ՌԴ-ում ՀՀ դեսպան Սուրեն Սահակյանը վստահեցնում է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա
- Պրն Սահակյան, վերջին տասը տարիներին ՌԴ նախագահը առաջին անգամ պաշտոնական այց է կատարում Հայաստան: Երեւան-Մոսկվա ռազմավարական առկա համագործակցությունը, մասնավորապես սեպտեմբերի 14-16-ը Վլ. Պուտինի այցելությունը ինքնին խոսում են հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է տալ ՌԴ նախագահի Երեւան այցելությունը հայ-ռուսական հարաբերություններին:
- Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ իրոք շատ բարձր մակարդակի վրա են, բայց հարաբերությունները զարգանում են մի քանի ուղղություններովՙ ռազմական, քաղաքական, մշակութային, տնտեսական: Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները չեն հասել այնպիսի մակարդակի, ինչպիսին Երեւան-Մոսկվա ռազմաքաղաքական համագործակցությունն է: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ այդ իրողությունն արտացոլված է երկու երկրների միջեւ ստորագրված բազմաթիվ փաստաթղթերում: Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները, հարեւան երկրների կողմից Հայաստանի շրջափակման, ընդհանուր սահմանի բացակայության, տրանսպորտային մեկուսացվածության պատճառներով, չեն հասել այն մակարդակին, ինչպիսին պետք է լինեին: Ինչպես գիտեք, Հայաստանը Ռուսաստանին ունի պարտքեր, որոնք կարող են մարվել մի քանի ճանապարհովՙ պետական պարտքի դիմաց համատեղ ձեռնարկությունների ստեղծման կամ ռուսական կողմին հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերի մի մասը փոխանցելու եղանակով: Դա կբերի նրան, որ ռուսական շուկայում կաճի հայկական ապրանքատեսակների տեսակարար կշիռը, Հայաստանում կստեղծվեն նոր աշխատատեղեր: ՌԴ նախագահ Պուտինի հայաստանյան այցից հիմնականում սպասում ենք հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առաջընթաց:
- Պրն դեսպան, վերջին 1,5 տարիներին, նկատի ունեմ Պուտինի նախագահության շրջանը, խոսվում եւ գրվում է հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված «պարադոքսալ» վիճակի մասին, որոշ դեպքերում այդ հարաբերությունները բնութագրվում են «բարդ» տերմինով: Ձեր կարծիքով, ՌԴ նախագահի այցը Հայաստան կհարթի՞ այն կնճիռները, որոնց մասին խոսվում եւ գրվում է, մասնավորապես ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներում:
- Ճիշտն ասած, ռուսական մամուլում զանգվածային կերպով հայ-ռուսական հարաբերությունների բարդության մասին հրապարակումներ չեմ նկատել: Եղել են հոդվածներ, որոնցում իրադարձությունները մեկնաբանվել են այս կամ այն կերպ: Գիտեք, քաղաքական դաշտը բազմերանգ է, հավանաբար դա է պատճառը, որ նման կարգի հոդվածներ են հրապարակվում: Երկրորդ, որ իմ կարծիքով ավելի կարեւոր է, Վ. Պուտինի նախագահ ընտրվելուց հետո տնտեսական հարցերում Ռուսաստանը վարում է պրագմատիկ քաղաքականություն, եւ երբ տնտեսական հարաբերությունները տեղափոխվում են պրագմատիկ դաշտ, տարաբնույթ խոսակցությունների առիթ են տալիս: Եթե Հայաստանը Ռուսաստանին պարտքեր ունի, ապա այդ պարտքերը պետք է մարվեն, եւ դա համարել հայ-ռուսական հարաբերություններում բարդություն, ճիշտ չէ: Այսօր բոլոր նորանկախ պետությունները այդ առումով միմյանց հետ ունեն բարդ հարաբերություններ: Բայց ես նորից եմ կրկնում, Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, երկու պետություններն ունեն անվտանգության ընդհանուր համակարգ: Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ոլորտում համագործակցությունը շարունակվելու է, որովհետեւ Հայաստանի անվտանգությունը մեզ համար ամենակարեւորն է: Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հետ են մնացել, քանի որ դրա վրա քիչ ուշադրություն է դարձվել: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի համար ծանր տարիներին Ռուսաստանի օգնության տրամադրումը, մասնավորապես ատոմային վառելիքով: Ասել, թե հայ-ռուսական հարաբերությունները բարդ են, իմ կարծիքով, քաղաքական ճիշտ մոտեցում չէ:
- Պաշտոնական Երեւանը իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է կոմպլեմենտարությամբՙ փոխլրացվածության սկզբունքով: Արդյոք կրեմլյան եւ ընդհանրապես ռուսական քաղաքական շրջանակներն այդ անվան տակ չե՞ն հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականության արեւմտամետ ուղղվածության միտումներ:
- Հայաստանը, իմ կարծիքով, վարում է հայամետ արտաքին քաղաքականություն: Մենք ունեք չորս հարեւան, պե՞տք է վարենք «հարեւանամետ» քաղաքականություն: Մեր տարածաշրջանումՙ Անդրկովկասում, բախվում են մեծ տերությունների շահերը: Պե՞տք է այդ պետություններին «մետ» քաղաքականություն վարենք: Ինքըՙ Ռուսաստանը, որոշ հարցերում առաջնորդվում է կոմպլեմենտար արտաքին քաղաքականությամբ: Նույնըՙ ԱՄՆ-ը: Մենք երբեմն հարցերին մոտենում ենք հուզականորենՙ տեսնելով միայն սեւն ու սպիտակը, առանց այլ երանգների:
- Վերջնականապես համաձայնեցվա՞ծ է, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվելու Վ. Պուտինի այցի ընթացքում, հայտնի՞ են այն ձեռնարկությունների անունները, որոնց հիմքի վրա պետք է ձեւավորվեն հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ:
- Ընդհանուր ցանկը քննարկվել է, ռուսական կողմը առավել հետաքրքրված է Հայաստանի ռադիոէլեկտրոնիկայի, ռազմատնտեսական համալիրի ձեռնարկություններով: Կոնկրետ ձեռնարկությունների անունները չեմ ցանկանում թվարկել, որովհետեւ վերջնական պայմանավորվածությունների առումով գործընթացը երկարատեւ է, եւ այդ ցանկը դեռ շատ «մաղեր» կանցնի: Հիմա աշխատում են փորձագետները, տալիս իրենց գնահատականները:
- Պրն Սահակյան, հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները, ինչպես նշեցիք, շատ բարձր մակարդակի վրա են, փաստորեն Ռուսաստանը Հայաստանում հաստատվում է նաեւ տնտեսապես: Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներում այն կարծիքն է արտահայտվում, թե մեր երկրում Ռուսաստանի տնտեսական ազդեցության աճը կարող է բացասական ազդեցություն թողնել Հայաստան-Արեւմուտք, մասնավորապես Հայաստան-միջազգային ֆինանսական կազմակերպություններ հարաբերություններում: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ընտրությունը, որ ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ Արեւմուտքը, այսպես ասենք, «չնեղանան»:
- Պետք է հաշվի առնել այն, թե յուրաքանչուր քայլից հետո ինչ արդյունքներ է ստանում Հայաստանը: Ես չեմ կարծում, թե Ռուսաստանի տնտեսական «ներխուժումը» Հայաստան մեր հանրապետությանը վնաս է: Մենք պետք է առաջնորդվենք Հայաստանի շահերով: Ռուսաստանը 150 միլիոնանոց շուկա է, դրան գումարենք ԱՊՀ ողջ տարածքը, եւ եթե հայ-ռուսական համատեղ ձեռնակությունների ստեղծումով մենք կարողանում ենք մի քանի անգամ ավելացնել հայկական ապրանքների արտահանումը, ապա մեր հանրապետությանը վնաս չենք բերի:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Մոսկվա