Ցլամարտն անցկացվեց անկախ ամեն ինչից
Անցած ուրբաթ Վազգեն Սարգսյանի անունը կրող մարզադաշտում «պատմական երեւույթ» արձանագրվեց: Գոնե այսպես է կարծում իսպանացի ցլամարտիկ Խեսոսը: Ցուլը սպանվեց: Իսպանական ցլամարտի պատմության վերջին երկու հարյուր տարվա ընթացքում միայն 4 դեպք կարելի է հիշել, որից մեկն, ահա, «պատիվ արվեց» Հայաստանին:
Երբ իսպանական կորիդայի մասնակից երրորդ ցուլը քանդեց կանաչապատ դաշտի կենտրոնում հարմարեցրած ճաղավանդակը եւ մոլեգնած սկսեց տրորել կանաչը, իսպանական ողջ անձնակազմը մեկ ժամ փորձում էր հանգստացնել կատաղած կենդանուն: Այդ «առաքելությունը» չկարողացան կատարել նաեւ հատուկ հանգստացնելու նպատակով բերված հայկական կովերը: Ստիպված դաշտ մտան հրաձիգները, որոնք «շտապօգնության» մեքենայից 8 գնդակ արձակեցին ցուլի վրա: Ի վերջո, գործի դրվեց վերջին միջոցըՙ դաշտ բերվեց խոցող սուրը, եւ մահից հազիվ փրկված մատադոր Խեսոսը սպանեց կենդանուն: «Ինչպես տեսաքՙ երկար ժամանակ ամեն ջանք գործադրվեց, որ ցուլին վերադարձնենք ճաղավանդակ, ցլամարտի ավարտից հետո հայտարարեց Խեսոսը: Բայց նույնիսկ կրակոցներով վնասազերծել չհաջողվեց: Ես հարցրի ժողովրդի կարծիքը: Հանդիսականների միահամուռ համաձայնությամբ ցուլը սպանվեց»: Սպանությունը ցուլի համար պատիվ համարելով, Խեսոսն ապա շարունակեց. «Այն, ինչ կատարվեցՙ ոչ աչքերի հետ է կապված, ոչ էլ գլխի: Սա բխում է սրտից: Եվ այս գեղեցիկ մշակույթն ընդունեց հայ ժողովուրդը»:
Ի դեպ, այս շոուի կազմակերպիչներըՙ «X գրուպ» կոնցեռնի եւ կոնցեռնի մեջ մտնող «Վալենսիա» համատեղ ձեռնարկության ղեկավարները ցլամարտը նույնպես անվանեցին «մշակույթ եւ արվեստ», իսկ կոնցեռնի նախագահ Խաչիկ Խաչատրյանը դեռեւս ցլամարտից առաջ հայտարարեց. «Մենք մեր հանդիսատեսին արդեն զգուշացրել ենք (գուցե պարոն Խաչատրյանն ուզում էր ասելՙ հավաստիացնե՞լ), որ ցուլը դաշտում չի սպանվելու»: Ավելինՙ ցուլը ոչ միայն դաշտում սպանվեց, այլեւ դրանից հետո կենդանու լեշը մինչեւ շոուի ավարտը մնաց այդտեղ: Իսկ հանդիսատեսի համար ավտոմեքենաներ էին խաղարկվում.
Մինչ ցլամարտը սկսելն արձագանքներ եղան այս շոուի անցկացման նպատակահարմարության առիթով, հատկապես հիմա, երբ ողջ հայությունը տոնում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Նույնիսկ օտարները կարծիք հայտնեցին: «Հայաստանը եզակի մշակույթ ունեցող երկիր է, որի համար պետք է անընդունելի լինի բռնությունը կենդանիների նկատմամբ», ասված է ֆրանսիական, գերմանական, իսպանական եւ պորտուգալական 27 կազմակերպությունների ներկայացուցիչների նամակում: Իսկ աշխարհահռչակ արտիստուհի Բրիջիդ Բարդոն հայտարարեց. «Կենդանիների այդ մարտերն Արեւմտյան Եվրոպայի ամոթն են եւ խորհրդանշում են մարդու մեջ եղած ամենայն վատը, քամահրելին»:
«Ազգը» դեռեւս սեպտեմբերի 4-ին գրել էր այս մասին եւ սարկազմով խոսել միջոցառման կազմակերպիչների համառ նպատակաուղղվածության մասին:
Բայց եթե կարելի էր հաշվի չառնել այս կարծիքները, ապա գոնե պետք էր հարգել Հայ առաքելական եկեղեցու կարծիքը, որը դեռ օգոստոսի 29-ին պաշտոնապես հայտարարեց. «Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում եւ չի սատարում զվարճանքային այնպիսի միջոցառումները, որպիսիք արյունալի տեսարաններ են մատուցում զանգվածներինՙ հիմնովին խաթարելով հատկապես մանուկների, պատանիների եւ երիտասարդների հոգեւոր կերտվածքը, ձեւախեղելով քրիստոնեական բարոյականության ու քրիստոնեական կենսակերպի չափանիշները»:
Մոսկվայում կարողացան հասնել այն բանին, որ քաղաքապետ Լուժկովն արգելեց պորտուգալական ցլամարտի անցկացումը: Երեւանում. կարողացան անցկացնել իսպանական ցլամարտը, որովհետեւ եթե այս միջոցառումը չպիտի անցկացվեր, ապա, ըստ «X գրուպ» կոնցեռնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի, պետք է «աղմուկ բարձրացնենք ու արգելենք նապաստակների, շների, աղվեսների, գայլերի եւ կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների մորթիներով մուշտակների վաճառքը»:
Իսպանական ցլամարտն անցկացվեց, տեղի ունեցավ մեր մտավորականության, արվեստի եւ մշակույթի գործիչների, մշակույթի նախարարության լուռ համաձայնությամբ: Զարմանալ կարելի է. քանի՞ անգամ են Երեւանում իսպանացի Գոյայի նկարները ցուցադրվել, քանի՞ անգամ են Երեւան բերվել Մադրիդի աշխարհահռչակ «Պրադո» թանգարանի գանձերի գոնե փոքրիկ մի մաս, քանի՞ անգամ են Սերվանտեսի, Լոպե դե Վեգայի տոներ անցկացվել, իսպանացի Պաբլո Սարասատեի քանի՞ փառատոն է անցկացվել:
Իսկ եթե վաղը մի ուրիշ «X գրուպ» որոշի գլադիատորների մարտեր անցկացնե՞լ: Գնալու ենք ստադիոն եւ հին հռոմեացիների նման բութ մատով գետի՞նն ենք ցույց տալու:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ