Արմենտելի յուրաքանչյուր քայլին գործադիրը պատրաստ է պատասխանել արժանապատվորեն
Մինչ Արմենտելում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Վաղինակ Քոչարյանը մեզ համոզում էր, թե կապի, տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի համար Արմենտելի կողմից րոպեավճարի կիրառման մասին պահանջագիրը գրելիս հիմք է հանդիսացել դրա հակասությունը հեռահաղորդակցության օրենքին եւ պայմանագրով ներդրումային պարտավորություններին, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ պահանջի բուն հիմքն այդ չէ: Այդ մասին կառավարության ներկայացուցիչն ստիպված եղավ պարզաբանել միայն այն բանից հետո, երբ ԱԺ մի խումբ պատգամավորներ «ՀՀ հեռահաղորդակցության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով արտահերթ նիստ հրավիրելու պահանջ ներկայացրին: Այդ փոփոխությունը վերաբերում է օրենքի անցումային դրույթներում եւս մեկ 25-րդ կետ ավելացնելուն, ըստ որիՙ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղական խոսակցությունների համար րոպեավճար չկիրառել մինչեւ բաժանորդների համար հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հավասար իրավունքների ապահովումը եւ դրույքաչափերի ու սակագների խտրականության բացառումը»:
Իրենց այս նախաձեռնությունը համահեղինակ Արշակ Սադոյանը համարում էր միակ ճանապարհը գոնե 2-3 տարով հետաձգելու րոպեավճարի ներդրումը, քանի դեռ Արմենտելը հեռահաղորդակցության համակարգում չի կատարել իր պարտավորությունները: Սադոյանը գտնում էր, որ մինչ այդ հնարավոր կլինի նաեւ համապատասխան օրենք ընդունել եւ ոլորտից վերացնել մոնոպոլիան ընդհանրապես: Եվ մինչդեռ պատգամավորը պնդում էր, թե օրենքի ընդունմամբ որեւէ վտանգ չկա, որ Արմենտելը կդիմի միջազգային արբիտրաժային դատարան, արդարադատության նախարարը համոզված հակաճառեց, թե օրենքի ընդունման դեպքում ընկերությունը անպայման կդիմի միջազգային արբիտրաժ եւ շատ հավանական է, որ նաեւ կշահիՙ ստիպելով Հայաստանին փոխհատուցել կրած վնասների համար: Որպես փաստարկ նա վկայակոչեց ՍԴ-ի նույն «Հեռահաղորդակցության մասին օրենքի» 24-րդ հոդվածի սահմանափակության վերաբերյալ որոշումը, որտեղ նշված էր, որ օրենքը պարզապես չի կարող կիրառվել Արմենտելի դեմ, որովհետեւ այնտեղ խոսքը ոչ թե մոնոպոլիայի սահմանադրականության, այլ դրա պետական վերահսկողության եւ կարգավորիչ գործառույթների մասին է: Եթե օրենքն ընդունվի, Արմենտելը միջազգային արբիտրաժում կպնդի, որ իրեն թյուրիմացության մեջ են գցում հայաստանյան իշխանությունները, քանի որ նույն օրենքը վկայում է, որ Արմենտելի գործունեությունը օրենքին եւ սահմանադրությանը չի հակասում: Սակայն արդարադատության նախարարը եւս մեկ անգամ հաստատեց, որ կառավարությունը դեմ է րոպեավճարի կիրառմանը սեպտեմբերի 1-ից, եւ դա է վկայում Անդրանիկ Մանուկյանի հիմնավորված պահանջագիրը Արմենտելինՙ րոպեավճարը չկիրառել: Սակայն նախարարը խոսում էր ոչ թե 4 դրամ սակագնի, այլ 8 դրամի մասին, եւ ոչ թե կոնկրետ ժամանակահատվածով դադարեցնելու, այլՙ անորոշ ժամանակով, քանի դեռ Արմենտելը լիցենզիայի պահանջներին համապատասխան կառավարությանը պատշաճ կերպով չի դիմելՙ իր ձեռնարկելիք քայլերի մասին: Եվ քանի դեռ պատշաճ կերպով չի դիմել, րոպեավճար չի կիրառվի: Ըստ նախարարի, եթե վաղը կամ մյուս օրը ընկերությունն այնուամենայնիվ «պատշաճ կերպով» ներկայացնի տեղեկանքը, կառավարությունը, ելնելով նույն լիցենզիայի պահանջներից, ընկերությանը կներկայացնի իր առարկությունները, որոնք չընդունելու դեպքում Արմենտելը կարող է դիմել միջազգային արբիտրաժ, որին, ըստ Հարությունյանի, կառավարությունը պատրաստ է եւ կարող է արժանապատվորեն պաշտպանել իր շահերը: Թե կոնկրետ ի՞նչ միջոցներով, ի՞նչ փաստարկներով, նախարարն այդպես էլ չի պարզաբանում, թերեւս վախենալով, որ հակառակ կողմը կարող է դրան նախապատրաստվել: Սակայն նախարարի խոսքերից կարելի է կարծել, որ կառավարությունն իրադարձությունների նման շրջադարձի դեպքում շեշտը դնելու է լիցենզիայով իրեն իրավունք վերապահող այն դրույթների վրա, որոնք առնչվում են ընկերության կողմից տարվող սակագնային քաղաքականությանը: Հարությունյանը հպանցիկ ակնարկեց, որ լիցենզիան կառավարությանն իրավունք է վերապահում որոշակիորեն մասնակցել սակագների որոշմանն ի դեմս համապատասխան կարգավորիչ մեխանիզմներով օժտված էներգետիկ հանձնաժողովի: Սակայն դա միակ փաստարկը չի լինելու: Ինչպես պարզվեց, կառավարությունը հույսեր է կապում հենց րոպեավճարի ներդրմանն առնչվող որոշ նուրբ խնդիրների հետ, որոնք սակայն, չկոնկրետացվեցին:
Ամեն դեպքում մինչեւ այժմ ձեւավորված կարծիքը, թե րոպեավճարի կանխումը կարող է կապված լինել Արմենտելի կողմից ներդրումների լիովին չկատարման հետՙ հօդս ցնդեց: Դավիթ Հարությունյանը փոքրիկ շաղկապ անգամ չի տեսնում րոպեավճարի եւ չարչրկվող ներդրումների միջեւ, քանի որ ինքըՙ պայմանագիրն այս առումով շատ կոնկրետ է ներկայացված: Ըստ էության, առաջին պլան է մղվել առայժմ միայն կառավարություն-Արմենտել կապի աշխատակարգի մասին լիցենզիայով սահմանված դրույթը, որը կառավարությունն ավելի բարձր է համարում, քան Արմենտելի կողմից ընդունվող ցանկացած որոշում:
ԱԺ պատգամավորները կառավարության այս դիրքորոշումից իսկական շփոթության մեջ ընկանՙ այլեւս չկարողանալով չորը թացից զատել: Խորհրդարանի առաջ իսկապես շատ պատասխանատու պահ է. ի՞նչ անել: Եթե ընդունեն օրենքը, բայց կառավարությունը պնդի, որ դրանից ձախողվում են իր բոլոր պլանները, կամ ընդառաջեն գործադրին, իսկ արդյունքում պարզվի, որ վերջինիս ներկայացրած փաստարկները հիմնավորված չե՞ն: Ինչեւէ, արտահերթ նիստն ընդհատվեցՙ կապված Մ. Նահանգներում տեղի ունեցող ցնցող իրադարձությունների հետ: Վաղը իր տեսակետները կհայտնի ԱԺ համապատասխան ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ