Հյուսիսային պողոտայի նախագիծն արդեն կյանքի է կոչվում, եւ բնական է այս տարածքում ապրողների անհանգստությունը, թե ինչպես պետք է տրվեն փոխհատուցումները իրենց տների, հողատարածքների դիմաց: Վերջին ամիսների ընթացքում ունեցած ելույթներում Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանը եւ այլ պատասխանատու պաշտոնյաներ, ի պատասխան բնակիչների անհանգստությունների նշում էին, որ նրանք անհանգստանալու հիմքեր չունեն, ոչ մի բնակիչ դժգոհ չի մնա կատարվելիք գործարքից: Խոստումները խոստումներ են մնում, եւ սկսված գործընթացն արդեն իսկ հաստատում է, որ բնակիչների անհանգստություններն անհիմն չեն: Սեպտեմբերի 7-ին Հյուսիսային պողոտայի տարածքների մի մասի աճուրդն արդեն տեղի է ունեցել, սակայն, բնակիչների համոզմամբ, այն արդեն իսկ կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով: Մասնավորապես, ըստ ՀՀ հողային օրենսգրքի 104-րդ հոդվածիՙ պետության եւ համայնքների կարիքների համար վերցվող հողամասի գինը, ժամկետները եւ այլ պայմանները որոշվում են հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ, Երեւանի քաղաքապետը կառուցման համար հողամասեր տրամադրելու մրցույթ կամ աճուրդ կարող է հայտարարել ոչ շուտ, քան օտարման գոտում գտնվող անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով վերցնելը: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածի, հողամասը վերցնելու որոշում ընդունած պետական մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հողամասի սեփականատիրոջը:
Այս ամենն ամրագրված է օրենքով, սակայն Հյուսիսային պողոտայի տարածքում ապրող սեփականատերերը տեղի ունեցած գործարքի մասին, որ իրենց սեփականություն հանդիսացող տարածքներն արդեն վաճառվել են, տեղեկանում են հեռուստատեսությունից: Կարծում ենք անհիմն չէ բնակիչների վրդովմունքը եւ այն կարծիքը, թե իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստում:
Երեկ մենք փորձեցինք իրավասու մարմինների պարզաբանումներ ստանալ, բայց դա մեզ չհաջողվեց, ինչը կփորձենք իրականացնել այսօր:
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ