«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՈԼՈՐՏԸ ԿԱԽՎԱԾ ՉԷ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ

Թարմացվել է հեռուստառադիոյի օրենքը

Դեռեւս նոր է ընդունվել հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքը, սակայն արդեն այսօր փոփոխելու լուրջ կարիք է զգացվում: Ի սկզբանե լուրջ քննարկումների առարկա էր մասնավոր հեռուստառադիոոլորտի ազգային հանձնաժողովի աշխատանքների կարգին վերաբերող խնդիրը, ավելի կոնկրետ որոշումներ ընդունելու ընթացակարգը: Փոփոխությունների նոր նախագծով նախատեսվում է հանձնաժողովի նիստերը վավեր ճանաչել, եթե ներկա է բոլոր 9 անդամների երկու երրորդը, այսինքնՙ 6 հոգի, իսկ որոշումներն ընդունվում են ընդհանուր ձայների կեսից ավելիով, այսինքնՙ 5 ձայնով: Գործող օրենքով նիստը կարելի էր սկսել, եթե ներկա էին անգամ հանձնաժողովի երեք անդամներ, իսկ որոշումներ կարելի էր կայացնել ներկաների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Դրույթը բացասաբար կարող էր ազդել ողջ մասնավոր հեռուստառադիոոլորտի վրա, քանի որ հանձնաժողովի ընդունած որոշումը կարող էր ուժ ունենալ անգամ, երբ նիստին ներկա երեք անդամներից երկուսը կողմ են:

Բացի այս գործող օրենքի դրույթները, որոնք առնչվում էին հեռուստահաղորդումների պատրաստման ու հեռարձակման համար տրվող արտոնագրերին, եւս որոշակիորեն սահմանափակում էին ԶԼՄ-ների ազատության շրջանակները: Եթե հեռարձակման համար արտոնագիր տալը հասկանալի է, ապա ոչ մի բացատրություն չուներ, թե ինչու, ասենք, հաղորդում պատրաստող լրագրողը կամ օպերատորը նկարահանումներ կատարելիս պետք է պարտադիր արտոնագիր ունենա: Դա լուրջ լծակ կարող էր դառնալ չինովնիկների համար լրատվամիջոցներին մշտապես կախման մեջ պահելու համար: Ըստ փոփոխությունների նախագծի հեղինակ Շավարշ Քոչարյանի. «Հետեւաբար ընդհանրապես վերացրեցինք հեռուստառադիոհաղորդում պատրաստելու համար արտոնագիր հասկացությունը: Լրագրողն ազատ է ցանկացած նյութ նկարահանել, հավաքել, տեսագրել: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, այն կրում է հրապարակողը եւ հեռարձակողը»:

Հեղինակի խոսքերովՙ այս փոփոխության հիմնական նպատակն է «ավելի հստակեցնել եւ արմատականացնել այդ ոլորտը եւ հատկապես հարաբերություններն այդ հանձնաժողովի (որը բաշխում է հաճախականությունները եւ ոլորտի ընկերությունների աշխատանքը) եւ հեռուստաընկերությունների միջեւ»:

Ի դեպ, օրենքի մեկ այլ դրույթ արժանացել է Եվրախորհրդի համապատասխան մասնագետների բացասական վերաբերմունքին: Եվ քանի որ ԵԽ-ն Հայաստանի առաջ, որպես առաջնահերթ պահանջ, դրել էր ԶԼՄ-ների մասին օրենսդրության կատարելագործումը, պահանջել է վերանայել օրենքի այն կետը, ըստ որի հանրային հեռուստառադիոյի խորհուրդը յուրաքանչյուր տարի խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացներ տարեկան ծրագրերը: Հիմնավորումն այն էր, որ այդ դրույթը կաշկանդում էր հանրային հեռուստառադիոոլորտի ազատ գործունեությունը: Սակայն ինչպես հավաստեց Շ. Քոչարյանը, մինչ ԵԽ-ի կողմից առաջարկը կստացվեր, իրենք արդեն փոփոխության նախագիծ էին պատրաստել:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4