«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2001-09-07 | #161, 2001-09-08 | #162, 2001-09-11


ԵՎՐԱԲԱՆԿԻ ՄԻ ՄԵԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Երկօրյա այցով Հայաստանում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎՉԵԲ-EBRD) մի մեծ ու ներկայանալի պատվիրակություն, որի մեջ ընդգրկված են բանկի բաժնետերերի ներկայացուցիչները: Սա փաստորեն բանկի տնօրենների խորհրդի առաջին այցելությունն է Հայաստան 1996 թ.-ից ի վեր:

Պատվիրակությունը երեկ այցելեց այն ընկերություններ, որոնցում բանկը ներդրումներ է կատարել եւ հանդիպումներ ունեցավ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, իսկ այսօր պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Օրվա վերջում ՎՉԵԲ ներկայացուցիչներին կընդունի ՀՀ նախագահը:

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը կոմերցիոն բանկ է: Նրա ներկայացուցչությունը Հայաստանում բացվել է 1998 թ.-ին: Մինչ այժմ Հայաստանում իրականացրած վեց ծրագրերի շրջանակներում բանկը ներդրել է 141,6 մլն եվրո: Բանկի տնօրենների խորհրդում, որն էլ հաստատում է բանկի բոլոր ներդրումները, ներկայացված են 62 բաժնետերեր, այդ թվումՙ 60 պետություններ, գումարած Եվրամիությունն ու Եվրոպական ներդրումների բանկը:

Հայաստան այցելած մոտ երկու տասնյակ տարբեր երկրների տնօրենների այցելությունը, ըստ ՎԶԵԲ-ից ստացված տեղեկատվության, նպատակ ունի ընդգծել բանկի պատրաստակամությունըՙ շարունակելու աջակցությունը Հայաստանի մասնավոր ոլորտի ներդրումներին, ինչպես նաեւ «օգնել, որպեսզի բանկի կողմից Հայաստանի համար ֆորմալ նոր ռազմավարության պատրաստման փուլում տնօրեններն ավելի լավ հասկանան երկրի ներդրումային միջավայրը եւ բարեփոխումների ընթացքը»:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4