«Լրատվամիջոցների դերը տարածաշրջանային բախումների հաղթահարման եւ թշնամու կերպարի վերացման գործում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 7-11-ը Հայաստանում էին գտնվում Ադրբեջանից եւ Թուրքիայից ժամանած լրագրողներ: Սա հանդիպումների երրորդ փուլն է, առաջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հունիսին Բաքվում, այնուհետեւ Անկարայում: Երեկ ժուռնալիստի տանը տեղի ունեցած մամլո ասուլիսում ծրագրի մասնակիցները փորձեցին ամփոփել եռափուլ հանդիպումները: Կարեւորելով զանգվածային լրատվամիջոցների դերը հասարակական կարծիքի ձեւավորման գործումՙ նրանք մասնավորապես նշեցին, թե անհրաժեշտ է վերացնել երեք ժողովուրդների թշնամանքը միմյանց նկատմամբ: Իհարկե, հնարավոր չէ դարերից եկող թշնամանքը վերացնել կարճ ժամանակահատվածումՙ հաշվի առնելով երկրների ներկայիս հարաբերությունները, սակայն թուրք, հայ եւ ադրբեջանցի լրագրողները համակարծիք են, թե զանգվածային լրատվամիջոցները հակամարտությունների թեմաներով իրենց հրապարակումներում պետք է զգուշորեն ընտրեն տերմինաբանությունը եւ չսրեն թշնամանքը: Լրագրողներն իրենց գործուն քայլերով կարող են հարթել ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող լարվածությունը, ինչպես նաեւ կարող են օգնել որոշ տարածաշրջանային խնդիրների հաղթահարմանը: Այս առումով համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Լրագրողներին հնարավորություն կընձեռվի միասնական ստեղծագործական նախագծեր իրականացնելու, կկազմակերպվեն հեռուստակամուրջներ, այսինքնՙ կստեղծվի ժողովուրդների անմիջական շփման հնարավորություն: Թուրք եւ ադրբեջանցի լրագրողները հնարավորություն կստանան հայ հասարակության հետ շփվելու, հաղորդումներ, հոդվածներ, ֆիլմեր պատրաստելու: Այդ հնարավորությունը կտրվի նաեւ հայ լրագրողներին: Մյուս տարվա գարնանը Թուրքիայում կստորագրվի երեք երկրների լրագրողական միավորումների համագործակցության արձանագրությունը, որից հետո արդեն գործուն քայլեր կարվեն:
Ի դեպ, թուրք լրագրողներից մեկը նշեց, թե 3 օր Հայաստանում գտնվելու ընթացքում նկատել է, որ հայերն ու թուրքերը մշակութային, կենցաղային շատ ընդհանրություններ ունեն, եւ իր առաջին հրապարակումը Հայաստանի մասին հենց դրան է վերաբերելու:
Մ. Հ.