Գեւորգ Զ. Չորեքչյանի «Պատարագը»
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, որոնց մի մասը, անկեղծ ասած, կամ արվում է շատ անարվեստ, կամ կապ չունի այս հոբելյանի հետ: Այս իմաստով հիշատակության է արժանի փարիզաբնակ նախկին երեւանցի երաժիշտ Կոմիտաս Գեւորգյանի նախաձեռնությունը, որը հրատարակել է մեր եկեղեցու հայրապետներից Գեւորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի հեղինակած, մշակած եւ դաշնավորած «Պատարագի» մինչ այսօր չհրատարակված ձեռագիրը:
- Անցյալ գարնանը կրկին Երեւանում էի, մեր զրույցի ժամանակ ասաց Կոմիտաս Գեւորգյանը, եւ ձեռքս անցավ մեր վեհափառներից Գեւորգ Չորեքչյանի երիտասարդության տարիներին հորինած «Պատարագը», որը ձեռագիր վիճակում էր: Այս տարի մարտին կարողացա այն ձեռք բերել եւ օգոստոսի 15-ին հրատարակել, քանի որ այս գործն իսկապես անչափ արժեքավոր է:
Չայկովսկու անվան Երեւանի երաժշտական 10-ամյա դպրոցի սան Կոմիտաս Գեւորգյանըՙ երաժշտական աշխարհին հայտնի խմբավար Հրանտ Գեւորգյանի որդին, Փարիզում կատարելագործվել է դիրիժորության մեջՙ ֆրանսիացի անվանի խմբավար Ժերար Դվոսի մոտ: Քսան տարուց ավելի ղեկավարում է Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու երգչախումբը: Զբաղվում է երաժշտագիտությամբ եւ հրատարակչական գործով, հատկապես երաժշտագրությամբ: 10-ից ավելի երաժշտական նոտատետրակներ է պատրաստել արդենՙ Մակար Եկմալյանի «Պատարագը», Կոմիտասի «Պատարագի» երկու տարբերակը (արական եւ երկսեռ երգչախմբերի համար), «Տեր ողորմեա»-ների (15-16 նմուշ), «Հայր մեր»-ների: «Հայ եկեղեցական երգերի շարքը» Կոմիտաս Գեւորգյանը որոշել է շարունակել:
- Այս հրատարակությունը, կարծում եմ, կհետաքրքրի հայ երաժիշտներին եւ երաժշտագետներին, ինչու չէ, նաեւ կենսագիրներին, ասում է Կոմիտաս Գեւորգյանը: Անչափ շնորհակալ եմ հոգեշնորհ տեր Ժիրայր ծայրագույն վարդապետ Թաշճյանինՙ իր խորհուրդների համար:
Կոմիտաս Գեւորգյանը սոսկ հոգեւոր երաժշտությամբ չի զբաղվում: Այժմ արդեն հրատարակության համար պատրաստել է հայ կոմպոզիտորների դաշնամուրային տոկատաների ալբոմը, որը ներառելու է Տիգրան Չուխաջյանից սկսած մինչեւ մեր օրերի կոմպոզիտորների գործերը:
Պատահական չէ Կոմիտաս Գեւորգյանի սերն առ հոգեւոր երաժշտությունը: Հայրըՙ Հրանտ Գեւորգյանը, անձամբ ճանաչել է Ամենայն հայոց հայրապետ Գեւորգ Զ Չորեքչյանին եւ 1950 թ. նրա հրավերով եւ բարձր կարգադրությամբ հիմնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդային տարիների առաջին երգչախումբըՙ կազմված մեծ մասամբ հայրենադարձներից: Ինքըՙ Կոմիտաս Գեւորգյանը, վաղ հասակից գիտեր, որ դեռեւս սարկավագության կարգում գտնված մեր ապագա հայրապետը պատարագ է հեղինակել: Տարիների փնտրտուքը վերջապես պսակվեց հաջողությամբ:
«Թէ ի՞նչ կը բերէ մեզի Չէօրէքեանցի մշակած «Պատարագը», եւ թէ ի՞նչ դեր վիճակուած է անոր, եւ ի՞նչ տեղ ան կրնայ գրաւել մեր եկեղեցական երգեցողութեանց բնագաւառէն ներսՙ այդ ժամանակն է, որ պիտի որոշէ», գրված է այս յուրօրինակ հրատարակության վերջաբանում: