«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2001-09-07 | #161, 2001-09-08 | #162, 2001-09-11


ՉԳԻՏԵՍ ԼԱ՞Ս, ԹԵ՞ ԽՆԴԱՍ

Մեկամսյա ընդմիջումից հետո մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը: Խաղացանկով նախատեսված հինգ հանդիպումներից կայացավ միայն երեքը (տարբեր պատճառներով հետաձգվել են «Սպարտակ»-«Բանանց» եւ «Զվարթնոց»-«Ղարաբաղ» մրցախաղերը): Այդ երեք հանդիպումներում խփվեց ոչ ավել, ոչ պակաս 20 գնդակ: Սա այն դեպքն է, երբ չգիտես լա՞ս, թե՞ խնդաս: Բոլոր հանդիպումներն էլ ավարտվեցին խոշոր հաշիվներով, ինչն այս առաջնության համար արդեն սովորական երեւույթ է: Նշենք, որ կայացած 69 խաղերից 27-ում գրանցվել է խոշոր հաշիվ: Սա խոսում է ազգային առաջնության մասնակիցների խաղամակարդակների խիստ տարբերության մասին: Պատճառը բոլորին է հայտնի. արհեստական ձեւով բարձրագույն խմբի թիմերի թվաքանակի աճը բնավ էլ չբերեց որակական աճին, այլ ընդհակառակը, ավելի գցեց առաջնության վարկն ու մակարդակը: Իսկ դրա դառը պտուղները մենք արդեն վայելել ենք: Առաջնության հանդիպումների ցածր որակը, իսկական մարզական համառ պայքարի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ֆուտբոլիստների խաղամակարդակի վրա, որոնք եվրագավաթների մրցաշարերում դառնում են անօգնական, պարզ իրադրություններում կոպիտ սխալներ են թույլ տալիս: Արդյունքում Հայաստանի թիմերն այս տարի էլ անփառունակ ելույթներ ունեցան եվրոպական մրցաշարերում:

Բանը հասել է նրան, որ առաջնության աղյուսակի ստորին հորիզոնականներում հանգրվանած թիմերի հետ հանդիպումներում արդեն շատ ակումբներ արագորեն հագեցնելով իրենց գոլային ծարավը, խաղի մնացած ժամանակահատվածում պարզապես հրաժարվում են պայքարից, ակտիվ գործողություններից: Նման պարագայում, իհարկե, տուժում է եւ ֆուտբոլը, եւ ֆուտբոլասերը, որը դաշտ է գալիս լավ խաղի ականատես լինելու ակնկալիքով:

Ահավասիկ «Միկա»-«Դինամո» հանդիպումը: Հյուրերը, որոնք առաջին շրջանում բավական լավ տպավորություն էին թողել, այս խաղում ոչնչով չկարողացան իրենց դրսեւորել: Արդեն առաջին խաղակեսում 5 անգամ գրավելով «Դինամոյի» դարպասը, ընդմիջումից հետո «Միկայի» մարզիչներին դժվար էր իրենց ֆուտբոլիստներին տրամադրել պայքարի: Նույնը կարելի է ասել «Արարատ»-«Կոտայք» եւ «Շիրակ»-«Լոռի» թիմերի մրցավեճի մասին: Ընդհանրապես, շատ խաղերի ելքը կարելի է նախապես գուշակել, քանի որ բավական մեծ է թիմերի խաղամակարդակների տարբերությունը: Նման պայմաններում առաջնության հանդիպումների նկատմամբ ֆուտբոլասերների հետաքրքրության աստիճանն էլ նվազագույնի է հասնում: Այսպես դժվար է ֆուտբոլ զարգացնել հանրապետությունում:

Խաղերի արձանագրություններից

«Միկա-«Դինամո»ՙ 7-0 (5-0)

1-0ՙ Ա. Բուլանով (10), 2-0ՙ Դ. Գրիգորյան (12), 3-0ՙ Ա. Բուլանով (15ՙ 11 մ), 4-0ՙ Կ. Եղիազարյան (33), 5-0ՙ Դ. Գրիգորյան (36), 6-0ՙ Ա. Մարկոսյան (56), 7-0ՙ Վ. Կագրամանով (76):

«Արարատ»-«Կոտայք»ՙ5-1 (2-0)

1-0ՙ Է. Սաֆարյան (14), 2-0ՙ Ա. Սարգսյան (22), 3-0ՙ Ա. Մինասյան (49), 4-0ՙ Ա. Նիգոյան (59ՙ 11 մ), 5-0ՙ Ա. Փահլեւանյան (89), 5-1ՙ Լ. Փաչաջյան (90):

«Շիրակ»-«Լոռի»ՙ 6-1 (2-0)

1-0, 3-0ՙ Տ. Դավթյան (41, 45, 51), 4-0ՙ Ա. Հակոբյան (68), 4-1ՙ Ա. Մանվելյան (79), 5-1ՙ Գ. Մարգարյան (8), 6-1ՙ Ա. Հարությունյան (83):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4