Իմ բառերը չեն. «Արշակ Բ»-ի պրեմիերայի մասին Օլիմպիայի դերերգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանն է վկայում:
«Անհատական հաջողություններ շատ եմ ունեցել, բայց համահայկական այսպիսի հաջողության բերկրանք առաջին անգամ եմ ապրում», սեպտեմբերի 8-ին Սան Ֆրանցիսկոյում «Արշակ Բ»-ի պրեմիերայի ավարտին հուզված ասել է Օլիմպիայի դերերգչուհին: Օպերային թատրոնի 1200 տեղանոց լեփ-լեցուն դահլիճը հոտընկայս, որոտընդոստ ծափողջույններով է դիմավորել հայկական օպերայի առաջնախաղը միջազգային բեմում: «Մաեստրո Ճգնավորյանի բառերով, ծնունդը կայացավ», սեպտեմբեր 9-ին մեր հեռախոսազրույցում մեծ ոգեւորությամբ փոխանցեց երգչուհինՙ հավելելով. «Մենք բոլորս շատ աշխատեցինք, որ այդ իրադարձությունը կայանա»: Պապյանի եւ ամուսնուՙ թատրոնի մասնագետ Կոնրադ Կուհնի վկայությամբ, հրաշալի է հանդես եկել Ներսեսի դերերգիչ Տիգրան Մարտիրոսյանը, մնացածներից առանձնացել է Փառանձեմի դերերգչուհի ֆրանսուհի Նորա Գյուբիշի դրամատիկ խաղը:
Մասնագետները խիստ ծանրակշիռ գնահատական են տվել հատկապես Հասմիկ Պապյանին, որն, ի թիվս այլ մասնակիցների, առաջին անգամ է երգել օպերային այս բեմում եւ ում փայլուն կատարումը մեծապես նպաստել է հաջողությանը:
Թեպետ քննադատները շնորհավորելուց բացի տպագիր դեռ չեն փոխանցել իրենց գնահատականը տեղի մամուլին, բայց հանդիսատեսի օվացիան վկայում է, որ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» բեմականացումը դուր է եկել ամերիկացիներին, ովքեր, Պապյանի փոխանցմամբ, օպերային ուրիշ ավանդույթներ, չափանիշներ ունեն: Թերեւս վիճարկելի դառնա զգեստների դիզայների աշխատանքը. չինական ծագումով ամերիկացի Անիտա Յավիչը ֆեսերի ու չալմաների միջամտությանն է դիմել 4-րդ դարի հայկական ազգագրությունը վերակենդանացնելիս: Պապյանը մեկ այլ թերություն էլ է նկատում. նրա կարծիքով, հայկական պարը պիտի դառնար բալետային տարրերի հենքը, անգլիացի խորեոգրաֆի աշխատանքը թերի է այս իմաստով:
«Շատ կարեւոր է, որ հրավիրատոմսում տեղ է գտել նաեւ այդ ժամանակաշրջանի հզոր Հայաստանի քարտեզը, մեր զրույցում նկատել տվեց Կոնրադ Կուհնը: Ծրագրի տեղեկատվական բաժինը ամերիկացու համար ստեղծում է հայի ու Հայաստանի բոլորովին նոր կերպար, շատ տարբեր վաճառականի հաճախադեպ կաղապարից»: Պարոն Կուհնին դուր է եկել Չուխաջյանի երաժշտությունը: «Ոչ բոլոր ազգերը օպերա ունեն: Մեր հաջող բեմելով օպերասեր հանրությանն իրազեկեցինք այս մասին», շեշտում է Հասմիկ Պապյանը: Այս բեմադրության հետ կապված մեր զրույցներում Հասմիկը բազմիցս է ընդգծել «Արշակ Բ» հանձնախմբի անդուլ ջանքերի մասին, առանց որոնց հայերեն երգվող մեր օպերան միջազգային ճանաչված բեմ չէր բարձրանա: «Նրանք սարի պես կանգնած էին ողջ ընթացքում, եւ պրեմիերայի ջերմ ընդունելությունից հետո պետք էր տեսնել մեր հայրենակիցների արցունքախառն հուզմունքը», նշում է երգչուհին:
Օպերան, ինչպես ասում են, աղքատ գրպանի բան չէ: Կոնկրետ այս ներկայացման տոմսի ամենաբարձր գինը 165 դոլար է, ամենաէժանըՙ 23, եւ 1200 տեղանոց դահլիճում դատարկ աթոռների բացակայությունը մեծավ մասամբ պայմանավորված է ամերիկահայերի նախնական լավ կազմակերպած աշխատանքով:
Հայ մշակութային այս մեծ իրադարձությանը ՀՀ-ից պաշտոնական պատվիրակություն ներկա չի եղել, բեմական հաղթանակը տեղում ողջունել է միայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:
Հավելենք, որ հանդիսատեսի դատին է հանձնվելու «Արշակ Բ»-ի եւս 5 ներկայացումՙ սեպտեմբեր 11-ին, 16-ին, 21-ին, 27-ին, 30-ին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա