«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 11-ին Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության կառավարական պատվիրակությունըՙ առեւտրի նախարար Շարիաթ Մադարիի գլխավորությամբ: Այցի շրջանակներում իրանցի պաշտոնյաներին եւ գործարարներին նույն օրն ընդունեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Կարեւորելով հայ-իրանական տնտեսական կապերի սերտացման անհրաժեշտությունը, Կ. Ճշմարիտյանը նշեց, որ երկու երկրների փոխհամագործակցությունը հետագայում կարելի է ավելի խորացնել առեւտրի, արդյունաբերության, զբոսաշրջության, շինարարության եւ տրանսպորտի ոլոտներում, ինչպես նաեւ մասնավորեցման գործընթացներում: Ըստ նախարարի, ներկայումս երկկողմ համագործակցություն է հնարավոր նաեւ կիրառական, տեխնիկական գիտությունների բնագավառներում, միջազգային կազմակերպություններում եւ այլն:

Իր հերթին Իրանի առեւտրի նախարարը երկու երկրների համագործակցության հետագա սերտացման առումով կարեւորեց օրենսդրական դաշտի կատարելագործման, բանկային համակարգերի համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Ըստ Շարիաթ Մադարիի, հրատապ հարց է նաեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի խթանման, ներդրումների պաշտպանության, սակագնային համաձայնեցված քաղաքականության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը:

Սեպտեմբերի 12-ին իրանական պատվիրակությանը կընդունեն նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Սեպտեմբերի 13-ին պատվիրակությունը կվերադառնա Իրան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4