«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2001-09-07 | #161, 2001-09-08 | #162, 2001-09-11


«ԻՆՁ ՀԱՆՁՆԵՔ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ»

Իր հանդեպ իբր գործադրվող ճնշումները վկայակոչելովՙ պահանջում է Կարեն Հունանյանը

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երկուշաբթի օրվա նիստում հերթական անգամ նույն բովանդակությունը պարունակող միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Կարեն Հունանյանը: Դատապաշտպանի ծառայություններից ինքնակամ հրաժարված Կ. Հունանյանն անցյալում արդեն դիմել էր դատավորինՙ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրեն ԱԱՆ մեկուսարանից տեղափոխեն մեկ այլ վայր: Պատճառաբանությունն այս անգամ էլ նույնն է. մեկուսարանի աշխատակիցներըՙ հերթափոխի պետից մինչեւ շարքային ծառայողներ, ճնշումներ են գործադրում, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ ուղղում նաեւ եղբորՙ Ն. Հունանյանի հասցեին, մեկուսարանի շենքում բռնի ուժով պահում են իր հարազատներին ու մտերիմներին եւ այլն, եւ այլն: «Ես պահանջում եմ, որ իմ ճակատագիրն այսուհետեւ տնօրինի Մարդու իրավունքների միջազգային դատարանը, ինձ հանձնեք նրանց», նիստի ընթացքում բազմիցս հայտարարեց ամբաստանյալը: Այժմյան ճնշումներն, ըստ Կ. Հունանյանի, նախաքննության ողջ ընթացքում ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր հանդեպ կիրառված սպառնալիքների շարունակությունն են, որովհետեւ, նրա կարծիքով, ոտնձգություն կատարողները գործում են զինդատախազի գիտությամբ ու հրահանգով:

Երբ դատավոր Սամվել Ուզունյանը հետաքրքրվեց, թե հատկապես ինչ բնույթի սպառնալիքների մասին է խոսքը եւ առհասարակ ո՞րն է դրանց նպատակը հիմաՙ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներն ունենալուց հետո, վերջինս պատասխանեց. «Իմ ցուցմունքներից անհետացել են առանձին պարբերություններ, որոնք առնչվում էին երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վերաբերյալ իմ դատողություններին»: Ավելի որոշակի պատասխան ստանալու ակնկալիքովՙ ամբաստանյալին շարունակեցին հարցումներ ուղղել: Սպառնալիքներն, ինչպես պարզվեց նրա ցուցմունքից, խոսքից գործի չէին վերածվել, սակայն ամբաստանյալը շարունակում էր համառորեն պնդել նաեւ, որ իր բարեկամների հանդեպ էլ ճնշումներ են կիրառվում: Դատավոր Ս. Ուզունյանը միանգամից «հիասթափեցրեց» ամբաստանյալին. «Մենք իրավասու չենք ձեզ այլ դատական մարմնի հանձնելու»: Ապա հայտարարեց. «Որպեսզի ձեր խոսքերին ընթացք տրվի, պիտի նոր հիմքերով միջնորդություն լինի եւ ըստ այդմ էլՙ ուսումնասիրման նյութ դառնա, այնինչ այդ նոր հիմքը բացակայում է, հետեւաբար միջնորդությունը չենք քննարկի, այլ կուղարկենք ՀՀ գլխավոր դատախազին, որ ինքը որոշիՙ ինչպես վարվել...»: Սարգսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւն այս առիթով իր հարցերն ուղղեց Կ. Հունանյանին, սակայն վերջինիս պատասխանները մշտապես նույնն էին եւ անհամոզիչ:

Դատական նիստն ընդմիջումից հետո շարունակվեց Նաիրի Հունանյանի հարցաքննությամբ: Նա նշեց, թե իր հասցեին մշտապես հնչել են սպառնալիքներ, թեպետ ճնշումներ մայիսից ի վեր չեն եղել: Հունանյանը շարունակում էր պնդել, թե այդ օրը դահլիճում տեղի ունեցած իրադարձություններից գրեթե ոչինչ չի հիշումՙ մինչեւ տեսագրությունը դիտելը: Վարչապետի եւ մյուսների սպանությունները բացատրում է մեկ հանգամանքով ՙ անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվող Կարեն Հունանյանը, շեղվելով եղբոր ծրագրից, հրաձգություն է սկսել: «Ինչո՞ւ ձեր նախաքննական ցուցմունքներում այդ մասին չէիք նշում» փաստաբանի հարցինՙ Կ. Հունանյանին առնչվող, ամբաստանյալը պնդում էր, թե չէր հիշում, թե իրեն այդ մասին չեն հարցրել եւ այլն: Ռ. Միրոյանի եւ Մ. Քոթանյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Ա. Կարախանյանին հաջորդեց փաստաբան Մարինե Ջանոյաննՙ իր հարցադրումներով: Դրանցից պարզվեց, որ ամբաստանյալը մինչեւ հոկտեմբերի 27-ը ոչ անվանապես, ոչ էլ դեմքով չի ճանաչել իր զոհը դարձած Հենրիկ Աբրահամյանին, թեպետ փաստաբանը հայտնեց նաեւ, որ նրա հայրը մի քանի անգամ հոդվածներով է հանդես եկել «Հայաաստան» թերթում, որի խմբագիրն էր Աբրահամյանը: «Հենրիկ Աբրահամյանը հրազենի 4 վնասվածք է ստացել, դրանցից մեկը, որ մահացու է եղելՙ թիկունքից: Եթե նրան դիտավորյալ չեք սպանել, ո՞ւմ էր պետք այդ վերջինՙ ստուգողական կրակոցը», հարցրեց փաստաբանը: Հունանյանը պատասխանեց. «Կարենը կանգնած էր դեմքով դեպի դահլիճը եւ միայն դիմահար կարող էր կրակել: Հ. Աբրահամյանը թիկունքին կրակոց կարող էր ստանալ լոկ 2 դեպքում. եթե Կարենին մեջքով շրջվեր, կամ էլՙ եթե մեկ ուրիշը, ոչ թե մենք, թիկունքից կրակեր...»:

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4