«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2001-09-07 | #161, 2001-09-08 | #162, 2001-09-11


ՎՃԱՐԵԼ, ԲԱՅՑ ՈՐՔԱ՞Ն

Մեր թերթի նախորդ համարում «Քաղաքացու ամբիոն» վերտառության ներքո տպագրվեց Արկադի Մարությանի հոդվածն Արմենտելի հետ եւ շուրջ ծավալվող րոպեավճարային իրադարձությունների մասին: Դատելով խմբագրություն ներկայացած հոդվածագրի արտաքինից, նրա ներկայացրած գրության քերականական եւ ուղղագրական սխալներից, կարելի է պնդել, որ նա մեր հասարակության համեստ, շատ համեստ խավի ներկայացուցիչ է: Սակայն, մյուս կողմից, դատելով այդ խիստ քաղաքականացված եւ բավականին խճճված հարցին նրա մոտեցումից, կարելի է գոհունակությամբ արձանագրել, որ, համենայն դեպս, մեր ժողովրդի մեջ կա նաեւ առավել ողջախոհ հատված, որը տնտեսական-շուկայական հարցերի ըմբռնման մեջ արդեն անցել է Ռուբիկոնը, վաղուց ձերբազատվել խորհրդային մտայնությունից եւ ազատական տնտեսությունը նրա համար դարձել է անշրջելի, ըմբռնելի, ընդունելի իրողություն: Մի բան, որ չես ասի քաղաքական եւ նույնիսկ պետական մեր շատ գործիչների մասին, նույնիսկ նրանցՙ ովքեր ստանձնել են ազատական տնտեսության հարաբերություններ ստեղծելու պարտականությունը մեր երկրում: Ավելինՙ լինելով շարքային քաղաքացի, մեր հոդվածագիրն իրեն ազատ է զգում հակաժողովրդական երեւալու մտահոգությունից:

Ի՞նչ է ասում հոդվածագիրը:

Նախՙ նրա մտքում ոչ մի կասկած չկա, որ հեռախոսային րոպեավճարն անխուսափելի է: Յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության դիմաց պետք է վճարել, եւ այդ վճարը պետք է համապատասխան լինի տվյալ ապրանքը կամ ծառայությունն օգտագործելու, սպառելու չափաքանակին: Դա է պահանջում շուկայի տարրական օրենքը: Սակայն, ելնելով հենց միեւնույն օրենքից, մեր հոդվածագիրն իրավամբ հարց է տալիսՙ այո, րոպեավճար պիտի վճարել, բայց ի՞նչ ապրանքի դիմաց. Արմենտելի առաջարկած ապրանքը կամ ծառայությունն այդքան չարժե, դրա գինն ընդամենը կես կամ շատ-շատ մեկ դրամ արժե:

Երկրորդ կարեւոր դասը, որ տալիս է մեր հայրենակիցը, մարկետինգին է վերաբերում: Թեեւ այդ բառը նա չի օգտագործում հոդվածում ու թերեւս ծանոթ անգամ չէ բառին, բայց հենց մարկետինգի իսկական էությանն է անդրադառնում, երբ Արմենտելին խորհուրդ է տալիս ուսումնասիրել սպառողների, այս դեպքումՙ ժողովրդի հոգեբանությունը, որ 70 տարի սովորած լինելով մի տնտեսաձեւի, այժմ ստիպված է գործ ունենալ բոլորովին այլ տնտեսաձեւերի հետ: Եվ նա խորհուրդ է տալիս սկզբում թեկուզ աննշան շահատոկոսով աշխատել ժողովրդի հետ, վարժեցնել նրան րոպեավճարի գաղափարին եւ այնուհետեւ միայն անցնել նորմալ սակագների, պայմանով, որ դրանք տրամաբանական եւ համոզիչ լինեն: Այնինչ Արմենտելի ղեկավարությունն առաջին մեկ օրից բոլորովին այլ «մարկետինգ» է անցկացնում մեր պետական պաշտոնյաների հետ.

Մեր հերթին խորհուրդ կտայինք մեր պետական պաշտոնյաներին, մեր մանր ու մեծ քաղաքական գործիչներին, որ մեկ-մեկ էլ լսեն ժողովրդի միջից հնչող առողջ ձայները, այն ժողովրդի, որի շահերն իբր պաշտպանելու համար կուրծք են ծեծում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4