«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


ՎԱՃԱՌՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի կառուցման համար նախատեսված երկրորդ հողատարածքի վարձակալության իրավունքի վաճառքը: Հիշեցնենք, որ աճուրդն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անունից Երեւանի քաղաքապետարանի կողմից, իրականացումը հանձնարարված է «Հարությունյան եւ գործընկերներ» իրավաբանական գրասենյակին: Աճուրդին մասնակցելու համար երեք հայտ էր ներկայացվել: Ըստ աճուրդի կանոնների, 3 փակ ծրարների համեմատության ձեւով առաջին փուլում հաղթող ճանաչվեց 070 համարն ունեցող մասնակիցը:

Երկրորդ փուլում հաղթող չճանաչվեց, եւ մեկնարկային գինը մնաց նույնը: Երրորդ փուլի, այսինքնՙ աճուրդի հաղթող մեխանիկորեն ճանաչվեց 070 համարի մասնակիցըՙ ձեռք բերելով 1200 քմ հողատարածքի վարձակալության իրավունքըՙ մեկ քառ. մետրի համար վճարելով 536 ԱՄՆ դոլար, այսինքնՙ մեկնարկային գինը: Մինչ քաղաքապետարանի դահլիճում տեղի էր ունենում աճուրդը, շենքի առջեւ հավաքված ապագա Հյուսիսային պողոտայի բնակիչներն իրենց վրդովմունքն էին հայտնում աճուրդի վերաբերյալ: Նրանք պնդում են, որ կատարվող աճուրդն ի սկզբանե հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը: Բնակիչների սեփականությունը հանդիսացող տարածքները վաճառվում են առանց նրանց համաձայնության: Ծագած խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին եւ ստացանք հետեւյալ պատասխանը:

«Վաճառվել է ոչ թե բնակչի հողատարածքն ու գույքը, այլ ընդամենն այդ հողատարածքների վարձակալության իրավունքը: Բնակիչների բողոքները պարզաբանում եմ այն հանգամանքով, որ նրանք չունեն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը չի տրվել մի պարզ պատճառով. մենք ինքներս չգիտեինք, թե ինչ գնով կվաճառվի այդ տարածքների վարձակալության իրավունքը: Արդեն կարող եմ ասել, որ աճուրդի արդյունքները գերազանցում են մեր սպասելիքները: Այսօրվանից Հյուսիսային պողոտայի ծրագրի իրագործման գրասենյակը եւ Կենտրոն թաղապետարանը կսկսեն ակտիվորեն աշխատել բնակիչների հետՙ նրանց տարածքի եւ գույքի արժեքը ճշտելու նպատակով: Կգործի մեխանիզմ, որը թույլ կտա, որպեսզի բնակիչներն իրենք կարողանան հաշվարկել իրենց տան արժեքըՙ կախված գտնվելու կոնկրետ վայրից, տարածքից, ֆիզիկական վիճակից: Փոխհատուցումը կկատարվի Երեւան քաղաքում գործող շուկայական գներով, դեռ մի բան էլ ավելի: Հաշվի կառնվի նաեւ սոցիալական գործոնը, այսինքնՙ եթե խարխուլ տան մեջ ապրող բնակչի տան արժեքն այնքան է, որ թույլ չի տալիս 1 սենյականոց բնակարան գնել, նրան կտրվի հասանելիք գումարից ավելին: Ոչ սեփականատերերին տրվող փոխհատուցման կարգն այնպիսին է, ինչպիսին սեփականատիրոջըՙ ըստ զբաղեցրած հողամասի չափի, շինության ֆիզիկական վիճակի:

Մենք չենք ցանկանում բնակիչների հետ խնդիրներ ունենալ, եւ այս աճուրդը դրա վկայությունն է, քանի որ արդյունքներն ավելի լավն են, քան մենք էին ակնկալում: Եթե բնակիչների հետ համաձայնության գանք, գործընթացը կկատարվի շատ արագ»:

Ինչեւէ, պատասխանատու պաշտոնյան հավաստիացնում է, թե անհանգստություններն անհիմն են, սակայն բնակիչների կարծիքով կատարվողը մոտավորապես այսպիսի պատկեր ունի. իրական երաշխիքներ տալու փոխարեն իրենց ասում են, թե ամեն ինչ լավ կլինի:

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4