«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՏԼԱՍՙ ԽԱՅՏԱՌԱԿ ՈՒ ԱՄՈԹԱԼԻ ՍԽԱԼՆԵՐՈՎ

Հրատարակություն, որը ստվեր է գցում ոչ միայն տոնակատարության, այլեւՙ երկրի հեղինակության վրա

Եվ այսպեսՙ ուշադրությո՚ւն, սուր զգացողությունների սիրահարներինՙ եթե ուզում եք մոլորվել Հայաստանի ճանապարհներին ու Երեւանից դուրս գալով հայտնվել մի որեւէ անմարդաբնակ կիրճում կամ Լոռի գնալով իջեւանել Կարմիրում, հանդիպել բազմաթիվ արկածների ու զավեշտական իրավիճակների, խորհուրդ ենք տալիս անմիջապես գնել «Հայաստանի ու Արցախի ճանապարհների ատլասն» ու ճամփա ընկնել:

Այս «ատլասի» հեղինակները ջանք ու եռանդ չեն խնայել, որ արտասահմանցի տուրիստն իրեն զգա ոչ թե Հայաստանում, այլ ինչ-որ մի խորհրդավոր ու անհասկանալի երկրում կամ, ասենքՙ Զիմբաբվեում: Առաջին իսկ էջում հրատարակչիՙ «ՀՀ կրթության ու գիտության նախարարության «Էկրան» ՓԲԸ-ի, անգլերեն թարգանությունը հետեւյալն է. «Ekran» JSC of the Ministry of Education and Sciemce of PA»: Կարծում ենք, անգլերեն չիմացող ընթերցողը նույնիսկ կնկատի ճչացող սխալը, քանի որ բոլորին է հայտնի, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն հապավված կոչվում է RA, իսկ այդ լեզուն քիչ թե շատ իմացողները գոնե գիտեն, որ գիտությունը փոքրատառով «science»-ն է: Ինչ վերաբերում է ատլասի բավականին խոստումնալից վերնագրի անգլերեն թարգմանությանը, ապա այստեղ «routes»-ը (ուղիներ) չգիտես ինչու դարձել է «foutes»: Բառ, որն անգլերենում գոյություն չունի: Ընդհանրապես, «շնորհիվ» գրքի հեղինակների («հեղինակ» բառի անգլերեն «auther»-ն էլ դարձել է մեծատառով «Autor») անգլերենը «հարստացել է» նոր բառերով եւ ուղղագրությամբ. օրինակՙ «Neighbourins», «reservoirs» կամՙ «State boundaryes»: Ատլասի պայմանական նշանների ցանկում (նշանի «sign» ձեւն էլ դարձել է «sighs») հանկարծ պարզում ենք, որ Հայաստանն ունի մի քանի մայրաքաղաքներ, մայիսի մեկը բարեկամության oրն է (ընդ որումՙ բարեկամության թարգմանությունն է «Friendslup»), կամ որ ՀՀ «փողային միավորը հանդիսանում է դրամը», իսկ «քրիստոնեական տոները այստեղ նշվում են հանդիսավորությամբ»: Ընդ որում, եթե փորձենք համեմատել ատլասի հայերենի ու անգլերենի, մասնավորապեսՙ թարգմանչի իմացության մակարդակները, ապա անկեղծորեն պիտի արձանագրենք, որ դրանք չեն զիջում միմյանցՙ անգրագիտության մակարդակով: Եթե հրատարակիչները չգիտեն, որ հյուրանոցների կամ ընկերությունների անվանումները չակերտների մեջ են գրվում, կամ որ ՄԱԿ-ը հապավում է եւ գրվում է մեծատառերով եւ այլն, ապա բոլորովին էլ չպետք է զարմանալ սխալ, բառացի թարգմանությունների, տառասխալների, բացթողումների ու այլեւայլ անհեթեթությունների վրա, զորօրինակՙ բենզալցման կայանները դարձել են «Auto filling stations» («petrol կամ gaz stations»-ի փոխարեն), դիզայներըՙ «Desian» («design»-ի փոխարեն): Սակայն, ատլասում տեղ գտած անհեթեթությունների գլուխգործոցը, «Presidental Respiblic»-ն է, որը հայերենով մոտավորապես հնչում է այսպեսՙ նախագահաատամնային հանրապետություն:

Վերոհիշյալը միայն սխալների ցուցակի մի մասն է, ընդ որումՙ միայն առաջին 3-4 էջի, եւ ընդ որումՙ ատլասի միայն, այսպես կոչված, բովանդակային նկարագիրը: Ինչ վերաբերում է ձեւին, ապա այստեղ արդեն հրատարակիչները «փայլել են» ոչ միայն բացառիկ «գրագիտությամբ», այլեւՙ «ճաշակով»:

Ինչպես այս տարի ամեն մի արժանի ու անարժան միջոցառում ու նախաձեռնություն, ատլասը եւս նվիրվել է Հայաստանում քրիստոնեությունը իբրեւ պետական կրոն ընդունելու 1700-ամյակին («ընդունել» բառն, ի դեպ, ատլասի անգլերենով դարձել է «adoplng»), թեեւ ավելի ցանկալի կլիներ, որ հրատարակիչները ժլատություն անեին ու իրենց մտքի արգասիքով չստվերեին առանց այն էլ բազմաթիվ նման անհեթեթ միջոցառումներով ու նախաձեռնություններով ստվերված այդ կարեւոր պետական-հոգեւոր տարեդարձը: Ատլասի երկրորդ էջում գրաբարյան «Էջ Միածինն ի ՀօրԷ»-ն է, երրորդ էջումՙ հրատարակիչների անունները, որոնցից մի քանիսը կարծում ենք արժե հրապարակելՙ Ռոմիկ Հովհաննիսյան («Էկրան» ՓԲԸ տնօեն եւ... «Autor»), Մերուժան Ասլանյան (խմբագիր), Վաչագան Ավետիսյան (քարտեզագիր), եւ վերջապեսՙ Արամ Ամիրխանյան (թարգմանիչ): Չորրորդ էջում չգիտես ինչու հեղինակները որոշել են տուրիստներին անգիր անել տալ Հայաստանի հիմնըՙ հայերենով ու անգլերենով, անճաշակ ձեւավորմամբ, իսկ մի քանի էջ այն կողմ դարձյալ հայերենով (նույնըՙ անգլերեն տառերով) անգիր անել «Հայեր միացեք»-ն ու «Էրեբունի Երեւանը» (որի հայերեն տարբերակում, երեւի, խափանվել են համակարգչի կետադրական նշանների ստեղները): Իսկ քարտեզնե՞րը... որ էջում որ ավարտվում են ճանապարհային նշանները, նշանակում է, ճամփորդողն ուղղակի պետք է շվարած կանգ առնի, որովհետեւ հաջորդ էջում ստիպված է հայտնվել բոլորովին այլ տեղանքում:

Ճանապարհային ատլասները, որպես կանոն, լինում են պատկերավոր, պրակտիկ, հեշտ գործածականՙ կարդալու, ծանոթանալու ու տեղափոխելու համար, դրանք բառարանների նման «գրպանի գրքեր» են: Կարծում ենք ավելորդ է այդ իմաստով բնութագրել մեր քննության առարկա ատլասը: Անճոռնի, անտեսք, անշուք ու չգիտենք էլ ի՞նչ մակդիրներով համեմենք այս հրատարակությունը, որը, ինչպես տեղեկացանք, հրատարակված է պետական միջոցներով: Սակայն ձեռներեց հրատարակիչները կարողացել են ատլասը «համեմել» մի քանի ընկերությունների գովազդներով: Մեր ունեցած տեղեկություններով, ատլասում գովազդված ընկերություններից մեկը, ստանալով ատլասի օրինակն ու ծանոթանալով վերջինիս, չցանկանալով որեւէ առնչություն ունենալ այդ «խայտառակ անգրագետ ու անիմաստ հրատարակության հետ», պահանջել է անհապաղ վերադարձնել գովազդի համար վճարված գումարը: Ընկերությունում (անունն իրենց խնդրանքով չենք նշում) բացատրում են, որ իրենց համար «կարեւորը գումարը չէ, այլՙ իմիջը». «Էկրանի» հետ կնքված պայմանագրով ոչ միայն խախտվել է հրատարակության ժամկետը (2001 թ.-ի հունվարի փոխարենՙ օգոստոս), այլեւ կոպիտ ձեւով խախտվել է բարձրակարգ ու գունավոր տպագրության պայմանը:

Տեղեկացնենք նաեւ, որ ատլասը լույս է տեսել 1000 տպաքանակով (փառք Աստծո, որ ավելի մեծ չէ տպաքանակը), հրատարակիչըՙ ՀՀ գիտության ու կրթության նախարարության «Էկրան» ՓԲԸ-ն է, սակայն տպագրվել է Հալեպի «Վարդան Սրապյան Պարգ» (՞) անվամբ տպարանում: Ինչո՞ւ Հալեպում, ինչքա՞ն պետական միջոցներ են ծախսվել, ի՞նչ սկզբունքներով են ընտրվել ատլասի հրատարակչության «մասնագետները», ուրիշ ի՞նչ գրքեր է տպագրել վերոհիշյալ ՓԲԸ-ն: Հարցեր, որոնք պատասխան են պահանջում, եւ որոնց խոստանում ենք հետամուտ լինել մինչեւ վերջ:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4