նման տեսակետներն առնվազն տարօրինակ էին, եթե նկատի առնենք, որ ԵԽ-ն մշտապես մարդու իրավունքների ջատագով է հանդիսացել:
Սակայն միայն այս անակնկալով լորդ Ջոնսթոնը չսահմանափակվեց: Անցում կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքին, նա պարզորոշ հայտարարեց. «Եկել է ժամանակը, երբ ԵԽ-ն պետք է անմիջականորեն մասնակցի խնդրի կարգավորմանը», քանի որ երկու բանակցող կողմերըՙ Հայաստանն ու Ադրբեջանը, այդ կառույցի անդամներ են: Որպես հիմնավորում իր դիրքորոշման, Ջոնսթոնը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացն իրեն սպառել է, եւ այդ են վկայում եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄն-ում Քոչարյանի ու Ալիեւի անպտուղ հանդիպումները: Սակայն ուշագրավն առավելապես այն էր, Ջնսթոնը պնդեց, որ կարգավորմանը մասնակից դառնալու մասին հարցն ինքը քննարկել է հանգուցյալ Կարեն Դեմիրճյանի հետ, որը հավանություն է տվել մի քանի սկզբունքների. ա) գրավված տարածքները վերադարձվում են, բ) Հայաստանը Ղարաբաղի հետ կապվում է Լաչինի միջանցքով, գ) լուծվում են սահմանների որոշման խնդիրները: Հապճեպորեն արված այս հայտարարության մեջ խոսք անգամ չեղավ ԼՂ-ի կարգավիճակի մասին, որը վկայում է, թե Եվրախորհուրդը խնդրի մեջ լրջորեն չի խորացել:
Ավելորդ է ասել, որ այս ցնցող հայտարարություններին խորհրդարանն առավել քան բուռն արձագանքեց: ՀԺԿ-ի, Կոմկուսի եւ «Հայաստանի» մոտ 15-20 պատգամավորներ հենց ելույթի ընթացքում ցուցադրաբար դուրս եկան դահլիճից: Իրենց այդ քայլն ակտիվիստ ՀԺԿ-ական Արամայիս Բարսեղյանն «Ազգին» հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Մենք կտրականապես դեմ էինք նման արտահայտություններին: Կարեն Դեմիրճյանը երբեւիցե նման մտքեր չի ունեցել եւ նման բանակցություններ որեւէ մեկի հետ չի տարել: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մարդիկ նախապատրաստված կոնկրետ ծրագրով եկել են այստեղՙ ժողովրդին նախապատրաստելու զիջումների եւ, իբր, նախկին խոսնակն էլ դրա կողմնակիցն էր: Եվրախորհուրդն այն տունը չէ, որի մասին այդքան վառ պատկերացում ունեն այսօրվա իշխանությունները: Ինչպե՞ս կարելի է խոսել ժողովրդավարությունից եւ ասել, թե պարտադիր չէ, որ պատգամավորն անպայման կատարի իր ընտրողի պատգամը: Դա անթույլատրելի է»:
Իշխանությունները, սակայն, ելույթին շատ ավելի անտարբերությամբ մոտեցան, գտնելով, որ ԵԽ ԽՎ նախագահի ելույթը եւս մեկ փորձ է միայն ԼՂՀ կարգավորման մասնակից դառնալու համար: ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի կարծիքովՙ «Ելույթը եւ շատ երկար էր, եւ հիասթափեցնող, իսկ արված հայտարարությունները կարելի է համարել ցանկություններ: Դրանց պետք է հանգիստ վերաբերվել: ԼՂ հիմնահարցն արդեն 13 տարվա պատմություն ունի եւ ակնհայտ է, որ շատերն են ցանկացել մասնակցել կարգավորմանը: Եկել-գնացել են, բայց խնդիրը, ցավոք, մնացել է: Ի վերջո ստեղծված է Մինսկի խումբը եւ եթե որեւէ մեկն այն չի լուծարել, ապա նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցանկություններ»: Փոխխոսնակը գտնում է, սակայն, որ դրա համար մեղավորները ոչ թե Եվրոպայում են, այլ մեր արտաքին դիվանագիտության ներկայացուցիչները. «Շատ հաճախ մեր քաղաքական գործիչները, մեր պատվիրակություններն իրենք են թույլ տալիս ոտնահարել մեր արժանապատվությունը, եւ բնական է, որ ուրիշներն էլ սովորում են դրան եւ իրենց առանձնապես հավաք չեն զգում»: Թերեւս կարելի է ենթադրել, որ փոխխոսնակը նկատի ուներ նաեւ ԵԽ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը, որի մեղքն էր համարվում ժամանակին նաեւ ԼՂՀ-ում տեղական ընտրությունների անցկացման շուրջ ԵԽ հայտնի հայտարարության ձեւավորումը: Ի դեպ, Ռասել Ջոնսթոնը, որն այդ հայտարարության երեք ստորագրողներից մեկն է, ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, ըստ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի, խոստովանել է. «Նա ինքն անձամբ ընդունեց, որ սխալվել է, որ նման հայտարարությունները հաճախ ոչ միշտ են կշռադատված լինում: Նա կարծում է, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ուներ տեղական մարմինների ընտրություններ անցկացնելու»: Այս հանդիպման ընթացքում խորհրդարանականներն արտահայտել են իրենց անհամաձայնություններն արտահայտված մտքերին. «Մեր զրույցի հիմնական թեման մեր անհամաձայնություններն էին արտահայտված մտքերին:
Առաջին խնդիրը մահապատժինն էր: Մենք ասացինք, որ մենք ընդունում ենք մահապատժի վերացումը, սակայն Հայաստանում գործվել է աննախադեպ ոճրագործություն եւ Եվրոպան պիտի ըմբռնի, բացառություն անի: Երկրորդՙ մենք ասացինք, որ ԵԽ-ն պետք է ելնի Հայաստանի խորհրդարանի ընդհանրական դիրքորոշումից եւ գտնում ենք, որ եթե այսօր դանդաղում է կարգավորման գործընթացը, ապա մեղքն առաջին հերթին Ադրբեջանինն է, իսկ Մինսկի խմբի գործունեությունն ամբողջովին սպառված չէ: Եվրախորհրդի անմիջական ներգրավումը կարգավորմանը որեւէ լավ բան չի ավելացնի: Եվ երրորդը հիշյալ հայտարարության մասին էր»:
Կընդունի՞ արդյոք Եվրախորհուրդը Հայաստանի խորհրդարանականների կոչըՙ մահապատժի հարցում մեկ բացառություն թույլ տալ, դժվար է ասել: Սակայն հայտարարությունըՙ կապված ընտրությունների հետ, եւ Ջոնսթոնի կողմից ԼՂ կարգավորման անմիջական մասնակիցը դառնալու առաջարկն ակնհայտորեն վկայում են, որ Եվրոպայի հետաքրքրությունները տարածաշրջանի նկատմամբ մեծանում են: Եվ այդ հնարավորությունը եվրոպական կառույցներին ընձեռում է հենց տարածաշրջանի երկրների ընդգրկումը ԵԽ-ում: Սակայն ԵԽ-ի կողմից հանպատրաստից, հապճեպորեն արվող հայտարարությունները փաստում են նաեւ, որ իր ցանկություններով հանդերձ, այդ կազմակերպությունը դեռ պատրաստ չէ կոնֆլիկտի կարգավորման նոր մեխանիզմներ առաջարկելու: