Երեկ առավոտյան բռնարարքի հետեւանքով սպանվել է ՀՀ վարչապետի խորհրդական, նրա վերահսկողության ծառայության պետ, պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանը: Նա ծանր մարմնական վնասվածքներ է ստացել Թումանյան 35 հասցեում գտնվող իր բնակարանից դուրս գալիսՙ դռանը կապված նռնակի պայթյունից: Մահը վրա է հասել պայթյունից շուրջ մեկ ժամ հետոՙ Երեւանի շտապօգնության հիվանդանոցում: Պայթյունից, ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղարը, վիրավորվել է նաեւ Գ. Պողոսյանի որդինՙ Խաչիկ Պողոսյանը: Երիտասարդի վնասվածքներն, ըստ մամլո քարտուղարի, թեթեւ են, նրա կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործՙ քրեական օրենսգրքի 99ՙ «Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն» հոդվածով: Բռնարարքի առնչությամբ որեւէ մեկնաբանությունից առայժմ հրաժարվեցին ե՚ւ ՀՀ քննչական մարմինները, ե՚ւ ՀՀ կառավարության մամլո քարտուղարը: Ինտերֆաքս գործակալությունը նշում է, թե, ըստ որոշ տեղեկությունների, Գագիկ Պողոսյանի սպանության պատճառ է դարձել նրա տնտեսական գործունեությունը: Հիշեցնենք, որ հանգուցյալը հայ-իտալական «Իմակ» ընկերության հիմնադիրն ու ղեկավարն էր:
Լ. Գ.