«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդությունը կազմակերպել է սիմպոզիում «Հայաստանյան ազգային եկեղեցու առաջացումն ու զարգացումը» թեմայով, որը կայանալու է շաբաթՙ սեպտեմբերի 15-ին, «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնի» եւ «Կոլումբիա համալսարանի հայկական կենտրոնի» հովանավորությամբ, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Հանդիսավար Միքայել Հարությունյանի եւ հեղինակավոր գիտնականների մասնակցությամբ մեկօրյա գիտաժողովը քննարկելու է Հայաստանում քրիստոնեական հավատի պատմության զարգացումը: Առավոտյան նիստը, որը նախագահելու է դոկտ. Նշան Փարլաքյանը, բաղկացած է լինելու չորս զեկուցումից: Դոկտ. Ռոբերտ Հյուսենը զեկուցելու է «Հռոմեացի կայսրը եւ Տրդատ Մեծը: Դարձի պատմության ժամանակագրություն» թեմայի շուրջ: Այնուհետեւ դոկտորներ Ջեյմս Ռասելը, Լեւոն Ավդոյանը եւ Աբրահամ Տերյանը զեկուցելու են համապատասխանաբար «Ընտիր թեմաներ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ից, «Վաղ հայկական տեսակետը աշխարհիկ կյանքի մասին» եւ «Վաղ հայկական փիլիսոփայությունը» թեմաների շուրջ: Ցերեկային նիստի ժամանակ, որը նախագահելու է դոկտ. Ինա Բաղդիանց-Մքկաբեն, լսվելու են դոկտ. Սերջիո լա Պորտայի «Մեծ Հայքի վանական համալսարաններում ինտելեկտուալ ավանդույթների առաջացումը», դոկտ. Ռոբերտ Պետրոսյանի «Զաքարյանների վերածնունդը», դոկտ. Վազգեն Ղուկասյանի «Մովսես Տաթեւացին եւ հայկական եկեղեցու վերազարթոնքը 17-րդ դարում», դոկտ. Գեւորգ Պարդակչյանի «18-րդ դարի վերածնունդը» եւ դոկտ. Վրեժ Ներսիսյանի «Հայկական աստվածաբանության թեմաներն ու մտահոգությունները 20-րդ դարի առաջին կեսին» զեկուցումները:

Երկու նիստերը, որոնք տեղի են ունենալու Նյու Յորքի 630 Սեքընդ ավենյու հասցեում գտնվող սփյուռքի կենտրոնի Վի դահլիճում, ավարտվելու են միժամյա հարցուպատասխանի հնարավորություն տալով ներկաներին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4