ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մատակարարների եւ Հայկական ատոմային էլեկտրակայանի միջեւ ստորագրվել է պայմանագիրՙ միջուկային վառելիքի առուվաճառքի վերաբերյալ: Մոսկվայից վերադառնալուց հետո ՀԱԷԿ-ի տնօրեն Սուրեն Ազատյանը Արմենպրեսին տեղեկացրեց, որ անհրաժեշտ պայմանների կատարման դեպքում վառելիքը Հայաստան կհասնի 14 օրից, որից հետո կայանը հնարավոր կլինի վերագործարկել 20-21 օրվա ընթացքում:
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի նախարարիՙ Մոսկվա կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ներկրվելիք միջուկային վառելիքի դիմաց վճարումների առաջին 4 մլն դոլարը կատարել առաքմանը զուգընթաց, մնացած 9,78 մլն դոլարըՙ 90 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ կայանի աշխատող միակՙ երկրորդ էներգաբլոկը հուլիսի 10-ից կանգնեցվել է պլանային նորոգման եւ նախատեսվում էր վերագործարկել 45 օր հետո, սակայն էլեկտրակայանի վերաբեռնավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքի ներկրման խնդրի պատճառով մինչ օրս այն չի գործում: