«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


ԱՐՄԵՆՏԵԼԻ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ»

Մաթեմատիկայի անսասան հիմունքներից մեկը հազարամյակներով եղել եւ մնում է այն հասկացությունը, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Մարդկային հասարակության պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ այդ տարրական օրենքի անտեսումը հանգեցրել է ինչպես առանձին «նորարարների», այնպես էլ ամբողջ հասարակությունների փլուզման եւ աղետների: Ըստ երեւույթին, դրանց հետեւորդների շարքերը ձգտում է համալրել նաեւ Արմենտելը, որը հայ հասարակության մեջ ունի կայուն բացասական նկարագիրՙ կապված ինչպես իր ստեղծման մթին պատմության, այնպես էլ կենսականորեն կարեւոր կապի ոլորտում ներկայումս վարվող մենատիրական քաղաքականության հետ: Թվում է, բողոքները եւ գանգատները պետք է սթափեցնեին ընկերության ղեկավարությանը, նրա մեջ արթնացնեին կշտամբանքներին սպասարկման բարձր մակարդակ հակադրելու ձգտում, անթերի ֆինանսական քաղաքականություն եւ այլն: Բայց, ավա՜ղ, մեծ կոմբինատոր Բենդերի նման նա նախընտրում է «ավտովազքով հարվածել ճանապարհների բացակայությանը»: Ավելին, ոտնահարում է մաթեմատիկայի կանոնները:

Միջազգային կապի ծառայություններից օգտվող ամեն մարդ գիտե, թե որքան դժվար է ստանալ խոսակցությունների քանակին ու տեւողությանը վերաբերող ստույգ տվյալներ, որտեղ (ուշադրություն դարձրեք) գործում է րոպեավճարը: Փոստային բաժանմունքներում ամեն ամիս փակցնելով բաժանորդների պարտքերի ցուցակները, Արմենտելը, չգիտես ինչու, նրանց չի ներկայացնում միջազգային խոսակցությունների տվյալները: Դրանք կարելի է ստանալ միայն ընկերության կենտրոնական գրասենյակներից պահանջելով: Իսկ դա, ինչպես հայտնի է, պահանջում է հավելյալ գլխացավանք եւ ծախսեր: Ուստի, բաժանորդների գերակշիռ մասը նախընտրում է վճարելՙ տեղյակ չլինելով «խոհանոցային գաղտնիքներին»: Մինչդեռ արժեր չծուլանալ, վերցնել ստույգ տվյալները, եւ այդ դեպքում հետաքրքրասերների առջեւ կբացվեր հետազոտությունների ու ենթադրությունների հսկայական ասպարեզ:

Աչքի զարնող առաջին բանն այն է, որ Արմենտելը մաթեմատիկայի հետ այնքան էլ լավ չէ: Հստակ արձանագրված են տարեթվերը, րոպեները, վայրկյանները եւ նույնիսկ դրանց մասերը, ինչպես նաեւ սակագները, բայց վերջնական գումարի մեջ զարմանալի կերպով մշտապես ուռճացումներ են նկատվում: Օրինակ, դուք 2001 թ. մայիսի երեքին, ժամը 17-ն անց 18 րոպեին 0,14 րոպե խոսել եք բջջային կապի բաժանորդի հետ: Թվում է, թե 0,14-ը 82,3-ով (բջջային կապի սակագինը) բազմապատկելուց հետո պետք է ստացվի 11,5 դրամ: Բայց ոչ, ընկերության հաշվարկներով այդ թիվը, չգիտես ինչու, կազմում է 19,2 դրամ: Անփորձ բաժանորդը կարող է մտածել, թե հավելագրված 7,7 դրամը ավելացված արժեքի հարկն է: Սակայն Արմենտելը ավելացված արժեքի հարկը հավելում է ընդհանուր գումարին: Հաշվապահական եւ հաշվարկային լավագույն ծրագրերով հագեցած ժամանակակից համակարգիչները, որոնք գործում են Արմենտելում, դժվար թե հաշվել չիմանան: Դա կլիներ 3-րդ հազարամյակի սենսացիան:

Ընդամենը մեկ հաշվեթղթի վերլուծությունը ցուցադրում է հոմոսապիենսի (բանական մարդու) ակնհայտ շփոթությունը հաշվարկների ընթացքում: Մեր դեպքում 15157 դրամ ընդհանուր արժողությամբ 66 միջազգային հեռախոսազրույցների հաշվարկված գումարները մաթեմատիկայի օրենքներին չեն հակասել ընդամենը երկու անգամ: Արմենտելի «որոնումներին» կարելի է վերագրել նաեւ գիշերային սակագների համակարգի յուրօրինակ օգտագործումը: Գիշերային խոսակցության հաշվեթղթում, չգիտես ինչու, օգտագործված է... ցերեկային սակագին:

Միջին հաշվով Արմենտելը 66 հեռախոսազրույցներից յուրաքանչյուրի դեպքում հավելագրում է տասը դրամ եւ վերջին հաշվով ստանում 660 դրամ, այսինքն ամերիկյան մեկ դոլարից ավելի: Մաթեմատիկա սիրողներին առաջարկում ենք այդ հավելյալ դոլարը բազմապատկել ընկերության բաժանորդների թվով, որոնք հենց Արմենտելի գովազդի համաձայն 3 մլն-ից ավելի են, եւ կստանաք այդ հարգելի ընկերության ամենամսյա «ձախ» եկամուտը: Այս հաշվարկների լույսով նույնիսկ շատ հասկանալի է դառնում, թե ինչու Արմենտելը համառորեն պնդում է սովորական հեռախոսազրույցների րոպեավճար մտցնելը: Ընդսմին բերվող փաստարկներից մեկն այն է, որ րոպեավճարը կիրառվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Այստեղ կարելի է առարկել լոկ նրանով, որ ամբողջ աշխարհում նման համակարգը բացառում է հաշվարկների հետ կապված որեւէ աճպարարություն, իսկ իրավաբանական լեզվով ասած, բացառվում են հավելագրումները, ֆինանսական փաստաթղթերի կեղծումը: Քրեական օրենսդրությունը, հաշվապահական հաշվարկի ու հաշվետվության մասին օրենքը խստիվ պատժում են ֆինանսական փաստաթղթերի կեղծման համար: Մինչդեռ Արմենտելը ոտնձգություն է կատարում ոչ միայն քրեական օրենսգրքի, այլեւ մաթեմատիկայի օրենքների վրա: Նման չարաճճիություններով նա իր բաժանորդներին տգետների եւ ապուշների տեղ է դնում, իսկ դրան ոչ ոք չի համակերպվի: Վաղ թե ուշ մաթեմատիկայի աղճատման համար Արմենտելն ստիպված կլինի պատասխան տալ:

Է. ՍԱՀԻՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4